Դպրոցներում` ձմեռային մեծ արձակուրդ

26/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Դեռեւս կոնկրետ ժամկետ չի ասվում, թե երբ են տաքացվելու Երեւանի դպրոցները: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի Կրթության վարչությունից, օրերս հանդիպում է կազմակերպվել բոլոր համայնքների դպրոցների տնօրենների հետ եւ հանձնարարականներ է տրվել ստուգումներ կատարել դպրոցներում: Դպրոցներում պետք է փորձարկվեն ջեռուցիչները, ուսումնասիրվի ներքին ցանցը, էլեկտրական մալուխներն ու էլեկտրական վահանակները: Ինչպես նաեւ` ստուգվելու են դպրոցների շենքերի մուտքերը, սանհանգույցները, պատուհանները, որպեսզի ձմեռն անակնկալի առջեւ չկանգնեցնի դպրոցներին: Քաղաքապետարանը դիմելու է ՀՀ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին՝ էլեկտրական մալուխները ստուգելու համար: Հոսանքի վարձավճարները հոգալու են դպրոցները: Անցած տարվա 20 կաթսայատների փոխարեն, այսօր արդեն կաթսայատան միջոցով տաքացվելու է եւս 23 դպրոց, այսինքն, ենթադրվում է, որ Երեւանի 43 դպրոցներ գոնե կկարողանան բարենպաստ ջերմաստիճան ստեղծել դասասենյակներում: Մնացած դպրոցները մնում են էլեկտրական սալիկների հույսին: Իսկ բավարար ջերմաստիճանը, ըստ քաղաքապետարանի Կրթության վարչության, պետք է լինի +16O C: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այս դեպքում երեխաները ցրտի պատճառով դպրոց չեն հաճախում: Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի Կրթության վարչությունը որոշում է կայացրել երկարացնել ձմեռային արձակուրդը՝ գարնանային եւ աշնանային արձակուրդի հաշվին: Փաստորեն, չի լինի աշնանային եւ գարնանային արձակուրդ, բայց փոխարենը` ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 26-ից եւ կտեւի մինչեւ փետրվարի 12-ը: Բացառություն են կազմում առաջին դասարանցիները, որոնց համար ձմեռային արձակուրդը կերկարի եւս մեկ շաբաթով, նաեւ` նրանք չեն զրկվի աշնանային եւ գարնանային արձակուրդներից: