«Industrial & Commercial Bank of China» (ICBC) չինական խոշորագույն բանկն ԱՄՆ-ում մանրածախ բանկ ձեռք բերելու մասին համաձայնագիր է ստորագրել: Չինական խոշորագույն բանկը, որը 70%-ով պատկանում է պետությանը, մտադիր է հոնկոնգյան մասնավոր «Bank of East Asia Ltd»-ից գնել ԱՄՆ-ում նրա դուստր բանկը, որը երկրով մեկ ունի 13 մասնաճյուղ: Եթե գործարքն արժանանա ոլորտը կարգավորող ամերիկյան համապատասխան մարմինների հավանությանը, ապա այն կլինի չինական պետական բանկի` ամերիկյան վարկային կազմակերպություն գնելու առաջին դեպքը: Փորձագետների գնահատականների համաձայն` գործարքը գնահատվում է մոտավորապես 100 մլն դոլար: Այս քայլը կարող է ԱՄՆ-ում չինական ֆինանսական հաստատությունների լայն տարածման սկիզբ հանդիսանալ:
Նախկինում այս գործարքը չէր արժանացել կարգավորիչների հավանությանը։
Հունվարին ICBC բանկը 5 մասնաճյուղ է բացում նաեւ Եվրոպայում` Փարիզում, Բրյուսելում, Ամստերդամում, Միլանում եւ Մադրիդում: Ներկա պահին ICBC-ն գործում է Լոնդոնում, Մոսկվայում, Լյուքսեմբուրգում եւ Մայն Ֆրանկֆուրտում։ Անցյալ տարի բանկը գործունեություն է ծավալել նաեւ Վիետնամում, Մալազիայում, Թաիլանդում եւ Կանադայում: Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոն, վերջինիս ԱՄՆ կատարած քառօրյա այցի շրջանակներում, 45 մլրդ դոլարի հասնող արտահանումային գործարքներ էին իրականացրել: