Առավելագույնը տուժել են երեխաները

25/01/2011

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության կողմից 2009թ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի հրապարակումն այնպիսի ցնցող պատկեր է ունեցել, որ նույնիսկ «Յունիսէֆ» միջազգային կազմակերպությունն է մտահոգություն հայտնել Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն` 2009թ. Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ է, մինչդեռ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ: «Մանկական աղքատության մասին նոր տվյալները չափազանց մտահոգիչ են: Ակնհայտ է, որ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից առավելագույնը տուժել են երեխաները: Այս իրավիճակը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ թե՛ երեխաների, քանի որ նրանք կարող են զրկված լինել իրենց հիմնական իրավունքներից, եւ թե՛ երկրի ընդհանուր զարգացման վրա»,- նշել է «Յունիսէֆի» ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Ի դեպ, ուսումնասիրության համաձայն` ծայրահեղ աղքատ երեխաների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Լոռվա մարզում` 9 տոկոս, մինչդեռ ընդհանուր մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են: Իսկ ահա ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը 2011թ. նախարարության գերակա չորս խնդիրներից մեկը համարում է մանկատների բեռնաթափումը: Օրինակ` Ա. Գրիգորյանն օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել է, որ պետությունն այնպիսի քաղաքականություն է որդեգրել, ըստ որի` խստացվելու է երեխային մանկատուն ընդունելու պայմանները: Մինչդեռ, նշենք, որ երեխաներին մանկատուն հանձնելու քայլը ծնողների կողմից հիմնականում բացատրվում է նրանց սովից պաշտպանելու հիմնավորմամբ: Այնպես որ, երեխային մանկատուն հանձնելու կարգը խստացնելու եւ մանկատները բեռնաթափելու սոցապ նախարարի ծրագիրը կարող է հաջորդ տարվա համար աղետալի ցուցանիշներ գրանցել: Ստացվում է, որ պետությունը հիմնավորապես «ձեռքերը լվանում» է աղքատ ընտանիքների երեխաների սոցիալական պաշտպանության հարցում, քանի որ մանկատուն չընդունելու դեպքում երեխային կենսաբանական ընտանիքում պահելու համար այլընտրանքային աջակցություն չի առաջարկվում: