Դեպքի մեղավորը շինղեկավարն էր

26/10/2005

Շաբաթ օրը ժամը 13.30-ի սահմաններում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս փլուզվել է Արամի 74 շենքը: Փլատակների տակ է մնացել բանվորներից մեկը՝ Չարենցավանի բնակիչ 1977թ. ծնված Համլետ Արամյանը: Դեպքի վայր հասած ԱԻՎ փրկարարները փլատակներից Համլետին հանել են բազմաթիվ կոտրվածքներով: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների գնահատման, նրա առողջական վիճակը ծանր է: «Շենքը քանդվել է ապամոնտաժման կանոնների խախտման պատճառով,- տեղեկացրեց ԱԻՎ պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: -Պարզ է, ով որ ղեկավարում էր, նա էր մեղավոր: Անվտանգության կանոնները պիտի ապահովեին անպայման: Առանց դրա չի կարելի որեւէ շինության կառուցում կամ ապամոնտաժում»:

Շենքն ունի հուշարձանային նշանակություն, քարերը համարակալված էին, քանդվում էր, հավանաբար, նորից հավաքելու համար: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ քանդման աշխատանքներն իրականացնում էր «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային աշխատանքների» ԾԻԳ-ը:

Ա.Ա.