Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լայնամասշտաբ հետազոտություն է անցկացրել Եվրոպայի բնակիչների շրջանում եւ եկել այն եզրահանգման, որ ծխելու պատճառով եվրոպացի տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտական աշխատանքը հիմնված է եվրոպական երկրներում բնակչության մահացության մասին վիճակագրական տվյալների վրա: ԱՀԿ-ի տվյալներով՝ մի շարք երկրներում տղամարդկանց եւ կանանց մահացության միջեւ տարբերությունը 60%-ով պայմանավորված է ծխելուց առաջացած հիվանդություններով։ Այսպես, Բրիտանիայում կանանց կյանքի տեւողությունը 4 անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանցը, չնայած վերջին տարիներին այդ տարբերությունը սկսել է կրճատվել: Ալկոհոլը մահացության գենդերային տարբերությունների երկրորդ պատճառն է. դրա ազդեցությունը երեւում է դեպքերի 20%-ի դեպքում։
Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ կանանց եւ տղամարդկանց մոտ մահացության ցուցանիշերը պայմանավորված են ֆիզիոլոգիական տարբերություններով ու նաեւ այն հանգամանքով, որ կանայք ավելի շատ են դիմում բժշկի օգնության:
Կանանց եւ տղամարդկանց մահացության միջեւ ամենաքիչ տարբերությունը 30 եվրոպական երկրներից Իսլանդիայում եւ Բրիտանիայում է, որտեղ տարեկան տղամարդկանց մահացության թիվը 200-ով գերազանցում է կանանց նույն ցուցանիշը: Բրիտանացիների վաղաժամ մահվան 60% դեպքերում պատճառը թոքերի քաղցկեղն ու սրտանոթային հիվանդություններն են, որոնք սովորաբար առաջանում են ծխելուց: Ամենամեծ տարբերությունը Լիտվայում եւ Ուկրաինայում է, որտեղ այդ ցուցանիշը կազմում է տարեկան 800 մարդ: «Այս գիտական աշխատությունը խոսում է այն մասին, որ սեռերի հարաբերակցությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլեւ սոցիալական տարբերություններով,- ասել է հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Ջերրի Մակքարտին: – Հիմնականում դրանք պայմանավորված են ծխախոտի օգտագործմամբ»։ Գիտնականները նշում են, որ ընդհանուր առմամբ ծխողների թիվը սկսել է կրճատվել, սակայն խոստովանում են նաեւ, որ երիտասարդ կանանց շրջանում նկատվում է աճող հակվածություն ալկոհոլի եւ ծխախոտի նկատմամբ: «Պետք է արգելել ծխախոտային արտադրանքի ցուցադրումը խանութների ցուցափեղկերում,- ասել է British Heart Foundation բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը: -Դա նույնպես գովազդի տարատեսակ է, որը երիտասարդությանը մղում է ծխախոտի օտագործման»։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լայնամասշտաբ հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ պասիվ ծխելու արդյունքում տարեկան մահանում է 600.000 մարդ, որոնց մեկ երրորդը երեխաներ են: