ԲՀԿ-ն՝ «երկու քարի արանքում»

25/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2010թ. ավարտը գրեթե ամբողջությամբ ուրվագծեց 2011թ. քաղաքական տարվա սպասելիքները: Արդեն պարզ է, որ հաջորդ տարվա սկզբից Հայաստանի քաղաքական դաշտում ընթանալու է գործող ուժերի վերադասավորումների եւ դիրքորոշումների վերջնական հստակեցման գործընթաց: Հայաստանի իշխանությունները պետք է որոշակիացնեն, թե որ ուժերն իրենց հետ չեն եւ որոնք են իրենց նվիրված, որպեսզի արդեն 2012թ. խորհրդարանական ընտրություններում անցանկալի անակնկալներ չունենան:

Այդ տեսանկյունից ուշագրավ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկատվության հրապարակումը, ինչը քաղաքական շրջանակներում որակում են՝ որպես «Քոչարյանի հայտնություն»: Այդ հանդիպման մասին լուրը պաշտոնապես հայտարարվեց այնպիսի նախանձախնդրությամբ, որ շատերը` հատկապես իշխանության հանրապետական թեւում, դա ընկալել են որպես այս խառը շրջանում Քոչարյանի կողմից իր ներկայությունն ու «ուժը» ցուցադրելու փորձ: Իսկ ո՞ւմ կարող էր անհրաժեշտ լինել եւ ո՞ւմ կարող էր ուղղված լինել Ռ.Քոչարյանի մասին «հիշեցումը»: Ս.Սարգսյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ներկայացրած վերջնագրից հետո (որը Ս. Սարգսյանը որակեց որպես պահանջ) ամեն վայրկյան սպասվում է, որ այդ կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից: Հայտնի է, որ այդ վերջնագրի համաձայն` Գ.Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն պետք է հնարավորինս շուտ հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն է պաշտպանելու: Տեղեկություններ հրապարակվեցին, որ Գ.Ծառուկյանն իր կուսակցական պատգամավորներին ու նախարարներին զգուշացրել է, որ ցանկացած պահի պատրաստ լինեն կոալիցիայից դուրս գալու: Վերջին մեկ ամսում ԲՀԿ պատգամավորներն ու նախարարները քաղաքականապես շատ պասիվ են: Նախկինում ամեն պատեհ առիթով հայտարարություն անող ԲՀԿ պատգամավորները դեկտեմբերի 6-ից մինչեւ 22-ը տեւած ԱԺ հերթական ու արտահերթ նստաշրջանների ժամանակ գրեթե չմասնակցեցին խորհրդարանի աշխատանքներին: Նրանք միայն քվեարկությունների ժամանակ մեկումեջ կոճակ էին սեղմում, երբեմն նույնիսկ, կամա թե ակամա, դա էլ չէին անում` տապալելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրատապ որակված օրինագծերի քվորումը: ԲՀԿ-ականները նույնիսկ ԱԺ միջանցքներում էին քիչ երեւում, թերեւս անցանկալի հարցեր տվող լրագրողներից խուսափելու համար:

Երբ մոտ երկու ամիս առաջ Գ.Ծառուկյանը հայտարարում էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ձգտելու է հավաքել ձայների 50+1 տոկոսը, միգուցե չէր պատկերացնում, թե ինչեր կհետեւեն դրան: Այս առումով, Ռ. Քոչարյանի աջակցությունն առաջին հերթին անհրաժեշտ է ԲՀԿ-ին: Խորհրդարանում, սակայն, շատերը խոսում են, որ Գ.Ծառուկյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել առաջիկա քայլերի վերաբերյալ:

Դեռեւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո քննարկվում էր, թե Հայաստանում կարող է իրականացվել «ռուսական սցենարը»: Ըստ այդմ, ինչպես ՌԴ-ում պաշտոնաթող նախագահ Վ.Պուտինը դարձավ վարչապետ, այնպես էլ Հայաստանում վարչապետ կարող էր նշանակվել Ռ.Քոչարյանը: Բայց այդ տարբերակը Հայաստանում չգործեց, թերեւս, առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ս.Սարգսյանը չէր ցանկանա իշխանությունը կիսել Ռ. Քոչարյանի հետ: Բնականաբար, Ս. Սարգսյանը չի ցանկանում իր դիրքերը որեւէ կերպ զիջել նաեւ հաջորդ հնգամյակում: Եվ, ըստ որոշ իշխանամետ պատգամավորների` ստեղծվել է մի իրավիճակ, որ Գ.Ծառուկյանը պետք է հնարավորինս շուտ հայտարարի, թե ԲՀԿ-ն ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այսինքն` հայտնվել են, ժողովրդական լեզվով ասած` «երկու քարի արանքում»: Նույն վիճակում են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները: Նույնիսկ ԲՀԿ-ականները չեն բացառում, որ եթե Գ.Ծառուկյանը որոշի դուրս գալ կոալիցիայից, նրա պատգամավորների մեծ մասը, նաեւ՝ նախարարներն, իրենց բիզնեսն ու հնարավորությունները պահպանելու համար ոչ միայն կլքեն հարազատ կուսակցությունը, այլեւ կհամալրեն Հանրապետական կուսակցության շարքերը: Առանց մտածելու նույն բանը կանի նաեւ ընդամենը վերջերս ԲՀԿ անդամ դարձած ու ճակատին «Օրինաց Երկիր» կրող` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Եվ եթե նույնիսկ կուսակից պաշտոնյաները չլքեն ու հավատարիմ մնան, ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալուց հետո: Ընտրողների համակրանքը շահելու համար պետք է ընդդիմադի՞ր դիրքերից հանդես գա: Փորձը ցույց տվեց, որ դա բոլորովին էլ «աշխատող» տարբերակ չէ: Արդեն մեկուկես տարի է, ինչ

ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից եւ փորձում է ներկայանալ որպես ընդդիմադիր ուժ, ինչը, սակայն, նրանց մոտ չի ստացվում. հասարակությունը նրանց այդպիսին չի ընդունում: ԲՀԿ-ի դեպքում` առավելեւս չի ընդունի: