«Բժիշկների անփութության պատճառով չարորակ ուռուցք առաջացավ»,- ասում է երկու երեխաների մայր Սյուզաննան

22/01/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեկ ու կես տարեկան Ջեմմայի աչքերի տագնապն ավելի է ընդգծվում, երբ լուսանկարչական սարքի լույսն ընկնում է վրան: Ճչալով լաց է լինում… Օգնություն խնդրող հայացքով, անփույթ վազքով փախչելով՝ գրկում է տատիկի ծնկները: Ջեմմայի աչքերի վախը չի անհետանում նույնիսկ ժպտալիս, երբ խմում է քաղցր թեյը: Մահն ու կյանքը երկար կռիվ են տվել այս փոքրիկի լույս աշխարհ գալու ժամանակ: Ծնվել-չծնվելու հարցում հաղթել է նախախնամության կամքը, ու Ջեմման հիմա ապրում է, բայց աչքերի տագնապը հուշում է, որ մահն ու կյանքը շարունակում են կռիվ տալ: «Շատ դժվար ա ծնվել: Վակուումով ծնվեց: Բժիշկները մեզնից ստորագրություն վերցրին, որովհետեւ չէին երաշխավորում, որ երեխան մահացած չի ծնվի»,- ասում է երեխայի հայրը` Գեղամը, ով հիշելով երեխայի ծնունդի հետ կապված տառապանքները, սկսում է դողալ, կծկվում է փայտե վառարանի մոտ, ջերմության կարիք է զգում: Ջեմմայի ողջ լույս աշխարհ գալն իսկական հրաշք է եղել ծնողների համար, քանի որ նրանք սպասել են վատթարագույնին: «Երեխան Արտաշատի հիվանդանոցում ա ծնվել, բայց երկու ժամ հետո տեղափոխել ենք Երեւան: Մեկ ամիս մնաց վերակենդանացման բաժնում: Արհեստական շնչառություն էին միացնում, զոնդով կերակրում էին, բայց… Շլանգը շպիլկայով շրթունքից էին միացնում, որ երեխան չկարողանա սարքի միացման լարերը քաշել: Երեւի էդ շպիլկան շատ պինդ էր եղել, երեխայի շրթունքը սկսեց ուռել ու ջուր լցվել»,- պատմում է Արարատի մարզի Դալար գյուղի բնակչուհի Հայաստան Ամիրզադյանը` Ջեմմայի տատիկը: Երեխան մեկ ամիս վերակենդանացման բաժնում արհեստական շնչառությամբ է ապրել: Հետագայում պարզվել է, որ թթվածնի սարքը միացնելիս ամրակն այնպես է վնասել երեխայի շրթունքը, որ վնասվածքը դարձել է ուռուցք: Ջեմման միանգամից երկու վիրահատություն է տարել` շրթունքի ուռուցքի եւ պորտի ճողվածքի: Փոքրիկն արդեն մեկ ու կես տարեկան է եւ մեծանալու հետ մեկտեղ՝ շրթունքը` ձախ այտով հանդերձ, այտուցվում է: Վիրահատությունից հետո անգամ մարմնի այդ հատվածի գոյացության զարգացումը չի դադարել: Հետազոտություններից պարզվել է, որ Ջեմմայի մոտ չարորակ ուռուցք է: «Ինքը նորմալ ա ծնվել: Երբ էդ շպիլկան շրթունքից հանել են, տեսել են, որ արյան գունդ ա հավաքվել, մսակալվել ա: Բժիշկների անփութության պատճառով երեխեն այ սենց տառապում ա: Ուռուցքը գնալով մեծանում ա»,- պատմում է Ջեմմայի մայրը` Սյուզաննան, ով վստահեցնում է, որ գումարի պատճառով չեն կարողանում երեխային նորից տանել հետազոտման եւ հնարավորության դեպքում կանխել չարորակ գոյացության զարգացումը: Ասում է, որ երեխայի երկու վիրահատությունների համար 1-ին հիվանդանոցում իրենցից 150.000 դրամ են պահանջել, բայց իրենք միայն 50.000-ն են կարողացել վճարել. «Ամաչում ենք նորից տանել, որովհետեւ իրանց ուզած գումարը չկարողացանք տալ»: Սյուզաննային տեղեկացրինք, որ Ջեմմայի տարիքի երեխաներին տրամադրվող բուժօգնությունն անվճար է, հետեւաբար այն պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: Առավել եւս ուռուցքաբանական խնդիրներով մարդիկ պետք է բուժօգնություն ստանան մասնագիտացված Ուռուցքաբանական ազգային կենտրոնում եւ անվճար հիմունքներով: Ջեմմայի ընտանիքը, սակայն, հեգնում է…

Արարատի մարզի Դալար գյուղի Սարյան փողոցում գտնվող 54 տունը մութ ու մռայլ է: Վեց հոգուց բաղկացած ընտանիքում աշխատող ընդհանրապես չկա, իսկ մանկահասակ երկու երեխաները շաքարաջրով են մեծանում: Տան իրերը, խոհանոցային սպասքը, մահճակալները կենտրոնացրել են ննջասենյակում, որպեսզի այնտեղ տեղադրված վառարանի ջերմությունը երկար պահպանվի: Ընտանիքի հայրը` Սարգիսը, թերարժեքության, գործազուրկի բարդույթը շալակին՝ կծկվել է սենյակի անկյունում ու այնպես է մխրճվել կոտրած բազկաթոռի մեջ, որ իր ներկայությունն աննկատ մնա: Ասում է. «Երբ տղամարդը գործ չունի ու անճար ա, ի՞նչ կարող ա խոսի, ի՞նչ ինքնավստահություն պիտի ունենա: Ո՞նց եք կարծում, մարդ, որը տղա, հարս, երկու թոռներ ունի, բայց աշխատանք չունի` ո՞նց իրան կզգա»: Կինը` Հայաստանն, ասում է, որ ամռանը գոնե կարողանում են դաշտերում բանվորություն անել, իսկ ձմռանը… Ձմռանն այնքան պարտք են կուտակում, որ ամռանը քաղհան անելով՝ հազիվ ձմռանը կուտակած պարտքերն են մարում: Նույնիսկ էլեկտրաէներգիայի ամսական գումարը չեն կարողանում վճարել ու մեծ պարտքեր են կուտակել: Գյուղում թեեւ գազամատակարարում կա, բայց այս ընտանիքը, գումար չունենալու պատճառով, դեսից-դենից հավաքած փայտ ու ռեզին այրելով է տաքանում: 22 տարեկան Գեղամը զինվորական ծառայությունից ազատված է` ծառայության համար ոչ պիտանի լինելու համար: Մարմնի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ ձեռքերի դաստակները, կոտրված են: Տարիներ առաջ աշխատանք կատարելիս ընկել ու ծանր վնասվածքներ է ստացել: Գեղամը շատ երիտասարդների պես երազում էր ամուր ու լավ ընտանիք ունենալ, ինչպես հարկն է երեխաներին դաստիարակել, կրթության տալ, բայց… Ամուսնությունից հետո հանկարծ հասկացավ, որ ամուր ընտանիք ունենալու համար նաեւ աշխատանք, եկամտի աղբյուր, ինչպես նաեւ՝ պետություն է պետք: Մանկահասակ երեխաներին կերակրելու համար առավոտից մինչեւ մութն ընկնելը դաշտերում «քուջուջ» է անում: Ամաչելով ասում է. «Ճիշտն ասած` երկաթ-մերկաթ, շիշ եմ հավաքում, տանում-հանձնում եմ, որ հացի փող վաստակեմ: Ամռանն էլի ոչինչ, գնում, ուրիշների հողերում աշխատում ենք ու օրական գումար ենք ստանում: Ձմռանն անելանելի վիճակ ա»: Տիկին Հայաստանը վստահեցնում է, որ ընտանեկան նպաստի գրասենյակից իրենց մերժում են ընդգրկել նպաստառուների ցուցակում` պատճառաբանելով, թե՝ աշխատունակ եք, գնացեք աշխատեք: Մինչդեռ աշխատանք գտնելու ճանապարհը ցույց չեն տալիս: «Իմիջիայլոց ապրում ենք»,- ասում է տիկին Հայաստանը` դժվարանալով ի մի բերել, թե որ խանութից որքան գումարի «նիսյայով» սննդամթերք են վերցրել:

Ընտանիքի մեծերն իմիջիայլոց ապրում են, իսկ փոքրերն ապրում են մեծերի՝ վաղվա օրվա հացն ինչ-որ կերպ հայթայթելու հույսով: Իմիջիայլոցին է հանձնված նաեւ փոքրիկ Ջեմմայի առողջական վիճակը. հիվանդության զարգացումը որոշ ժամանակ հետո գուցե հնարավոր չլինի կանխել: Ծնողները` Գեղամն ու Սյուզաննան, սպասում են ամռանը, որպեսզի ուրիշների հողատարածքներում քաղհան անելու միջոցով Երեւանի հիվանդանոցներից մեկում երեխային հետազոտելու եւ հարկ եղած դեպքում՝ վիրահատելու հարցը լուծեն: