Մինչ 2006թ. Սեւանա լճի ալիքի բարձրությունը, ըստ մասնագետների հաշվարկների՝ 4,5 մետր էր: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Սեւանի ափամերձ տարածքներում արգելվում էր 1908մ-ից ցածր կառույցների շինարարությունը (1903,5 մետր Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման թույլատրելի շեմն է, իսկ 4,5 մետրն էլ, ինչպես նշեցինք, ալիքի բարձրությունը):
Այս ցուցանիշը լուրջ մտահոգություն առաջացրեց հատկապես այն օլիգարխների շրջանում, ովքեր լճի առափնյա տարածքում ամառանոցներ կամ հյուրանոցային համալիրներ ունեին: 2006թ. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը ՀՀ Կառավարություն մի նախագիծ ներկայացրեց, որտեղ 1908մ ցուցանիշի փոխարեն ամրագրված էր 1905 մ: Քաղաքաշինության նախկին նախարարն ալիքի բարձրությունը, չգիտես ինչու կամ ում հաշվարկներով, ստացել էր 1,5 մ: Սա արդեն խոսում էր այն մասին, որ կառուցված շինությունները գտնվում են լիովին օրինական դաշտում: Թվային տարօրինակ այս խաղից զարմացել էին անգամ մասնագետները, ովքեր մեծ աղմուկ բարձրացրեցին այս նախագծի շուրջ՝ այն համարելով աբսուրդային նախագիծ: Իսկ Բնապահպանության նախարարությունն էլ հավանություն չտվեց Արամ Հարությունյանի նախագծին: Ինչեւէ, 1 տարի անց՝ 2007թ., Արամ Հարությունյանը նշանակվեց ՀՀ Բնապահպանության նախարար, եւ, բնականաբար, առանց ավելորդ քաշքշուկների` նախագիծն ընդունվեց: «Այսօր Սեւանա լիճը փոքր-ինչ քաղաքականացնում ենք: Սեւանա լճի ջրի բարձրացումը մեծ անհանգստություններ է պատճառում իշխանական շրջանակներում,- նշեց «Կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը: -Այստեղ 2 հանգամանք կա: Առաջին հանգամանքն այն է, որ Համաշխարհային բանկը 1996-1998թթ. իրականացրեց Սեւանա լճի մասին էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը, որտեղ ոչ բարեխիղճ, գուցեեւ միտումնավոր հաշվարկներ էին կատարվել: Նշվում էր, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը վնաս կբերի Հայաստանի տնտեսությանը, եւ նույնիսկ հորդորում էին ձեռք քաշել Որոտանի թունելի շինարարությունից: Այսինքն՝ Համաշխարհային բանկը չի ուզում, որ լճի մակարդակը բարձրանա: Երկրորդ հանգամանքը պայմանավորված է լճի առափնյա հատվածներում կառուցված իշխանավորների առանձնատներով: Իսկ լճի մակարդակի բարձրացումը խոչընդոտվում է»: Զրուցակցիս փոխանցմամբ՝ դեռեւս 2005թ. Գիտությունների ակադեմիայում նիստ գումարվեց, որտեղ ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնյաները նշեցին, որ լճի մակարդակի բարձրացումը հանգեցնում է ոչ միայն անտառների, այլեւ թռչունների բնակավայրերի կործանմանը: Հ. Սանասարյանը, սակայն, կարծում է, որ լճի մակարդակի բարձրացումը միանշանակ վտանգավոր չէ: Ըստ նրա՝ մի քանի տարիների ընթացքում կարելի է լճի մակարդակի թույլատրելի նիշին հասնել, այսինքն՝ 1903,5 մետրի: Նա մեջբերեց գիտական վերլուծություններ, որոնց համաձայն՝ թույլատրելի մակարդակից վտանգներ չլինելու դեպքում որոշ ժամանակ անց կարելի է ջրի մակարդակն ավելի բարձրացնել, ինչպես 1927-30-ական թթ. էր: Ի դեպ, այդ ժամանակ ջրի մակարդակը 1915,8 մետր էր:
ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանից փորձեցինք պարզել, թե հանձնաժողովի ստեղծման պահից մինչ օրս ի՞նչ խախտումներ են արձանագրել: Վ. Մովսիսյանը նշեց, որ հունվարի 26-ին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ նախագահին, եւ որ միայն երկրի ղեկավարի հետ հաշվետվությունը քննարկելուց հետո ինքը լրագրողներին կներկայացնի Սեւանա լճի հետ կապված բոլոր հիմնահարցերը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են Սեւանա լճի մակարդակը բարձրացնելու 1905 մետր բացարձակ նիշի, երբ Արփա-Սեւան թունելի նիշը 1902.50 է (ըստ գեոդեզիական չափագրումների, որոնք ներկայացնում ենք ստորեւ), Վ. Մովսիսյանը պատասխանեց. «Արփա-Սեւան թունելի բարձրությունը 3,70 մ է, լայնությունը՝ 3,30, իսկ թունելի վերեւի բարձրությունը 1906,3 մ է, ապա 1903,5-ը թունելին վնաս չի կարող տալ»: Հարցին էլ, թե հաշվի առնվե՞լ է ալիքի բարձրությունը, որը տարիներ առաջ մասնագիտական հաշվարկներով 4,5 մետր էր, Վ. Մովսիսյանը պատասխանեց. «Տարիներ առաջ ալիքի հետ միասին՝ 1908, հիմա դարձել է 1905 մետր: Մի քանի տարի առաջ Քաղաքաշինության նախարարությունը փոխել է ալիքի բարձրությունը՝ ելնելով ինժեներական եզրակացություններից: Նրանց հարցրեք»: Բացարձակ սխալ է, երբ հաճախ ԶԼՄ-ներով ասում են, թե երբ ջուրը հասնի թունելի շրթունքին, ետ կգնա դեպի Կեչուտ եւ չի բարձրանա: Սրանք անհասկանալի եւ անընդունելի խոսքեր են»,- հարցին անդրադարձավ նաեւ «Հայաստանի կանաչների միության» նախագահը: Ի դեպ, նշենք, որ երեկվա տվյալներով՝ Սեւանի ջրի մակարդակը 1899,93 մետր է, եւ նախորդ տարվա նույն օրվա համեմատ ջրի մակարդակը բարձրացել է 45 սմ-ով: «Քաղաքաշինության նախկին նախարարը, դառնալով Բնապահպանության նախարար, հեշտությամբ հաստատեց հակասեւանային իր նախագիծը: Եվ ստացվում է, որ մեր Սեւանը կախված է չինովնիկների կամքից: Ցավոք, այս մասին քիչ է խոսվում»,- նշում է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա՝ ներկայումս լճի առափնյա հատվածներում շարունակվում է ակտիվ շինարարությունը, ինչի մասին լռում է Սեւանի ազգային պարկի ղեկավարությունը: Ըստ որոշ բնապահպանների՝ ջրի մակարդակի բարձրացումը միանշանակ անվնաս է Արփա-Սեւան թունելի համար: Ավելին՝ մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ շատ լավ կլիներ՝ ջուրն ամբողջությամբ ծածկեր թունելը: Սակայն, բնապահպանների փոխանցմամբ, այստեղ խնդիրը ոչ թե ջրի բարձրացման վտանգն է, ինչը, ըստ նրանց, ծիծաղելի է, այլ ջրի տակ մնացող ծառերը, ճանապարհները, հաղորդակցության միջոցները: Բնապահպան Գագիկ Սուխուդյանի կարծիքով՝ ջրի բարձրացման ժամանակ պետք է այս ամենը հաշվի առնել: Իսկ ափամերձ տարածքները մաքրելու համար պետբյուջեից տարիներ շարունակ խոշոր գումարներ են հատկացվում, որոնք, փաստորեն, նպատակին չեն ծառայում: Ըստ բնապահպանների` ջրի մակարդակի բնական բարձրացումը իշխանություններն, այսպես ասած՝ «սանձահարում» են՝ այն պայմանավորելով երաշտով: Ջուրն օգտագործվում է, սակայն մեկնաբանվում է եւ ջրի մակարդակի իջեցումը արդարացվում է երաշտով: Սա, բնապահպանների կարծիքով, արվում է իշխանության մեջ եղած մի խումբ մարդկանց` քաղաքական, տնտեսական գործիչների անձնական շահերի համար: Ըստ զրուցակիցներիս` թեեւ իշխանությունները մշտապես խոսում են Սեւանի ջրի մակարդակի բարձրացման, Սեւանը փրկելու ծրագրերի մասին, սակայն իրականում ամեն բան անում են ջրի մակարդակը չբարձրացնելու համար՝ պատճառաբանելով, թե թունելին է վնաս, կամ սեյսմիկ անվտանգությանն է խոչընդոտում: Այս դեպքում անհասկանալի է ՀՀ իշխանություններին թեւ-թիկունք դարձած Համաշխարհային բանկի մոտեցումը, որը ժամանակին պատրաստ էր Սեւանում զբոսաշրջություն զարգացնելու համար 1,7 մլրդ դոլար վճարել, մինչդեռ հրաժարվեց 10 միլիոն դոլար տրամադրել Արփա-Սեւան թունելի կառուցման համար:
Ներկայացնում ենք նաեւ Սեւանի եւ Արփա-Սեւան թունելի գեոդեզիական չափագրումները, ըստ որոնց եւ բնապահպանների պնդումների, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպե՞ս է հնարավոր Սեւանի մակարդակը հասցնել 1905 մետր բացարձակ նիշի, այն դեպքում, երբ Արփա-Սեւան թունելի նիշը 1902.50 մ է: