«Ես կարծում եմ, որ որեւէ առիթ Նենսի Փելոսին` ներկայումս ակտիվացնելու այդ գործընթացը, չուներ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է դեսպան, քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի չընդգրկվելը: «Ընդհանրապես` հարցը միշտ պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ: Սա նշանակում է, որ ներկայումս այդ հարաբերությունների տրամաբանությունն այնպես է զարգանում, որ նման գործողությունների կարիք չկա: Ես չեմ կարծում, որ որեւէ լուրջ մեկնաբան կամ վերլուծաբան կարող էր ակնկալել ներկայումս այդ հարցի շոշափումը կամ ակտիվ քննարկումը,- նշել է Հովհաննիսյանը` ավելացնելով,- Ինչպես միշտ, ակտիվացում կլինի փետրվարից մինչեւ ապրիլի 24-ը, իսկ թե այդ ժամանակաշրջանում ինչ վիճակում կլինեն թուրք- ամերիկյան հարաբերությունները եւ բազմաթիվ այլ հարցեր` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, դժվար է կանխատեսել ներկայումս: Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը եւ ամերիկյան գործոնի կարեւորումը սեզոնային բնույթ է կրում»: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելն անվանել է «ողջախոհության հաղթանակ», ինչին ի պատասխան՝ Դավիթ Հովհաննիսյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ այստեղ որեւէ հաղթանակ կամ որեւէ պարտություն կա, այսինքն` ամեն ինչ իր հունով նորմալ գնում է, նորմալ` ոչ հայկական կողմի համար, բայց բնական ճանապարհն է»: «Ի՞նչ պետք է լինի, որպեսզի Կոնգրեսում մեծամասնությունը կողմ քվեարկի այդ բանաձեւին` երբեւէ». այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշել է. «Ես կարծում եմ, որ դա կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված: 100-ամյակից հետո այդ գործոնը ուղղակի սպառված կլինի, Միացյալ Նահանգներն այլեւս այդ պրոբլեմը որպես լծակ` Թուրքիայի վրա ազդելու համար, չի ունենա»: