Որտեղի՞ց է փչում քամին

25/12/2010

«Սկսում եմ կասկածել, թե որտեղի՞ց են գալիս այդ խոսակցությունները: Կստանա՞ արդյոք իշխանությունն այն խորհրդարանը, որն այսօր ունի, եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ»,- անդրադառնալով խորհրդարանը ցրելու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին՝ երեկ հայտարարել է Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` ավելացնելով,- Չեմ կարծում, որ դա կլինի, որովհետեւ դա մեծ շռայլություն է այսպիսի պայմաններում` թե՛ նյութական եւ թե՛ քաղաքական առումներով: Եվ հետո ընտրությունները որոշակիորեն սասանում են քաղաքական կայունությունը»: Նա նշել է, որ թեեւ ինքն անձամբ չի հավատում, այդ խոսակցություններին, սակայն դրանց գոյության համար որոշ միտումներ նկատում է: Շահբազյանի խոսքերով, Հայաստանում այնքան լճացած վիճակ է, որ հենց մի փոփոխություն է լինում, «մտածում ենք՝ ճահիճը սկսում է պարզվել»: «Այսպիսի փոփոխությունները բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես իրականացնում են: Պողոսին հանել եւ նրա փոխարեն Պետրոսին դնելը, եթե դա արդյունավետ պիտի դարձնի այդ համակարգի գործունեությունը, ողջունելի է, սակայն, եթե դրանք չհանգեցնեն սկզբունքային լուծումների, չբերեն համակարգային փոփոխությունների, ոչինչ չի փոխվի»,- հայտարարել է Արտյուշա Շահբազյանը: