Ընթացիկ տարվա դեկտեմբերին Ֆինլանդիան նշեց անկախ պետականության 93-ամյակը: Մենք հպարտանում ենք մեր հյուսիսային երկրով, որը 1917թ. ռուսական հեղափոխությունից հետո անկախություն ձեռք բերեց, պայքարեց այդ անկախության համար Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եւ աղքատ գյուղատնտեսական երկրից վերափոխվեց ու դարձավ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը:
Ֆինլանդիայի եւ հարավկովկասյան երեք հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասին խոսելիս` մենք հազվադեպ ենք մտածում այն հարցի շուրջ, որ մեր երկրների պատմությունը հետաքրքիր զուգահեռներ է պարունակում: Բոլոր երկրները գտնվում էին մեկ հզոր տերության` Ռուսական կայսրության կազմում: 100 տարվա ընթացքում` մինչեւ անկախություն ձեռք բերելը, Ֆինլանդիան ինքնավարություն ուներ: Ֆինլանդիան անկախություն նվաճեց 1917թ. եւ կարողացավ պահպանել այն: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ճակատագրերն այլ կերպ դասավորվեցին. ԽՍՀՄ-ի փլուզումը փոխեց աշխարհակարգը, եւ այս երկրները վերականգնեցին իրենց անկախությունը: Պետությունները Եվրոպայի նկատմամբ իրենց վերաբերմունքը հաճախ ձեւավորում են` ելնելով սեփական աշխարհագրական դիրքից, պատմությունից եւ մշակույթից: Սակայն ամենակարեւորը Եվրոպա մուտք գործելու երկրի ցանկությունն է: Եվրոպական ինքնության էությունը աշխարհագրությունը կամ նույնիսկ մշակույթը չէ, այլ հավատարմությունը համընդհանուր արժեքներին: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը եվրոպական պետություններ են եւ իրավունք ունեն կառուցել եվրոպական ապագա: Եվրոպական Միությունն ու Ֆինլանդիան ողջունում են Եվրոպային մերձենալու այս երկրների ձգտումը եւ համագործակցության համապատասխան ձեւաչափերի շրջանակներում, մասնավորապես, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ասոցիացման շուրջ բանակցություններում պարտավորվել են աջակցել իրենց գործընկերներին այդ գործընթացում:
Ֆինլանդիայի` Եվրոպայի հետ մերձենալու ու ինտեգրվելու գործընթացը տեղի է ունեցել ոչ թե ուղիղ, արագ կերպով, այլ բավական երկարատեւ, փուլային ճանապարհ է անցել` երբեմն հանդիպելով լուրջ դժվարությունների, ուղեկցվելով Եվրոպական տնտեսական միության` ԵՏՄ-ի շրջանակներում ազատ առեւտուր իրականացնելու նկատմամբ ԽՍՀՄ-ի բացասական վերաբերմունքով: Ֆինդլանդիայի` Մաքսատուրքերի ու առեւտրի գլխավոր համաձայնագրի կազմակերպությանը` GATT-ին անդամակցելու եւ Եվրամիության անդամ դառնալու միջեւ ընկած ժամանակահատվածը կազմեց 39 տարի: 1956թ. Ֆինլանդիան դարձավ GATT-ի անդամ, որը Առեւտրի համաշխարհային կազմակերպության իրավանախորդն էր: Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացը սկսվեց 1961թ.-ից, երբ Ֆինլանդիան դարձավ Ազատ Առեւտրի Եվրոպական Ասոցիացիայի (ԱԱԵԱ) ասոցիացված անդամ: 1972թ. ԵՏՄ-ի հետ ստորագրվեց ազատ առեւտրի մասին համաձայնագիր, միաժամանակ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց նաեւ Տնտեսական փոխօգնության միության (ՏՓՄ) հետ: 1986թ. Ֆինլանդիան դարձավ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ: 1992թ. Ֆինլանդիան Եվրամիության անդամ դառնալու հայտ ներկայացրեց եւ ԵՄ անդամ դարձավ 1995թ.: Ազատ առեւտրի եւ ինտեգրացիայի շնորհիվ Ֆինլանդիային հաջողվեց արդիականացնել իր տնտեսությունը եւ դուրս գալ դեպի եվրոպական շուկաներ: Երկարատեւ նախապատրաստական ժամանակաշրջանի արդյունքում ԵՄ անդամ դառնալու բուն գործընթացը 1990-ականներին մեր երկրում ընթացավ բավականին արագ եւ համեմատաբար առանց ցնցումների: Հարկ է նշել, եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընթացքում Ֆինլանդիան միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ-ի, ապա եւ՝ Ռուսաստանի հետ: Արեւելյան հարեւանի հետ առեւտուրը Ֆինլանդիայի համար մեծ նշանակություն ուներ: Ռուսաստանն այսօր էլ հանդիսանում է Ֆինլանդիայի խոշոր առեւտրային գործընկերներից մեկը:
Հաշվի առնելով Ֆինլանդիայի փորձը` եվրոպական ինտեգրացիայի որոնումների մեջ գտնվող բոլոր երկրներին կարող եմ վստահաբար խորհուրդ տալ լրջորեն մտածել Եվրամիության առաջարկների շուրջ` առավելագույնս օգտագործելով ընձեռվող բոլոր հնարավորությունները: Հաջողությամբ մեկնարկել են ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունները, եւ դրանք կարող են ավարտվել բավական կարճ ժամկետներում, եթե գործընկեր երկրներից յուրաքանչյուրը արագորեն իրականացնի բարեփոխումները եւ ապահովի համաձայնագրի հաստատման համար անհրաժեշտ պայմանները: Բանակցային գործընթացի ամենաբարդ հարցը վերաբերում է ազատ առեւտրին: Ասոցացիացման եւ ազատ առեւտրի պայմանների վերաբերյալ բանակցությունները, բացի հսկայածավալ աշխատանքից, պահանջում են նաեւ երկուստեք ճկուն մոտեցում դրսեւորելու կարողություն: Ասոցիացան եւ ազատ առեւտրի պայմանների շուրջ բանակցություններում քայլեր կձեռնարկվեն` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ձեռքբերումներն ու կատարած քայլերը: Այդուհանդերձ, արժե համառորեն ջանքեր գործադրել ազատ առեւտրի մասին պայմանագիր կնքելու համար, որը կարող է զգալիորեն մեծացնել առանձին վերցրած յուրաքանչյուր պետության եւ Եվրամիության անդամ-երկրների միջեւ առեւտրի ծավալները:
Ֆինլանդիան քաջալերում է քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովմանն ուղղված քայլերը: Ասոցիացման շուրջ բանակցություններին զուգահեռ՝ բանակցություններ են վարվում նաեւ վիզային ռեժիմի մեղմացման ուղղությամբ, ինչն ավելի կմոտեցնի առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությունը: Ֆինլանդիան այս մոտեցումը խրախուսում է գործընթացի հենց սկզբից: Մարդկանց ազատ տեղաշարժը Եվրամիության հիմնական սկզբունքներից մեկն է:
Եվրամիության շրջանակներում Ֆինլանդիան ակտիվորեն աջակցում է նաեւ Արեւելյան Գործակցության ծրագրին: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ այն գործընթացում, որը կնպաստի Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, ինչպես նաեւ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մերձեցմանը: Ֆինլանդիան գտնում է, որ ԵՄ-ն հետագայում պետք է ավելի շոշափելի աջակցություն ցուցաբերի գործընկեր երկրներում բարեփոխումների իրականացման գործընթացին: Այդ բարեփոխումները համապատասխանում են ինչպես վերը նշված երկրների, այնպես էլ ԵՄ-ի շահերին: Մենք աջակցում ենք նշված երկրների հետ ասոցիացման պայմանագրերի կնքման շուրջ ընթացող բանակցություններին: Կարծում ենք, որ առանց վիզայի ռեժիմի հաստատումը համարվում է գործընկեր վեց երկրներից յուրաքանչյուրի նպատակը երկարաժամկետ հեռանկարում:
Սեփական պատմությամբ եւ փորձով մենք` ֆիններս, անվերապահորեն հավատում ենք ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու քաղաքացիական հասարակությանը: Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների գործունեությունն ու դերը պետության կյանքում: Հուսով ենք, որ ոչ պետական կազմակերպություններն ակտիվորեն կընդգրկվեն Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման գործընթացում:
21-րդ դարի երկրորդ տասնամյակի նախաշեմին ուզում եմ այս խոսքերով քաջալերել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին` հետագա բարեփոխումներ իրականացնելու գործում: Բոլոր այս երկրները կարող են միանգամայն արդարացիորեն հպարտանալ իրենց ձեռքբերումներով:
Դժվարին պատմություն ապրած Հարավային Կովկասի հարեւան երկրների զարգացումը տուժում է չլուծված հակամարտությունների պատճառով: Ասում են, որ հակամարտությունների լուծումը համարվում է ժողովրդավարության եւ տնտեսության կայուն զարգացման նախապայմանը երկրներից յուրաքանչյուրի համար: Եվ հակառակը` ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունն են պայման հանդիսանում հակամարտությունների լուծման համար: Կողմերին մաղթում ենք քաջություն հակամարտությունների լուծման գործում, որպեսզի ապահովվի հասարակության զարգացումը երկրներից յուրաքանչյուրում եւ ընդհանուր տարածաշրջանում: Նման հիմքի վրա երկրները կարող են կայուն եվրոպական ապագա կառուցել: Մենք` ֆիններս, ցանկանում ենք ապագայում էլ լինել բոլոր երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բարեկամը, ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ մեր ուղղակի շփումներում: Օգտվելով առիթից` ուզում եմ Հարավային Կովկասի մեր բարեկամներին մաղթել ամենալավն ու բարին, երջանկություն եւ հետագա հաջողություններ նոր` 2011 թվականին: