Օտարազգիներին բնակեցնում են տեղացիներին վտարելու հաշվին

20/01/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի բնակչուհի Մարիետա Սարդարյանը հայտարարում է, որ իր իրավունքների համար պայքարելու է նաեւ Եվրոդատարանում: Միջազգային կառույցներին նա ահազանգում է. «Միավորված ազգերի կազմակերպությունը» (ՄԱԿ), Համաշխարհային բանկը, բազմաթիվ կազմակերպություններ հսկայական գումարներ են տրամադրում, որպեսզի Հայաստանի իշխանություններն օտարերկրյա էմիգրանտների համար առանձին շենքով հատուկ կացարաններ կառուցեն: Սակայն մեր պետական այրերն այդ գումարները շորթում են ու էմիգրանտների համար կացարաններ են տրամադրում տեղացիներին դուրս շպրտելու ճանապարհով: Եվրախորհրդին էլ խաբում են, թե կատարում են ձեր պահանջները եւ իբրեւ թե տեղավորում են այլ երկրների փախստականներին»,- ասում է նա: Մ. Սարդարյանի խոսքերով` Նոր Նորքի հանրակացարանի բնակիչները տեղահանվում են. շենքի որոշ հարկեր վերակառուցվում եւ հանձնվում են օտարերկրյա փախստականներին: Ըստ նրա` հայաստանաբնակներին փողոց շպրտելու գնով այլ պետությունների քաղաքացիներին կացարան տրամադրելու «մարտավարության» մասին միջազգային «փող» տվող կազմակերպությունները տեղեկացված չեն: Հանրակացարանի երկու հարկեր արդեն վերանորոգվել եւ հանձնվում են օտարերկրյա փախստականներին: Մ. Սարդարյանը վստահեցնում է, որ օտարերկրյա փախստականների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների այցելությունների ժամանակ հանրակացարանի ղեկավարները թույլ չեն տալիս հանդիպել նրանց ներկայացուցիչների հետ` հասկանալով, որ տեղի բնակիչները կարող են նրանց ներկայացնել իրենց իրավունքների ոտնահարման այնպիսի դեպքեր, որոնք կարող են հեղինակազրկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության վարկանիշը: «Հասկանո՞ւմ եք, հանրակացարանի բնակիչներին հերթով փողոց են շպրտում ու սենյակները տրամադրում են սեւամորթների, իրաքցիների, քրդերի, այսինքն` Եվրոպային ուզում են ցույց տալ, թե Եվրախորհրդի պահանջները կատարում են: Էնտեղից մեծ փողեր են բերում էմիգրանտների համար շենքեր կառուցելու նպատակով, բայց փոխարենը մեր սենյակները մեզանից խլելով` վերանորոգում ու տրամադրում են օտարներին: Վերջերս Ժնեւի կոնֆերանսից ներկայացուցիչներ էին եկել հանրակացարան` շրջայց կատարելու եւ փախստականների ապրելակերպին ծանոթանալու նպատակով, ես շատ էի ցանկանում որոշ բաներ բացահայտել նրանց համար, ասել, որ ինձնից եւ մյուս հայերից սենյակները խլելով՝ տալիս են օտարերկրացիներին, բայց հանրակացարանի տնօրենը թույլ չտվեց անգամ մոտենալ նրանց: Նրանք ամեն ինչ անում են, որ միջազգային կառույցներն այս ներքին կեղծիքների մասին չտեղեկանան»,- վրդովված ասում է Մ. Սարդարյանն, ում 2 անչափահաս երեխաների հետ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) շուտով կստիպի ազատել հանրակացարանում զբաղեցրած սենյակները: ՏԿՆ-ն Մարիետա Սարդարյանին իր 2 երեխաների հետ զբաղեցրած տարածքից վտարման պահանջով դիմել է դատարան եւ ներկայումս գործը գտնվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բանն այն է, որ Մ. Սարդարյանը, որպես անօթեւան, կացարան տրամադրելու խնդրանքով 2002թ. դիմել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը: Բելլա Քոչարյանն արձագանքելով խնդրանքին` Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարել է նրան ապահովել կացարանով: Մ. Սարդարյանը նույն թվականի հուլիսին Բ. Քոչարյանի ուղեգրով տեղավորվել է Նոր Նորքի հանրակացարանում: 2007-ից ՏԿՆ-ն ՄԱԿ-ի հետ համատեղ օտարերկրյա փախստականներին կացարաններ տրամադրելու նպատակով Նոր Նորքի հանրակացարանում վերանորոգման աշխատանքներ է իրականացնում: Հանրակացարանի շենքի 2-րդ հարկի բոլոր բնակիչներին տեղահանել եւ բնակեցրել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարկերում: Տեղահանման գործընթացը մեկնարկելիս Մ. Սարդարյանը եւ մեկ այլ բնակիչ` Անժելա Փահլեւանյանը, որոնց ընտանիքները բաղկացած են 3 անձից` պահանջել են առաջարկվող մեկ սենյակի փոխարեն՝ տրամադրել երկու սենյակ: ՏԿՆ աշխատանքային խումբը Մ. Սարդարյանին առաջարկել է 4-րդ հարկում գտնվող 412 սենյակը: Քանի որ տեղահանման գործընթացը կազմակերպել են ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության աշխատակազմի փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող Սեւան Պետրոսյանը` վերջիններս Մ. Սարդարյանի պահանջը բավարարել են հետեւյալ կերպ. առաջարկվել է ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի` Մ. Սարդարյանը 212 սենյակից պարտավորվում է տեղափոխվել 412 սենյակ` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այնուհետեւ համաձայնագրում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սեւան Պետրոսյանը ձեռագրով փաստաթղթում արձանագրել է նաեւ` «Նույն հարկի 405-407 սենյակների ազատվելու դեպքում դրանք կտրամադրվի Մ. Սարդարյանի ընտանիքին 412 սենյակը հանձնելուց հետո «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի տնօրինության կողմից»: Մ. Սարդարյանի հավաստմամբ` այս գրությունն ամրագրվել է Միգրացիոն ծառայության փախստականների գծով բաժնի պետ Ա. Հարությունյանի, ՄԱԿ-ի մեկ այլ ներկայացուցչի եւ հանրակացարանի տնօրեն Հ. Սեդրակյանի ներկայությամբ: Այսինքն` նույնիսկ վկաներ կան այս փաստաթղթի օրինականությունը հաստատելու համար: Ինչեւէ, արդեն քանի ամիս է` նա զբաղեցնում է 405-407 սենյակները, սակայն ՏԿՆ-ն այժ Մ. Սարդարյանին ստիպում է ազատել դրանք: «ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանը վերոնշյալ համաձայնագիրը համարում է կեղծ փաստաթուղթ: Ամբողջ խնդիրն այն է, որ շենքը վերանորոգում են ՄԱԿ-ի փողերով: ՄԱԿ-ի ներկայացուցիչը թուղթ է տվել, որ ինձ դուրս չեն շպրտի, այլ կապահովեն սենյակներով: Բայց խնդիրն այն է, որ Սեւան Պետրոսյանն այլեւս ուրիշ երկրում է ապրում եւ իմ շահերը պաշտպանող չկա: Փոխնախարար Ա. Բախշյանն էլ ասում է` նա ո՞վ է, որ փաստաթուղթ է տվել: ՄԱԿ-ի ներկայացուցչի աչքին թոզ են փչում, իսկ, երբ հեռանում է, մեզ հանում, շպրտում են փողոց»,- ասում է Մ. Սարդարյանը: Սեպտեմբերի 22-ից դատարանում ՏԿՆ-ի հայցով վիճարկվում է այս ընտանիքին տարածքից վտարելու հարցը: «Նույնիսկ դատավորը չի ցանկանում նման անմարդկային ու անօրինական քայլ կատարել: Ասում է` փորձեք փոխնախարարի հետ լեզու գտնել, նա, տեսնելով իմ անելանելի վիճակը, ուզում է մի բանով օգնել, բայց փոխնախարարը մարտականորեն ուզում է մեզ փողոց շպրտել: Մտել եմ Տարածքային կառավարման նախարար պրն Գեւորգյանի մոտ: Նա նույնիսկ ինձ չլսեց, ասաց` եթե գործը դատարանում է, ուրեմն` թող դատական կարգով լուծում ստանա»:

Մենք փորձեցինք այս խնդրի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշյանից: Ի դեպ, հարցազրույցին ներկա էր նաեւ Նոր Նորքի ուսանողական ավանի «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը, ով, պարզվում է, երեկ աշխատանքից ազատվել էր իր դիմումի համաձայն: Չնայած դրան` հանրակացարանի բնակիչները վստահեցնում են, որ նրան աշխատանքից ազատել են տարատեսակ «մախինացիաների» համար: Բնակիչների խոսքերով` հանրակացարանում բազմաթիվ սենյակներ վաճառվել են այնպիսի մարդկանց, ովքեր ամենեւին դրա կարիքը չունեն եւ սենյակը վերանորոգելուց հետո այլեւս այդտեղ չեն ապրում: Ինչեւէ, խնդիրն այն է, որ փոխնախարար Ա. Բախշյանը Ա. Հարությունյանի եւ Ս. Պետրոսյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որտեղ ձեռագիր գրությամբ խոստացվել է 405-407 սենյակները տրամադրել Մ. Սարդարյանին, համակրում է կեղծ, ոչ արժանահավատ փաստաթուղթ: Ա. Բախշյանը պնդում է, որ Մ. Սարդարյանը ապօրինաբար է զավթել այդ սենյակները: «Նրան տրվել է 1 սենյակ, այնուհետեւ վերանորոգման պատճառով նրան տրվել է 1 այլ սենյակ, բայց, թե երբ են նրան 2 սենյակ տվել` այ դա մեզ համար անհայտ է: Դա մենք համարում ենք անօրինական, նրան ոչ ոք 2 սենյակ զբաղեցնելու իրավունք չի տվել»: Չնայած դրան` մենք Ա. Բախշյանին ներկայացրեցինք այն համաձայնագիրը, որտեղ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության աշխատակազմի փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող Սեւան Պետրոսյանը տիկնոջը գրավոր խոստացել են 2 սենյակները: Նշենք նաեւ, որ ըստ Մ. Սարդարյանի` Հ. Սեդրակյանը դատարանում այդ փաստաթղթի օրինականության վերաբերյալ վկայություն է տվել, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց հետեւյալը. «Թուղթը լրացնելուց մեզ մոտ է եղել, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Ես բոլոր փաստաթղթերի հետ դա վերցրել եմ, բայց այդ ձեռագիր հատվածը չեմ նկատել: Բնակիչների հետ աշխատել են Ա. Հարությունյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը, որը հիմա չի աշխատում»: Առնվազն տարօրինակ է այս պատասխանը թեկուզ միայն նրանով, որ գրված է` «սենյակները կտրամադրվեն «Հանրակացարաններ» ՓԲԸ տնօրինության կողմից»: Ա. Բախշյանը նաեւ մեզ փոխանցեց, որ Ա. Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով չկարողացավ մասնակցել քննարկմանը, սակայն նա նույնպես հրաժարվում է ընդունել այն, որ ինքը ներկա է եղել փաստաթղթի բովանդակությունը շարադրելիս: Մինչդեռ նրա ստորագրությունն առկա է եւ դատական կարգով փորձաքննության ենթարկել դժվար չէ: «Արդյոք սա իրավազանցություն չէ՞: Որեւէ մեկը կարող էր գրել այս տեքստը, ձեռագիրը, թանաքի հաստությունը չի համապատասխանում տեքստի հետ: ՄԱԿ-ի ներկայացուցիչն է գրել, թող նա էլ պատասխանի: Նա իրավունա՞կ էր այդ տեքստը գրելուն: Այդ տեքստը որպես ի գործողություն՝ մեր կողմից չի կարող պաշտպանվել, որովհետեւ իրավական հիմքեր չունի»,- ասաց Ա. Բախշյանը, ում տեղեկացրեցինք, որ նույն անձինք միեւնույն գրությունից տվել են նաեւ մեկ այլ բնակչի` Անժելա Փահլեւանյանին: Ի դեպ, ըստ Ա. Բախշյանի` ընդառաջելով Մ. Սարդարյանի խնդրանքին՝ սենյակների բաշխմամբ զբաղվող աշխատանքային խումբը առաջարկել է նույնիսկ այնպիսի սենյակ տրամադրել, որը կոմունալ պայմաններ ունի եւ գտնվում է բարվոք վիճակում, սակայն տիկինը հրաժարվում է լքել վերոնշյալ 2 սենյակները` մատնանշելով կնքված համաձայնագիրը. «Լրացուցիչ սենյակ տալու իրավունք որեւիցե մեկը չունի»: Չնայած դրան՝ հայցվոր կամ պատասխանող կողմը կարող է ձեռագրաբանական փորձաքննության միջնորդություն ներկայացնել եւ ՄԱԿ-ի ներկայացուցչի շարադրած տեքստի արժանահավատությունը պարզել: Ի դեպ, Ա. Բախշյանը նաեւ վստահեցնում է, որ ՏԿՆ-ն ըստ օրենքի եւ համապատասխան որոշման` զբաղվում է միայն փախստականների բնակեցմամբ, հետեւաբար նման կարգավիճակ ունենալու պարագայում գոնե հնարավոր կլիներ Մ. Սարդարյանի համար զիջումների գնալ: Մեջբերենք «Փախստականներին ժամանակավոր կացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կանոնակարգից» գլուխ 6-ի` 6.2 կետը. «Առանձին կատեգորիայի` ոչ փախստական քաղաքացիներին (սոցիալապես անապահով, անօթեւան, խիստ կարիքավոր անձինք կամ ընտանիքներ) սույն կանոնակարգով կարող է հատկացվել հանրակարգային սենյակ` միայն ՀՀ Տարածքային կառավարման նախարարի հանձնարարականի հիման վրա` 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալու դեպքում այն կարող է երկարաձգվել ՀՀ ՏԿ նախարարի կողմից` անձի դիմումի հիման վրա»: 2007-ից մեկնարկել է հանրակացարանի 2 հարկերի վերանորոգման գործընթացը. մեկ հարկը տրամադրվել է «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին, որի գործառույթը օտարերկրյա փախստականներին կացարանով ապահովելն է՝ մինչեւ նրանց կարգավիճակին որոշում տալը, իսկ մյուս` 3-րդ հարկը միայն իրաքահայ փախստական ընտանիքներին է տրամադրվել: Օտարերկրյա փախստականներին տեղաբնակներին վռնդելու հաշվին բնակեցնելու կարծիքը Ա. Բախշյանի մոտ զայրույթ առաջացրեց. «Մենք ազատում ենք այդ սենյակը, որովհետեւ այն անօրինաբար զավթել է տիկին Մարիետա Սարդարյանը: Դա կապ ունի՞ փախստականների հետ»: Անդրադառնալով բնակիչների այն ահազանգին, թե միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարները տնտեսելով՝ ՏԿՆ-ն օտարերկրյա փախստականների համար առանձին շենք կառուցելու փոխարեն հանրակացարանի հարկերն է վերանորոգում եւ տրամադրում` Ա. Բախշյանը խորհուրդ տվեց հանդիպել «Հատուկ կացարանի» տնօրենին եւ ուսումնասիրել տեղանքը, մարդկանց կենսակերպը, ապաստան հայցողների կարգավիճակը եւ այլն: «Ապաստան հայցողների համար պետությունը միջոցներ է տրամադրում, եւ եթե այդ միջոցները չեն բավարարում՝ նորից ներգրավվում են այլ միջոցներ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Դա մտնում է պետության պարտավորությունների մեջ: ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարը պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորելու ապաստան հայցողների հատուկ կացարանի կառուցումը: Բնական է` էն անշարժ գույքը, որի վրա պետք է կառուցվեր հատուկ կացարանը` պիտի տրամադրեր պետությունը: 2005-2009թթ. տարեկան բյուջեով նախատեսված են եղել փախստականների համար բնակարաններ գնելու եւ նրանց տրամադրելու համար գումարներ: Բնակարանների գնումից հետո ազատված սենյակներն առանձնացվել եւ տրվել է հատուկ կացարան կառուցելուն»,- ասում է Ա. Բախշյանը: Այդուհանդերձ, Ա. Բախշյանը հաստատում է, որ ըստ միջազգային պարտավորության` պետությունը պետք է մի շենք տրամադրի, որտեղ կկառուցվի հատուկ կացարանը` վերանորոգված պատշաճ պայմաններով: Մեր պետությունն էլ ընտրել է Նոր Նորքի հանրակացարանի շենքը, որը նաեւ ծանրաբեռնված է սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներով: Հետաքրքիր է` ինչո՞ւ պետությունը հատուկ կացարանի համար չընտրեց մայրաքաղաքի տասնյակ լուծարված ու չգործող հաստատությունների շենքերից որեւէ մեկը: Բնականաբար, ծախսերը կմեծանային: Ինչեւէ, ՏԿ փոխնախարարն ինքը նշեց, որ հատուկ կացարան կառուցելու ֆինանսավորումը եղել է ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի կողմից: Հետեւաբար՝ մի՞թե արժեք չունի ՄԱԿ-ի ներկայացուցչի ստորագրությամբ փաստաթուղթը, ըստ որի՝ իրենք պարտավորվում են Մ. Սարդարյանին տեղահանելուց հետո տրամադրել 405 եւ 407 սենյակները: Առաջիկայում կփորձենք պարզել, թե ապաստան փնտրողների համար հատուկ կացարան կառուցելու նպատակով միջազգային կազմակերպությունները որքա՞ն գումար են տրամադրել եւ ի՞նչ պահանջներ են ներկայացրել: Կհետեւենք նաեւ դատավարության ընթացքին: