«Մանկական Եվրատեսիլը»՝ Հայաստանում

20/01/2011

Անցյալ տարի` մեր փոքրիկ երգիչներն ի դեմս Վլադիմիր Արզումանյանի ապացուցեցին, որ «Եվրատեսիլում» կարող են անել ավելին, քան մեծերը. եւ ոչ միայն մասնակցել մրցույթին, այլեւ հաղթել: Ինչպես հայտնի է, մանկական «Եվրատեսիլում» չի գործում մեծահասակների մրցույթում գործող այն սկզբունքը, ըստ որի` հաջորդ մրցույթը տեղի է ունենում այն երկրում, որի մասնակիցը հաղթում է: Այստեղ կանոններն այլ են. մրցույթն անցկացվում է այն երկրում, որը լավ առաջարկ է ներկայացնում: «2011թ. «Մանկական Եվրատեսիլը» տեղի է ունենալու Հայաստանում` դեկտեմբերի 3-ին: Այս տարի, շնորհիվ երկարատեւ բանակցությունների, սակայն շատ կարճ եւ հրատապ աշխատանքի` Հանրային հեռուստաընկերությանը հաջողվեց այդ կարեւոր իրադարձությունը բերել Հայաստան»,- ոգեւորությամբ նշեց հաղորդավարուհի, «Եվրատեսիլ 2011» պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի` Հայաստանի «Մանկական Եվրատեսիլը» լինելու է պրոֆեսիոնալ կազմակերպված, շքեղ եւ տպավորիչ շոու: Այն կազմակերպելու համար ներգրավվելու են հայ, շվեդ եւ, իհարկե, Եվրոպական Հեռարձակողների միության լավագույն մասնագետները: Շոուն տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Արդեն հայտնի է պրոդյուսերը, ով ազգությամբ շվեդ է եւ բազմիցս «Եվրատեսիլներ» է կազմակերպել:

«Միջոցների մի մասը տրամադրելու է Եվրոպական Հեռարձակողների միությունը, իսկ մյուս մասը մենք տեղում կհայթայթենք: Իսկ թե ընդհանուր առմամբ որքա՞ն կլինի «Մանկական Եվրատեսիլի» բյուջեն, պարզ կլինի միայն մրցույթի ավարտից հետո: Մենք կունենանք շքեղ շոու, որը չի զիջի նախորդ տարիներին տեղի ունեցած «Եվրատեսիլներին»,- օրերս նշեց Ալեքսան Հարությունյանը:

Ինչպես հիշում ենք, «Մանկական Եվրատեսիլի» նախկին պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը վերջին «Եվրատեսիլի» ժամանակ հայտնել էր, թե հնարավոր է, որ 2010-ինը լինի վերջին «Մանկական Եվրատեսիլը»: Արդյոք Հայաստանը հայտ ներկայացնելով` փրկե՞լ է մրցույթը: Ա. Հարությունյանն այս կապակցությամբ ասաց, որ իրականում կային նման խոսակցություններ, սակայն այս տարի եւս ներկայացվել են հայտեր:

Իսկ ըստ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի` մասնակցության հայտ ներկայացել էին 5 երկրներ, որոնցից միայն երկու երկիր են անցել հաջորդ փուլ եւ, ի վերջո, Հայաստանի առաջարկը համարվել է լավագույնը: Իսկ մրցույթին կմասնակցի՞ արդյոք Ադրբեջանը: «Դեռ անհայտ է, բայց շատ ուրախ կլինենք նաեւ այդ երկրի մասնակցությանը»,- ասաց Ալեքսան Հարությունյանը:

Պաշտոնապես հայտարարվեց նաեւ մեծերի «Եվրատեսիլում» մեր երկրի ներկայացուցչի` Էմմիի ելույթի օրը` մայիսի 10-ը: Պաշտոնական վիճակահանության արդյունքում պարզվել է, որ Հայաստանը լինելու է առաջին կիսաեզրափակչում: Երկրների հերթականությունը կորոշվի մարտի 10-ին` պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Ահա այն երկրները, որոնք ըստ վիճակահանության՝ մասնակցելու են մեզ հետ` Ալբանիա, Ֆինլանդիա, Վրաստան, Նորվեգիա, Լեհաստան, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Թուրքիա, Ադրբեջան, Խորվաթիա, Հունաստան,Հունգարիա, Իսլանդիա, Լիտվա, Մալթա, Պորտուգալիա եւ Սան Մարինո: Քվեարկելու իրավունք ունեն նաեւ մեծ հնգյակից Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան:

Ինչո՞ւ է երկարաձգվել երգերի ընդունման ժամկետը: Այս հարցին Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Մեծերի «Եվրատեսիլի» երգերի ընդունման ժամկետը հետաձգվել է այն պատճառով, որ դեռ շարունակվում են հայտեր ներկայացվել, եւ խնդրում են երկարաձգել ժամկետը, որպեսզի հասցնեն երգերն ուղարկել. ի վերջո, դա անհրաժեշտ է, որպեսզի ընտրվի լավագույններից լավագույնը: Վերջնաժամկետը հունվարի 23-ն է: Ասեմ նաեւ, որ 30-ից ավելի երգեր ունենք եւ, բացի այդ, ամեն օր 2-ական երգեր ենք ստանում: Բավական շատ հայտեր ունենք արտերկրի մեր կոմպոզիտորներից»: