«Օբշչակի» պակասուրդի հետեւանքո՞վ

25/01/2011

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ստավրոպոլի տներից մեկում օրեր առաջ իրականացված 8 անձանց սպանությունը կապված է հանցավոր «օբշչակի» պակասուրդի հետ։ Ըստ նույն աղբյուրների, դա առնչվում է ամիսներ առաջ Կուշեւսկայա ավանում տեղի ունեցած 12 մարդկանց սպանության հետ: Քրեական աշխարհի անանուն ներկայացուցիչները թերթի լրագրողներին հայտնել են, որ կուշեւյան հանցավոր խմբավորման ջախջախումը եւ Կուբանում քրեական աշխարհի դեմ իրականացվող արշավը հանգեցրեցին նրան, որ Ռուսաստանի հարավային այլ շրջաններում գտնվող հանցագործների կապն իշխանությունների հետ խզվեց: Իրավապահ մարմինների կոռումպացված աշխատակիցները սկսել էին վախենալ հանցագործներից գումար վերցնելուց: Այդ կապը վերականգնելու համար հանցագործները ստիպված են եղել մեծացնել կաշառքի չափը, ինչն էլ իր հերթին բացասաբար էր ազդել «օբշչակների» վրա: Ստավրոպոլում «օբշչակին» հետեւում էր հենց ինքը` Վլադիմիր Սլիզաեւը: Թերթի զրուցակցի խոսքով` առավել «բարձրաստիճան» հանցագործները համարել էին, որ Սլիզաեւն իր պարտավորությունները ստեղծված իրավիճակում բավարար չափով չի կատարում, ուստի որոշում էր կայացվել նրան սպանել: Իսկ «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` որոշ փորձագետների կարծիքով՝ սպանության հետեւում կանգնած են 1999թ. ի վեր Ստավրոպոլում եւ Չերքեզիայում գործող Վալերի Պոպովի հրոսակախմբի մնացած անդամները: 2010թ. այդ հրոսակախմբի 15 ենթադրյալ անդամներից 6-ը դատվել են, ընդ որում` Պոպովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մյուս 3 անդամներն արդարացվել են, իսկ 6-ը գտնվում են հետախուզման մեջ: Թերթի աղբյուրների կարծիքով՝ հենց նրանք են սպանել Սլիզաեւին` ազդեցությունների քրեական ոլորտները վերադասավորելու համար: Այնինչ հետաքննության հիմնական պաշտոնական վարկածը կողոպուտն է: Ըստ հետաքննության` սպանության գլխավոր նպատակը եղել է Սլիզաեւի տունը թալանելը: Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ` Սլիզաեւը զբաղվել է թմրաբիզնեսով, սակայն որոշ ԶԼՄ-ներ էլ հերքում են այդ լուրերը` նշելով, թե Սլիազաեւը նախկինում թմրամոլ է եղել, բայց երբեք թմրանյութերի վաճառքով չի զբաղվել:

Հավելենք, որ հունվարի 21-ին Ստավրոպոլի տներից մեկում դաժանաբար սպանվել էին գործարար, օրենքով գող Սլիզաեւը, նրա աղջիկը` Յանան, աղջկա ամուսինը` Էդուարդ Դոլգովին, ինչպես նաեւ Սլիզաեւի կենակցուհին` Նատալյա Դավիդյանը, վերջինիս որդին` Արթուրը, Սլիզաեւի վարորդը` Վյաչեսլավ Խարլամովը, շնապահը` Սերգեյ Շենդրիկը, եւ դայակը` Լյուբով Զաիկինան: Ի դեպ, ռուսական մամուլի տվյալներով` 60-ամյա Վլադիմիր Սլիզաեւը նախկինում մի քանի անգամ դատված է եղել: Իսկ 2003թ. Սլիզաեւի դեմ մահափորձ է իրականացվել, որի հետեւանքով զոհվել է նրա կինը` Սվետլանան: