Միակ ելքը` նորմալ ընտրություններ

25/12/2010

«2010 թվականը ձեռքբերումների տարի չի կարելի համարել»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը` նշելով, որ անցնող տարում Հայաստանում առկա խնդիրները լուծում չեն ստացել, շատերը հեռանում են երկրից, առ այսօր անազատության մեջ են քաղբանտարկյալները, աճում է աղքատությունը: «Եթե ամփոփելու լինենք, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական առումով երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ»,- ասել է նա` ընդգծելով, որ բոլոր այդ խնդիրները լուծելու միակ ելքը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: «Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ առաջին հերթին պետք է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, առանձին կադրային փոփոխություններով էական բան չի փոխվի, եւ ընդդիմությունն այս պահանջն է մշտապես դրել»,- ասել է նա: Ստեփան Դեմիրճյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ իշխանությունները պաշտոնյաների փոփոխությունների ու պաշտոնանկությունների ժամանակ մեկնաբանություններ չեն հնչեցնում: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` ՀԺԿ նախագահն ասել է, որ տարին այս առումով եւս դրական չէր, քանի որ առաջին հերթին բարենպաստ չէին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: Ըստ նրա, վերջին տարիներին մի շարք ոչ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել:

ԼՂ խնդրի կարգավորման հարցում, Դեմիրճյանի խոսքով, առաջին հերթին պետք է վերականգնել ԼՂ մասնակցությունը բանակցություններին: Ս. Դեմիրճյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ի 20-ամյակի միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` նշելով, որ այդ ելույթը «ուշացած» քայլ էր: «Ակնհայտ է, որ փորձում են այս քայլով շահել հասարակության համակրանքը, բայց գիտեք` ուշացած է: Ի՞նչ է նշանակում՝ հիմա խոսել թիկնապահների շքահանդեսի մասին: Վաղուց արդեն այդ այլանդակ երեւույթը ուղղակի նողկանք է առաջացնում հասարակության մեջ: Եվ ովքե՞ր են այդ շքահանդեսն իրականացնում: Այդ նույն դահլիճում նստածների մեջ էին նրանք»,- հայտարարել է Ստեփան Դեմիրճյանը: Նա զարմանք է հայտնել նաեւ անհանդուրժողականությունը բացառելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ` նշելով, որ, օրինակ, մինչեւ այժմ հարյուր տոկոսանոց հանդուրժողականություն է ցուցաբերվել քվեներ գողացողների նկատմամբ: «Փորձում են հիմա իմիջը փոխել, սակայն առանձին կադրային լուծումներով էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ: Էական փոփոխության կարելի է հասնել երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու միջոցով: Այ սա կլինի ռեալ քայլ»,- հայտարարել է Դեմիրճյանը: