«Բանակում գոնե Հայրենիքի համար պիտանի կլինեմ»,- ասում է Արտաշատի բնակիչ Ռուդիկը

25/01/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վատ լսողության պատճառով Անժիկ տատը փորձում է մարդկանց շուրթերի շարժումները որսալով հասկանալ, թե ինչ խոսակցություն է ծավալվում: Չի ընկալում… «Աշխարհի անց ու դարձից» ետ մնալու, ծերությանը հատուկ չլսելու բարդույթից բարկանում է: Երեխայի նման լուռ, անխոս ու խեղճացած հայացքն ուղղում է դեպի պատուհանը: Լարվում է, երբ փորձում է ուրիշների անձայն շարժումներից գլխի ընկնել, թե մարդիկ ինչ են խոսում: Հարցնում եմ. «Տա՛տ, ո՞նց ես ապրում»: Գլխով հասկացնում է, որ չի լսում, ու հայացքով գալիս է դեպի ինձ։ «Ասում եմ` ո՞նց ես ապրում»,- բղավում եմ: Կրկին չի լսում, բայց դեմքի արտահայտությունը մատնում է, որ ծանր լսողության պատճառով նրան վաղուց հարց տվող չի եղել, ու շատ է ուզում հասկանալ` ինչ եմ ասում: «Ա՛յ կնիկ, ասում ա` ո՞նց ես ապրում, կյանքից գո՞հ ես, վաայ»,- Անժիկ տատի՝ բառիս բուն իմաստով ականջի մեջ ճչում է հարսը` Մարիետան: Անժիկ տատը կծկվում է ինքն իր մեջ ու նստած տեղը ետ-ետ է գնում` հասկացնելու համար, որ իրեն պետք չեն մեր ջղագրգիռ, անհանդուրժող հարցերը: Հասկանում է, որ խոսքն իրեն լսելի դարձնելու համար մեկը նյարդայնանում է, մյուսը ծիծաղում, իսկ երրորդն էլ ուզում է հետը զրուցել, բայց չի ստացվում: Վիրավորվում է ոչ թե բղավոցից, այլ հարսի նյարդային ու բան բացատրելու անզոր հայացքից: Անգամ ականջի մեջ բղավելով հարցը տեղ հասցնելու փորձերն ապարդյուն են: «Էէէէէ~հհհհ»,- դառնացած, ծանր հեւում է 80-ամյա ծեր կինը, ում վարքագիծը վկայում է, որ տանն ինքն իրեն ավելորդ է զգում: Եթե որդու չորս երեխաները չքավորությունից պաշտպանված լինեին, գուցե ծերության թոշակով գնար բժշկի եւ լսողության հետ կապված խնդիրների համար ինչ-որ լուծում գտներ, բայց… Բայց ամեն ամիս չորս երեխաների հայր որդին մի կտոր հաց գնելու հարցով ստիպված դիմում է մորը:

Արտաշատի բնակիչներ Մարիետայի ու Մանվելի տան սառը, մռայլ մթնոլորտը լուսավորվում է, երբ ցրտից կապտած, սրթսրթալով ներս է մտնում նրանց որդին` Ռուդիկը: Ժպտերես ու չափազանց դրական էներգիայով այս տղան կարծես այն ընտանիքից չէ, որտեղ բոլորը դժգոհ ու հոգնած են: Ասում է` «Էնքան անհամբեր եմ, թե երբ պիտի բանակ գնամ: Կարելի ա ասել` երազում եմ էդ մասին, ինձ համար կարեւոր ա ծառայությունը»: Ռուդիկի անկեղծ խոսքերից զարմացած՝ ասում եմ` «Բոլորը խուսափում են, իսկ դու երազո՞ւմ ես»: «Հա՛, հա՛, ճիշտ եմ ասում, օրերն եմ հաշվում: Որ էստեղ եմ` ի՞նչ: Ոչ սովորում եմ, ոչ աշխատում եմ: Մի բանով չեմ կարում ծնողներիս հոգսը թեթեւացնել: Բանակում գոնե հայրենիքի համար մի բան կանեմ, պիտանի կլինեմ»,- ոգեւորված իր ծրագրերը նկարագրում է 16-ամյա Ռուդիկը, ում խոսքերին մի տեսակ թախիծով հետեւում է եղբայրը` 19-ամյա Ռաֆիկը: Տան ավագը` Ռաֆիկը, ազատված է զինվորական ծառայությունից: «Ինքը համարվել ա նիգոդնի: Քաշը պակաս ա, տարիքին անհամապատասխան փոքրություն ունի»,- ասում է մայրը: Ռաֆիկը թեեւ ընտանիքի միակ աշխատողն է, այդուհանդերձ, շուտով աշխատանքից կազատվի: Լիմոնադի արտադրությունում է աշխատում. «Դե՛, ամբողջ օրը ջրերի, խոնավության մեջ եմ կանգնում, դրա համար ոտքերս սկսել են ցավալ: 15.000 դրամ աշխատավարձ եմ ստանում: Հիմա բանվորության ուրիշ գործ եմ ման գալիս, թե չէ` առողջությունս 15.000-ի համար վարի ա գնում»,- ասում է նա, ում խոսքերին միջամտելով՝ մայրը` Մարիետան, նշում է, որ եղած աշխատանքն էլ մշտական չէ: Կանչում են, երբ գործ է լինում: Ընտանիքի հայրը` Մանվելը, նախկինում Արտաշատի փոստում աշխատում էր որպես հեռախոսների մեխանիկ, սակայն ոտքը կոտրելուց հետո երկար ժամանակ բացակայել է. «Դա պատճառ դարձավ, որ աշխատանքից ազատեն»: Մանվելը հաստ ծածկոցներով փաթաթված պառկած է բազմոցին:

«Հիվանդ ա»,- ասում է Մարիետան: Ընտանիքում բոլորը մի տեսակ զուսպ ու քչախոս են: Ռուդիկն անընդհատ ձեռքերի ափերով փորձում է գրկել վառարանն ու փայտացած մատները «ետ» բերել: Չի նկատում, որ կրակը վաղուց մարել է, ու վառարանի թիթեղը նույնքան սառն է, որքան իր ձեռքերը: Մարիետան նախընտրել է իր երեք երեխաներին ութերորդ դասարանն ավարտելուց հետո հանել դպրոցից: Ասում է` «Շատ էի ուզում կրթություն ստանան, գրագետ մարդիկ դառնան: Բայց չէինք հասցնում, ի՞նչ անենք: Գրքերի, ֆոնդի փող, էլ չեմ ասում՝ գրենական պիտույքներ, հագուստ եւ այլն: Ստիպված երեքին էլ ութից հանել ենք: Աղջիկս շատ ծանր տարավ, որովհետեւ ուզում էր կրթություն ստանալ, բժշկականում սովորել, բայց…»: Հերմինեն թեեւ երազում էր բժշկուհի դառնալու մասին, այդուհանդերձ, այսօր տանը նստած՝ ընտանիքի կենցաղային աշխատանքներով է զբաղվում: Ասում է` «Կուզեի մի բան սովորել, թե չէ` էսպես… Բժիշկ չդարձա, բայց գոնե մի ուրիշ բան, ասենք` վարսավիրություն սովորեի: Դրա հնարավորությունն էլ չունենք»: Երեխաներից ամենափոքրը` 10 տարեկան Լուսինեն, հարվածային է, բայց ծնողներին խոստանում է գերազանցիկ դառնալ միայն մեկ պայմանով` «Որ մինչեւ վերջ սովորեմ, ութից դուրս չգամ»: Լուսինեն նույնպես երազում է բժշկուհի դառնալու մասին, բայց ուզում է վստահ լինել, որ դպրոցական ծախսերի պատրվակով ծնողները չեն ստիպի լքել դպրոցը: Նա ծնողների հետ նույնիսկ պայման է «կնքել». գերազանցիկ կլինի միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ իր ջանքերն իզուր չեն: Մայրը` Մարիետան, վստահեցնում է, որ բազմանդամ իր ընտանիքը գոյատեւում է 30.000 դրամ ընտանեկան նպաստով, որից շուտով կզրկվեն` երեխաների չափահաս լինելու պատճառով: Նպաստը ստանալուն պես անմիջապես խանութներում ունեցած պարտքերն են մարում: 22.000 դրամ էլ Անժիկ տատի թոշակն է: «Շատ նեղված ենք, ոչ մի բան չենք հասցնում: Երբ մի կտոր հացի խնդիր կա` չես մտածում մյուս բաների մասին, բայց ոչ բաղնիք ունենք, ոչ հնարավորություններ… Գազ քաշել ենք, բայց չենք վառում, որ փող չգրի, չենք կարում վճարենք: Փետ-մետ ենք ճարում-վառում»,- ասում է տիկին Մարիետան` ավելացնելով, որ գործազրկությունը «սպանում» է միանգամայն առողջ մարդկանց. «Եթե աշխատանք լինի` շատ լավ կապրենք, որովհետեւ մենք աշխատասեր մարդիկ ենք, բայց չկա»: Ռուդիկը ժպտալով ասում է` «Գիտե՞ս, մեր մոտ թատրոն կա: Էնպես չի, որ Արտաշատում ջահելների համար կյանք չկա. Չէ, կա, բայց փող չունենք, որ տոմս առնենք, գնանք: Էնքան կուզեի թատրոն գնալ: Մեկ ուզում եմ բանակ գնալ, մեկ էլ` բանակ գնալուց առաջ թատրոն գնալ»: Արտաշատ քաղաքի գործազրկության պայմաններում ամենուր կարելի է տեսնել բակերում խմբված երիտասարդ տղաների: Ասում են` պարապությունից երիտասարդները մշտապես խմբվում են, ու հաճախ նրանց խոսք ու զրույցն ավարտվում է վիճաբանություններով ու հանցագործություններով: «Մեզ մոտ ամեն իրիկուն կրակոց ու մի կրիմինալ դեպք լինում ա»,- ասում է Արտաշատի բնակիչ մի երիտասարդ` վստահեցնելով, որ ոմանք փախչում են ռուսաստաններ, ոմանք էլ` հայտնվում են բանտերում: