Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ թեեւ` առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ ծննդօգնությունը մեր երկրում իրականացվում է պետպատվերով, այսինքն` անվճար, այդուհանդերձ Արտաշատի հիվանդանոցում նախածննդյան ծառայությունները վճարովի են: «Կոնսուլտացիան վճարովի ա, լաբորատոր հետազոտությունները վճարովի են: Մենք հասկանում ենք, որ օրենքներով ու թղթերով անվճար սպասարկման անուն են հանում, բայց փաստն էն ա, որ էդ ծառայությունների համար մեզնից գումար են գանձում»,- ասում են տեղի բնակիչները` վստահեցնելով, որ եթե պետք լինի` հիվանդանոցի ծառայություններից օգտված շատ կանայք կարող են այդ մասին փաստել: Չորս ամիս առաջ ծննդաբերած Սյուզաննա Ամիրզադյանն, օրինակ` մատնանշում է, որ հղիության ընթացքում յուրաքանչյուր խորհրդատվության համար վճարել է 2000 դրամ: Ճիշտ այդքան էլ վճարել է լաբորատոր հետազոտությունների համար: Ի դեպ, այս անօրինական գանձումները կատարվում են հիվանդանոցի մուտքի մոտ փակցված «Գումար չվճարել» ցուցանակի առկայության պայմաններում: «Է հա, գրված ա, բայց ուզում են: Եթե չտաս` գրքույկդ չեն լրացնի, ու հղիության մասին տվյալներ չես ունենա»,- ասում է արտաշատցի կանանցից մեկը, ով մի քանի ամիս առաջ է ծննդաբերել: Ի դեպ, Առողջապահության նախարարությունը 2009-2010թթ. ընթացքում ծննդօգնության ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին տվյալներ հրապարակելիս՝ նշել է. «Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական ներդրումները (2010թ.` 6.05 մլրդ դրամ) հնարավորություն տվեցին շուրջ 2 անգամ բարձրացնել ծննդաբերությունների հետ կապված գները՝ պետության կողմից այդ ծառայությունների դիմաց բուժհաստատություններին փոխհատուցվող գումարները մոտեցնելով իրական ծախսերին, եւ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը: Դա զգալի նպաստեց ծրագրի շրջանակներում դրված նպատակների իրագործմանը` ծննդատներում ստվերի զգալի կրճատմանը եւ բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցմանը»: Առողջապահության նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման շնորհիվ զգալի բարելավվել են այդ ծառայության հիմնական ցուցանիշները, շուրջ 20%-ով բարձրացել է հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը: Այնպես որ` Հայաստանում զեկույցներն ու պետական փաստաթղթերը մի բան են, իսկ իրականությունը` բոլորովին այլ:
Մենք դիմեցինք Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանին` տեղեկացնելով Արտաշատի հիվանդանոցում կատարվածի մասին: Նա մեզ փոխանցեց հետեւյալը. «Պարզվեց` Արտաշատի հիվանդանոցի ղեկավարը նույնպես այսօր ահազանգ է ստացել, եւ կոնկրետ դեպքի հետ կապված մարդ է պատժվել: Ինձ վստահեցրին, որ գումար վերցրած մասնագետը նկատողություն է ստացել այդ արարքի համար»: Շ. Հունանյանի ասելով` այսօր նախարարության աշխատակիցներն այցելելու են Արտաշատի հիվանդանոց եւ կփորձեն առավել ճշգրիտ փաստեր ի հայտ բերել: Նա նաեւ խոստացավ մեզ տրամադրել ուսումնասիրության արդյունքները: