2011թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրգործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 10-ամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրգործը հարուցվել է 46 օր ուշացումով եւ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչեւ մահը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»: Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, եւ 10-ամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել: