ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին: Մինչ նիստը Ս. Սարգսյանը շրջայց է կատարել Երեւանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների ուսումնական լաբորատորիաներում, որոնք այս տարի համալրվել են նորագույն սարքավորումներով: Ս. Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նաեւ ընդգծել է, որ դեռեւս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի «կարողանանք հպարտանալ Երեւանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում»: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, եւ չկա որեւէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,- ասել է Ս. Սարգսյանը: Անդրադառնալով իրականացված սոցիալական ծրագրերին, Ս. Սարգսյանն ասել է. «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, եւ ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին եւ համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք եւ շարունակում ենք արդեն ոչ միայն Համալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»: