Հունվարի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից ադրբեջանական զինուժը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Այս մասին երեկ տեղեկացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը: «Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում: Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը տեղի ունեցածը որակում է «ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը»: «Շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլեւ դիվերսիոն գործողությունների փորձեր»,- ասված է հաղորդագրությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ուրբաթ առավոտյան հաղորդել է շփման գծի ոչ թե հարավային, այլ հյուսիսարեւելյան հատվածում` Ադրբեջանի Թերթերի շրջանի Չիլյաբյուրտ գյուղի մոտ ադրբեջանցի սպա Շամիլ Սադիղովի վիրավորվելու մասին: Ադրբեջանական կողմի պնդմամբ` 35-ամյա սպան ոտքերից վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Նույն օրը ավելի ուշ, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հերքել են ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների մասին հաղորդագրությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը եւ անունները հայտնի չեն: Այս միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին»: