Սիլվա Գմբիկյանի 9-րդ դասարանցի աղջիկն արդեն մի քանի տարի է, ծնողներից հեռու է ապրում և գտնվում է տատ ու պապի խնամքի տակ: 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Մարգարա գյուղում:
«Ամուսինս՝ Լևոն Գաբրիելյանը, մասնակցել է Արցախի ազատագրմանը, գեներալ Մանվել Գրիգորյանի ջոկատում է կռվել ու վիրավորվել է: Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի օգնություն կամ ուշադրություն չենք զգացել, պետությունը մեր մասին լրիվ մոռացել է: Գումար չլինելու պատճառով չենք կարողանում ամուսնուս հաշմանդամության թղթերը դասավորենք, որ գոնե մի երկու կոպեկ թոշակ ստանանք: Երեք անչափահաս երեխա ունեմ, ծայրահեղ վատ վիճակում ենք ապրում, բայց ոչ մեկը ձեռք չի գցում, որ ոտքի կանգնենք: Այս տարի աղջիկս դպրոցը պիտի ավարտի, չգիտենք` ինչ անենք, ահավոր դրության մեջ ենք»,- ասաց Սիլվան:
Տիկնոջ ասելով` նպաստ էլ չեն ստանում, քանի որ «Նպաստի բաժնից անձնագիր են ուզում, իմ անձնագրի ժամկետն էլ լրացել է, փող չունենք, որ գնամ ժամկետը երկարացնեմ: Ամուսնուս թղթերն էլ կիսատ-պռատ են ու ըտենց հետաձգվում է»:
Մարգարայի գյուղապետ Խաչիկ Ասատրյանին հարցրեցինք` արդյոք գյուղապետարանը չի՞ կարող փաստաթղթերի հարցում օգնել այս ընտանիքին:
«Ես միշտ էլ իրենց ասել եմ, որ գան իրենց փաստաթղթերի համար հետաքրքրվեն: Դա ինձ համար դժվարություն չի, 2 օրում կդասավորեմ: Լևոնը ֆիդային է եղել, եթե թղթերն ունենան, ահագին գումար կստանան: Գոնե դուք ասեք, որ գան թղթերը դասավորեն»,- «Հետքին» պատասխանեց գյուղապետը:
Սիլվա Գմբիկյանն ասում է, որ փաստաթղթերը պետք է մարզկենտրոնում պատրաստեն, բայց իրենք պարզապես միջոց չունեն այնտեղ հասնելու:
Նշենք, որ Գաբրիելյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում: Տունը հողաշեն է ու վթարային. այն ցանկացած պահի կարող է փլվել: Տան պատերն իրարից առանձնացած են, իսկ միակ քիչ թե շատ օգտագործելի սենյակի պատերի գաջը տեղ-տեղ թափվել է: Բնակելի սենյակում դրված է սովետական արտադրության հեռուստացույց և երկու երկաթե մահճակալ: Փաստորեն, իրար կպած մահճակալներին քույր ու եղբայր նույն անկողնում են քնում, նրանց կողքին էլ` ծնողները: Գաբրիելյանները տանն աթոռ չունեն, փողոցից երկաթե կտորներ ու մի քանի քար են բերել և աթոռի փոխարեն հարմարեցրել սենյակում:
«Տեգրս մահացել է, հիմա մի բակի մեջ նրա կնոջ հետ ենք ապրում, տան հետ կապված ոչ մի փաստաթուղթ չունենք, հիմա չգիտենք` այդ տունը մե՞րն է, թե՞ տեգորս ընտանիքինը, օդի մեջ ապրում ենք: Ահ ու դողով ենք ապրում, ամեն պահի հնարավոր է, որ քանդվի գլխներիս»,- ասաց տիկին Սիլվան:
Մեր այցելության պահին նրա ամուսինը դուրս էր եկել գյուղամեջ` աշխատանք փնտրելու: Բանվորություն է անում, սակայն դա էլ ամեն օր չի լինում, լավագույն դեպքում` շաբաթը 1-2 անգամ:
«Շաբաթներով ուտելու հաց չենք ունենում, մի 2 օրվա ալյուր ունենք, կվերջանա, էլի սոված կնստենք: 2 օր է` գնում, ուրիշի հողերն եմ աշխատում, որ աղջկաս վինետկի փողը դզեմ, տանի դպրոց: Եթե գործ լինի, կանեմ, երեխուս օրվա հացի փողը կստեղծեմ, չէ՝ ուրեմն պիտի սոված նստենք: Ամեն անգամ չեմ կարա գնամ սրան-նրան ասեմ` ինձ մի կտոր հաց տվեք, տանեմ երեխես ուտի, ոչ մեկն էլ պարտավոր չի ինձ ամեն օր հաց տա: Դու քո վրա վեկալ, եթե հացի փող չունենաս, ամեն օր կգնա՞ս ուրիշին ասես` ինձ հաց տուր, կամաչես, չէ՞: Ումից էլ գնամ հաց ուզեմ, պիտի ասեն` ջահել կնիկ ես, գնա աշխատի, ունեցի, բայց ցավն էլ էն ա, որ աշխատանք չկա, եթե գործ լինի, անգյալի նման չեմ առնի-սոված նստեմ, կգնամ, կանեմ, երեխեքիս նորմալ կպահեմ:
Փշալարերից էն կողմ (որտեղ հայ-թուրքական սահմանն է-հեղ.) 1500 մետր հող ունենք, բայց գյուղից մի 8-10 կիլոմետր հեռու ա, ամեն օր չեմ կարա գնամ-գամ: Մեզ մի քիչ մոտիկ 1500 մետր հողի վրա էլ դատարանը կալանք է դրել, ուզում են ձեռներիցս առնեն, չգիտեմ` ինչ պիտի անենք: Էլեկտրաէներգիայի պարտք ունենք, տեղը հողն են ձեռքներիցս խլում:
Պետությունը գոնե հասկանա, որ վիճակներս էնքան վատ ա, որ հոսանքի վարձն էլ չենք կարում վճարել: Իրանք իրանցով դատ են արել ու որոշել են, որ հողը պիտի աճուրդի դնեն: Աշխատանք չունենք, ամուսինս էլ վիրավոր է, չենք հասցնում պարտքը փակենք, որ գոնե հողից չզրկվենք»,- պատմում է Սիլվան:
Բանն այն է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ խնդրելով արձակել վճարման կարգադրություն և արգելանք դնել Լևոն Գաբրիելյանին պատկանող 1500 մետր հողակտորի վրա: Էլցանցերի դիմումը դատավոր Ա. Աղամյանը հիմնավոր է համարել և այս տարվա մարտի 3-ին այն բավարարել է: Գաբրիելյանների էլեկտրաէներգիայի պարտքը կազմում է 229 հազար 725 դրամ ($ 637): Հողակտորը դեռևս աճուրդի չի հանվել, բայց հստակ է, որ Գաբրիելյաններն այն hետ բերելու ոչ մի շանս չունեն:
«Անցած տարի ուրիշի հողն եմ վերցրել մշակել, ասեցի` մշակեմ, գոնե մի քիչ ոտքի կանգնենք, բայց ոռոգման ջուր չտվեցին, ամբողջ բերքս չորացավ, ոչ մի եկամուտ էլ չստացա: Այս տարի էլ նույնը, եսիմ` ջուր կտա՞ն, թե՞ չէ: Հույսով ապրում ենք, բայց ոչ մի տարի դրական տեղաշարժ չենք զգացել, հիմա էլ ամեն ինչը թանկացրել են, սովից կմեռնենք»,- մտահոգված է Սիլվա Գմբիկյանը:
Գրիշա Բալասանյան
www.hetq.am