Վայրի «արեւածաղիկ»՝ կղմուխ (դեվյասիլ)
Կղմուխ Հեղինեի – դեվյասիլ վիսոկիյ – lnula helenium L.
Առնոլդ Վիլլանովցու տվյալներով (XIV դար)՝ բույսի հյութն օգնում է ճողվածքին, կանոնավորում դաշտանը, ցուցաբերում միզամուղ եւ վիժեցնող հատկություն: Տրորված արմատը դնելով վրայից` բուժում է կոնքի հատվածի ցավերը, իսկ տերեւները` գինով, օգտակար են նեֆրիտների դեպքում: Արմատափոշին` մեղրով, հազը հանգստացնող եւ հեւոցը վերացնող հատկություն ունի: Տիբեթական բժշկության մեջ բույսի տերեւներն ու ծաղիկներն օգտագործում են սիբիրախոցի, հնդկական բժշկության մեջ` բրոնխիտների եւ ռեւմատիզմի, հոմեոպատիայում` հազի, ասթմայի եւ դիաբետի ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատը համարում են խուխամուղ միջոց, եւ օգտագործվում է շնչահեղձման, բրոնխիտների, գրիպի եւ կապույտ հազի ժամանակ: Կղմուխը ճանաչվում է նաեւ որպես ճիճվամուղ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ եւ ախորժակը լավացնող միջոց: Արտաքին ձեւով դեղաբույսն օգտագործվում է էկզեմայի, նեյրոդերմիտի, քոսի եւ վերքերը բուժելու նպատակով: Եփուկի մեջ իրար խառնված կռատուկի եւ կղմուխի արմատներն օգտագործում են ռեւմատիզմի դեպքում:
Ուկրաինայում ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ, մարսողությունը եւ ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող, քրտնամուղ, միզամուղ, դաշտանամուղ միջոց: Նշվում է, որ բեղաբույսից լավանում է ախորժակը, վերանում աղեփքանքը, աղեխիթը եւ բղկոցները: «Կղմուխի գինի» անվան տակ դեղաբույսն օգտագրոծվում է ընդհանուր թուլության եւ հետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է կապույտ հազի, գլխապտույտների, սրտխփոցների, գլխացավերի, ընկնավորության ժամանակ, ինչպես նաեւ՝ վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով: Գերմանիայում դեղաբույսն օգտագործվում է շնչուղիների եւ ստամոքսային հիվանդությունների, Ավստրիայում` թոքերի հիվանդությունների եւ ճիճվակրության ժամանակ, իսկ քսուքի ձեւով` մաշկի քորի եւ էկզեմայի դեպքում: Ռուֆը (ցիտ. ըստ Ն.Պ. Իորիշի) ուժեղ հազով ուղեկցվող շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ առաջարկում է բույսի արմատն ընդունել մեղրով: Որոշ երկրներում դեղաբույսն օգտագործվում է լնդերի ախտահարման, հին վերքերի բուժման, ստամոքսի թերսեկրետոր բնույթի բորբոքումների եւ ցավի ժամանակ:
Դեղաբույսի վերաբերյալ հետաքրքիր փորձառական աշխատանքներ է տարել Ն.Վ. Կլենինան: Նա ընտանի կենդանիների վրա հետազոտելով կղմուխի եփուկը, պարզել է, որ վերջինս ունի ոչ բորբոքական բնույթի լուծերը դադարեցնող հատկություն: Այսպես, բուժման 2-րդ օրվանից կենդանիների մոտ պակասել է լուծը, լավացել ախորժակը, ընդհանուր վիճակը, նվազել ինտոքսիկացիան:
Պետերբուրգի ֆարմացեւտիկ գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով, խուխամուղ եւ հազը հանգստացնող հատկությամբ դեղաբույսը միանգամայն կարող է փոխարինել արտասահմանից ներմուծվող կաթնախոտին (սենեգային): Դեղաբույսի արմատը եւ կոճղարմատը օֆիցիալ են Նիդեռլանդիայում:
Մեզ մոտ կղմուխն օգտագործվում է որպես խուխամուղ եւ ախտահանող միջոց` վերին շնչուղիների սուր եւ քրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ: Այն մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի բաղադրության մեջ: Մեր տվյալներով, բացի արմատից եւ կոճղարմատից, որոշակի լեղամուղ եւ քրտնամուղ հատկությամբ օժտված են նաեւ բույսի ծաղիկները, որոնց ջրաթուրմը` 1/10-ի հարաբերությամբ, 1-ական ճաշի գդալ, օրական 5-6 անգամ օգտագործել են լեղուղիների քրոնիկական բորբոքումներով հիվանդների բուժման ժամանակ. կրկնվող դուոդենաժները ցույց են տվել լեղու բոլոր բաժինների ավելացում, բորբոքական երեւույթների զգալի պակասում, լեղու բաղադրատարրերի նորմալացման հակում: Շնչուղիների սուր բորբոքման ժամանակ նույն ջրաթուրմը, շնորհիվ քրտնամուղ արդյունքի, զգալի չափով թեթեւացնում է հիվանդի վիճակը, նվազեցնում կատարային եւ ինտոքսիկացիայի երեւույթները, նպաստում ջերմության իջեցմանը:
Կիրառական եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թ. գդալ մանրացրած հումքը 10 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում եւ ըմպում 3 անգամ` 10 օրվա ընթացքում, կամ` 2 թ. գդալ հումքը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, քամում ու ավելացնում 1 թ. գդալ մեղր, ըմպում 1/2 բաժակ օրական 4 անգամ` ուտելուց 1 ժամ առաջ, կամ` 20-30 գ հումքը 30 րոպե թրմում են 1 լ եռման ջրում, քամում եւ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` դաշտանային խանգարումների, վատ մարսողության, բղկոցների, վատ ախորժակի, աղեփքանքի եւ աղեխիթերի ժամանակ: Այս հումքից եփուկ պատրաստելու համար 2 բաժակ ջրում 6-9 գ եռացնում են այնքան, մինչեւ 2/3 մասը մնալը, որից հետո այն ընդունում 1-2 ճաշի գդալ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ, կամ` 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Այս եփուկը պատրաստելուց կարելի է իրար հետ խառնել կռատուկի եւ կղմուխի արմատները, 10-ական գրամի չափով` ընդունելով վերոհիշյալ եղանակով:
Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը 1/5 հարաբերությամբ խառնում են 70 %-անոց սպիրտի հետ եւ ընդունում 25-ական կաթիլ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է խառնել մեղրի հետ, դարձնել դեղատնային մեծության դեղահատեր եւ ընդունել 2-3 դեղահատ, օրական 3-4 անգամ` ուտելուց առաջ: Արմատափոշին կարելի է ընդունել դանակի ծայրով` օրական 3-4 անգամ:
Ըստ Ա.Պ. Պոպովի, քսուք պատրաստելու համար մանր կտրատված արմատից մի պտղունց 15 րոպե եռացնում են 4-5 ճաշի գդալ խոզի ճարպի մեջ, քամում տաք վիճակում, ավելացնում 2 ճաշի գդալ կեչու կուպր եւ մի քիչ ծծմբափոշի, լավ խառնում ու օգտագործում քոսի դեպքում: Մի քանի օր հիվանդը լողանում է բույսի արմատաեփուկով: Կամ` 50 գ մանրացրած արմատը 20 րոպե եփում են 100 մլ ջրում, քամում եւ խառնում 50 գ խոզի հալած ճարպի հետ, կամ` 1 մաս արմատափոշին խառնում են 2 մաս իրար հավասարաչափ խառնված խոզի հալած ճարպի, վազելինի եւ ձկան յուղի հետ:
Ընդհանուր թուլության եւ հետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ օգտագործվում է «կղմուխի գինի», որը պատրաստելու համար 12 գ թարմ արմատը 10 րոպե եփում են 500 մլ պորտվեյնի կամ կագորի մեջ, ապա ըմպում 50-ական մլ` օրական 2 անգամ: Այս եփուկը Ա.Պ. Պոպովը առաջարկում է հիպացիդ գաստրիտների եւ աղիքային բորբոքումների ժամանակ` ընդհանուր խառնուրդին նախապես ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր: Դեղաբույսը հաճախ օգտագործվում է նաեւ հավաքածուների ձեւով: Այսպես, հավասարաչափ իրար են խառնում տուղտի, մատուտակի եւ կղմուխի արմատները, որից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում, ապա ընդունում 1/2 բաժակ, օրական 3 անգամ` հազի ժամանակ:
Շնչուղիների մի շարք հիվանդությունների, հատկապես բրոնխիալ ասթմայի ժամանակ, օգտագործում են հավասարաչափ իրար խառնված ուրցի, տատրակի տերեւների, եռագույն մանուշակի, անիսոնի սերմերի եւ կղմուխի արմատի խառնուրդը, որից 4 թեյի գդալ 2 ժամում թրմում են 1 բաժակ սառը ջրում, եռացնում, հովացնում եւ քամում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Մաշկային ախտահարումների ժամանակ օգտագործվում է հավասարաչափ իրար խառնած հետեւյալ խառնուրդը. կռատուկի եւ կղմուխի արմատներ, ընկույզի տերեւ եւ սրոհունդ, որից 1 ճաշի գդալ 10 րոպե եփում են 200 մլ ջրում եւ ըմպում օրվա մեջ 1-ական ճաշի գդալ` 2-3 անգամ:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»