Այս տարի երեւանյան շուկաներում Ամանորի տոնական նախատրամադրությանը փոխարինել են ագրեսիայի բացահայտ դրսեւորումները: Առեւտրով զբաղվողներն այլեւս հոգնել են ամենօրյա պայքարից, առեւտուր «չանելուց» ու գնորդների սառած հայացքներից:
Երեւանի Գումի շուկայի վաճառողները երեկ ինձանից փորձում էին պարզել, թե ինչու հանկարծ գյուղնախարար «հոպարը» իրենց հիշեց: Վաճառողներից ոմանք չէին ճանաչել գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, ով 2 օր առաջ գնացել էր Գումի շուկա: Պարզվում է` Ամանորի խոզի բդի պես դեմոնստրատիվ է եղել նաեւ գյուղնախարարի այցը շուկա: Շուկայի աշխատակիցներից ոմանք նախարարին դիմել էին «հոպար» բառով՝ միաժամանակ հետաքրքրվելով, թե հոպարին ո՞ր ապրանքների գներն են հետաքրքրում: Ասում են, որ գյուղնախարար-հոպարին, մեղմ ասած՝ զարմացրել են գները: Վերջինս զարմացել էր տավարի մսի բարձր գներից: Այս օրերին Երեւանի շուկաներում տավարի միսը վաճառվում է 1 կգ-ն 2800-3500 դրամով՝ նախորդ տարվա 1600-1800 դրամի փոխարեն: Խոզի մսի 1 կգ-ն վաճառվում է 2500-2700 դրամով, խոզի փափկամիսը՝ 2000 դրամով, խոզի մատները՝ 1800: «Արտակարգ խայտառակ վիճակ ա: Ձմեռ պապիկի գլխարկ ենք դնում, մի քիչ կապկություն ենք անում, որ ժողովուրդը առնի: Էն էլ առնող չկա»,- ասաց երիտասարդ մսավաճառներից մեկը: Վերջիններս դժգոհեցին ցածր գնողունակությունից: Լավ կլիներ, եթե գյուղնախարար Գ. Ալավերդյանը հետաքրքրվեր նաեւ տեղական մրգերի գներով: Նա հաստատ զարմանալու շատ բան կունենար: Օրինակ, տարվա այս ժամանակահատվածում հայկական տեղական խնձորը վաճառվում է 1000-1500 դրամով: Նախորդ տարի այն արժեր 500-700 դրամ, տանձը՝ 1000-2000 դրամ, խաղողը՝ 700-1000 դրամ, մանդարինը՝ 600-700 դրամ, արքայանարինջը (կարալյոկ)՝ 700-1500 դրամ, բանանը՝ 600-1000 դրամ, արքայախնձորը՝ 4000-5000 դրամ, նուռը՝ 1500-3000 դրամ, սերկեւիլը՝ 1200-1500 դրամ: «Ահավոր վիճակ ա: Առեւտուր ընդհանրապես չկա: Իսկ դրա բացատրությունը հարցրեք մեր երկրի մինիստրներից, որ ժողովրդին փող տան, ժողովուրդն էլ առնի»,- նշեց մրգավաճառներից մեկը: «Երկու օր ա՝ սֆթա չեմ անում: Երեւի չեք էլ պատկերացնի»,- շարունակեց հարեւան վաճառասեղանի առեւտրականը: Քիչ անց զայրացած առեւտրականները աղմուկ բարձրացրեցին: Նրանցից ոմանք այնքան էին զայրացել, որ ընդհանրապես լրագրողներին խորհուրդ էին տալիս՝ «իրենց» կողմերում չերեւալ: Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին նախարարին նույն ձեւակերպմամբ չմոտեցան, խորհուրդ տալով՝ այլեւս իրենց «կողմերում» չերեւալ, պատասխանեցին, որ իշխանություններն այդ մասին լավ գիտեն, ու վաղուց է, որ «հասարակ» ժողովուրդն իրենց չի հետաքրքրում: «Աղջիկ ջան, էս կարամ տարիներով միրգ չուտեմ, բայց կարագը, պեսոկը, յուղը, հացը՝ հո պիտի կարողանա՞մ առնեմ: Սնունդն էդ ա»,- նկատեց առեւտրական տատիկը, ով, չնայած իր տարիքին, ստիպված է կանգնել վաճառասեղանի մոտ: «Էս ա երկիրը»,- դժգոհում էին վաճառողները: «Էս կյանքից ու ապրելակերպից շատ դժգոհ եմ: Սա աշխատանքի ձեւ չի: Թող աշխատատեղեր բացեն: Հայ կանանց չի սազում առավոտից իրիկուն կանգնել էստեղ, ու վերջում էլ գրոշներ ստանալ»,- ասում էին նրանք: «Մրգերի թանկացման պատճառով էս տարի թանկ է նաեւ չրեղենը: Ամենաէժան չիրը 4000 դրամից ա սկսում: Բա էլ ո՞վ առնի: Ժողովուրդը նայում-անցնում ա»,- նկատեց չրեղեն վաճառող կինը: Ընկույզի 1 կգ-ն արժե 4500-5000 դրամ:
Պատկերն այլ է տոնածառերի վաճառքի կետերում: Նախ կարեւոր է այն, թե ինչ տոնածառ ես նախընտրում` բնակա՞ն, թե՞ արհեստական: Տոնածառերի գները սկսում են 9000 դրամից: Սակայն դրանից թանկն ու գեղեցիկն էլ կա, ինչպես ասացին իմ զրուցակից «ծառավաճառները»: «Քուր ջան, եթե թարմ ծառ ա պետք, զանգեմ-ասեմ, գնացեք, որ ծառը դուրներդ գա, կտրեն-տան»,- ասաց վաճառողներից մեկը: Ըստ նրա՝ ամենաթանկ ու բարձրահասակ եղեւնիներն արժեն 150.000 դրամ: Բացի դրանից, նաեւ եղեւնու ճյուղեր կան, որոնց 1 հատը վաճառվում է 500 դրամով: Այս ամենի նկատմամբ գնորդներն անցնում են մի տեսակ անտարբեր, հոգսաշատ ու գլխիկոր: Տնային տնտեսուհիների համար եկավ «բդի» մեծության, եղեւնու բարձրության, սեղանի աննախադեպ ճկվածության տարին՝ ամեն անգամ նոր, բայցեւ՝ հին դարդ ու ցավով: