Հունվարի 15-ին Սամարայում անհայտ անձը սպանել է Սամարայի պետական համալսարանում սովորող Արմեն Սահակյանին: Տղան մահացել է կրծքին ստացած դանակի հարվածից: Հանցագործը դիմել է փախուստի: Արմեն Սահակյանն ինքն է ստիպված եղել մեքենա կանգնեցնել հիվանդանոց հասնելու համար, սակայն ճանապարհին մահացել է: Հանցագործը չի գողացել ոչ Արմենի գումարը, ոչ էլ բջջային հեռախոսը: Արմենը սովորում էր իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում: Հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ: Այս մասին հայտնում է kp.ru-ն: Հետաքննությունն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ սկսած կողոպուտից մինչեւ անձնական կոնֆլիկտ: Հարազատների ասելով` Արմենը թշնամիներ չի ունեցել: Հունվարի 15-ի երեկոյան 19-ամյա Ա. Սահակյանը գնում էր ընկերոջ տուն: Նա բարձրացել է տրամվայ, սակայն չի նկատել, որ մի քանի հոգի հետեւում են իրեն: Երբ իջել է կանգառում, 5 հոգի թիկունքից հարձակվել են նրա վրա եւ դանակը խրել ուղիղ սիրտը: «Եվ ինչպե՞ս իմ որդին չի կարողացել պաշտպանել իրեն. մանուկ հասակում նա կարատեով է զբաղվել եւ մեծ թվով մեդալներ ունի»,- ասում է երիտասարդի հայրը՝ Անդրանիկ Սահակյանը, ով Ոստիկանության նախկին աշխատակից է: «Ես համոզված եմ, որ իմ որդուն սպանել են միայն հայ լինելու պատճառով: Նրա վրա հարձակվել են Եգոր Սվիրիդովի հիշատակի օրը: Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում: Այժմ ես ինձ մեղադրում եմ, որ չհասցրեցի զգուշացնել Արմենին այդ օրը դուրս չգալ տնից»,- հավելել է տղայի հայրը: Սահակյանների ընտանիքում սա արդեն երկրորդ ողբերգությունն է. մի քանի տարի առաջ հենց տան դիմաց սպանել են Արմենի պապիկին: Հանցագործներին այդպես էլ չեն գտել, հետաքննությունը նույնիսկ հանցագործության պատճառը չի պարզել: Հարազատները կարծում են, որ այդ սպանությունը նույնպես ազգայնական հողի վրա է եղել: «Սպանության օրը ես գնացել եմ Ներքին գործերի վարչություն,- վրդովված պատմել է Անդրանիկ Սահակյանը,- Ուզում էի խոսել ղեկավարի հետ, սակայն ինձ ասացին, որ ղեկավարներն արդեն գնացել են եւ կգան միայն վաղը: Ինչպե՞ս կարող էին նրանք գնալ, երբ այդպիսի բան է տեղի ունեցել: Որպես նախկին ոստիկան՝ ես կարող եմ ասել, որ ղեկավարությունն ամբողջ գիշեր պետք է աշխատեր եւ ապացույցներ հավաքեր: Իսկ ի՞նչ է արդյունքում. արդեն 4 օր է անցել, իսկ նրանք անգամ կասկածյալ չունեն»:
Ի դեպ, ըստ «Նովոստի Տոլյատիի» կայքի` Վլադիսլավ Վոլկովի բլոգում տեղադրված է Սամարայի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Պոլյանսկիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը: Նրա հետ զրուցել է տեղի հեռուստաալիքներից մեկի թղթակիցը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեսանյութը թույլ չեն տվել եթեր հեռարձակել: Ինչպես գրել է մեկնաբաններից մեկը, «վերեւից թույլ չեն տվել»: Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: «Հիմնականում նրանք հանգիստ, բարեկիրթ եւ աշխատասեր ուսանողներ են: Նրանք բացասական զգացումներ չեն առաջացնում, քանի որ պարտաճանաչ եւ դաստիարակված տղաներ են: Նման ուսանողների թվին էր պատկանում նաեւ Արմենը: Ինձ դժվար է պատկերացնել, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Ինքը՝ Արմենը, տարբերվում էր հանգիստ վարքով, քանի որ դաստիարակված երիտասարդ էր: Նա երբեք ագրեսիվ չի եղել եւ իր կարգավիճակի հետ կապված անհանգստանալու տեղիք երբեք չի տվել: Անհասկանալի է, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել: Դեռ բավարար տվյալներ չկան: Ինչպես ես եմ հասկանում, գործի հետաքննությունը նոր է սկսվում: Արմենը խաղաղասեր ընկեր էր, ինտերնետում կան նրա լուսանկարները, որոնք վկայում են, որ նա ընկերություն էր անում ռուս տղաների հետ: Ֆակուլտետում ոչ Արմենի, ոչ էլ այլ «ոչ տեղացու» հանդեպ ոչ մի խնդիր չի եղել»,- ասել է Վիկտոր Պոլյանսկին: Արմեն Սահակյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ` հունվարի 19-ին: