«Entertainment Weekly» ամսագրի նոր համարում տպագրվել է փոքրիկ հոդված «Խավարում. Սագա. Արշալույս» ֆիլմի մասին, ինչպես նաեւ ֆիլմի հերոսների` Բելլայի եւ Էդվարդի ամուսնական առաջին գիշերվա տեսարանից մի քանի լուսանկարներ: Ֆիլմի ռեժիսոր Բիլլ Քոնդոնը խոստանում է, որ հերոսների ամուսնական առաջին գիշերվա տեսարանը լինելու է շատ ինտիմ եւ խորիմաստ: «Ես հսկայական ժամանակ եմ հատկացրել` մտածելով, թե ինչպես է պետք նկարահանել այդ տեսարանը: Ուզում եմ «խաղալ» հանդիսատեսի սպասումների հետ եւ զարմացնել նրան»,- ասում է ֆիլմի ռեժիսորը: Նրա խոսքով` նկարահանման խումբը մեծ ցանկություն ուներ նկարահանելու ավելի խորաթափանց եւ խիստ ֆիլմ, քան նախորդ ֆիլմերն էին: Ամուսնական առաջին գիշերվա տեսարանը նկարահանելու համար նկարահանող խումբն ու դերասանները աշխատել են 12 ժամ: Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերակատար Ռոբերտ Փաթթինսոնը, ով համարվում է Հոլիվուդի գլխավոր սեքս սիմվոլը, իր երկրպագուների հսկայական բանակին շուտով կուրախացնի նոր` «Ջուրը փղերին» ֆիլմով, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Ռիզ Ուիզերսփոունն է: