Քրիստոսի ծնունդից հետո 2010-րդ տարին եւս ավարտվում է: Եվ ժամանակն է ինքներս մեզ հաշիվ տալու` ինչպե՞ս օգտագործեցինք այն: Կարողացա՞նք այս հերթական 365 օրն ընկալել որպես մեզ ընձեռված շնորհ, որը պետք էր ոչ թե վատնել, այլ խելամտորեն եւ արդյունավետ օգտագործել: Կարծես` ոչ:
Բարեբախտաբար, հանգամանքներն անցնող տարում էլ այնպես դասավորվեցին, որ տարածաշրջանում բախումներ չեղան: Եվ դա էր ամենամեծ ձեռքբերումը: Անցնող տարին հիշարժան էր հատկապես մշակութային աննախադեպ իրադարձություններով. Երեւանում համերգներ ունեցան Էմիր Կուստուրիցան, Յան Գիլանը, Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Բորիս Գրեբենշչիկովը, Պլասիդո Դոմինգոն: Համերգով հանդես եկավ նաեւ մեր աշխարհահռչակ ջութակահարը` Սերգեյ Խաչատրյանը: Այս տարի Հայաստանի շախմատի պատանեկան թիմը հաղթանակ տարավ օլիմպիադայում: Մանկական «Եվրատեսիլում» հայ երեխայի հաղթանակը եւս հաճելի իրադարձություն էր: Իսկ մնացյալն այնպես էր, ինչպես նախորդ տարիներին: Նույնիսկ` ավելի վատ: Կադրային վերջին փոփոխությունները` եզակի բացառությամբ, ամենեւին չզարդարեցին տարվա ավարտը: Իսկ «Լեզվի մասին» օրենքում լրացումներ անելու որոշումը, որն ԱԺ-ն տարեվերջին ընդունեց, լուրջ բարոյական հարված էր հայ ժողովրդին:
Ազգային բանակում արձանագրված բազում միջադեպերից շատերն ավարտվեցին մահվան ելքով: Մոտ երկու տասնյակ երիտասարդ սպանվեց իր ծառայակիցների ձեռքից, մի քանիսը` հակառակորդի գնդակից:
Կոռուպցիան, կաշառակերությունն ու գանձագողությունը շարունակվում են պետական մակարդակով` բոլոր կարեւոր օղակներում: Ընդհուպ` մանկատներից յուրացվում են ծնողազուրկ երեխաներին հասանելիք կոպեկները: Պարզվում է` պետական գրեթե բոլոր օղակներում գանձագողեր, անազնիվ ղեկավարներ են: Վկան` երեկ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ներկայացրած փաստերը: Գողանում են առողջապահության, գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության, գիտության ոլորտի ղեկավարները, շարքային չինովնիկները: Գողանում, հափշտակում, պետական ունեցվածքը յուրացնում են մարզպետներն ու մարզպետարանների աշխատակիցները: Ի՞նչ հիմքով են այդ անազնիվ մարդիկ աշխատում: Պատասխանն այնքան էլ բարդ չէ. հասարակության մեծ մասն ընտրությունների ժամանակ լծվում է անազնիվ աշխատանքի, եւ չարաշահումների ազատությունն էլ այն վարձատրությունն է, որ նրանք ստանում են խարդախությունների դիմաց:
Իշխանությունը, որը հարմար է գտնում ներկայանալ կոալիցիոն սուրբ երրորդության քողի տակ, ամենեւին չի գիտակցում իր առաքելությունը: Ավելի ստույգ` իր առաքելությունը տեսնում է միայն ամեն գնով վերարտադրվելու մեջ: Իշխանության վերին օղակներում հայտնված մարդիկ քիչ ունեն մտորելու, խորհելու ժամանակ, եւ դեռ չեն հասցրել գալ կարեւոր եզրակացությունների: Մասնավորապես, որ իրենք ունեն մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու եզակի հնարավորություն: Եվ որ իրենք, այդուհանդերձ, մահկանացու են: Ճիշտ, ինչպես Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող աղբարկղերն ամեն օր նույն ջանասիրությամբ փորփրող ամուսինները: Որ հայտնվելով բարձր պաշտոնների` իրենք ոչնչով ավելի ապահովագրված չեն մեզնից յուրաքանչյուրից:
Նրանք ունեն կրթվածության, առհասարակ` աշխարհայացքի խնդիր: Նրանց համար մարդու կյանքն` ինքնին, ոչինչ է: Նրանք փորձում են ամեն կերպ խլացնել այլախոհների ձայնը: Փակում են ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, եթեր չեն տալիս «Ա1+»-ին, ընդդիմության այն ուժեղ անհատներին, ովքեր կարող են շարժել տեղում դոփող ընդդիմությանը, առաջնորդել մարդկանց: Նման անհատներն այսօր անազատության մեջ են: Իշխանություններն իրենց եւ Նիկոլ Փաշինյանի պայքարում ուժեղ են համարում Նիկոլին եւ նրան զրկում ազատությունից: Ուժեղ, ինքնուրույն մտածող հակառակորդ ունենալը հատուկ է ուժեղ իշխանություններին: Թույլերին հարմար է այն ընդդիմությունը, որն ունենք այսօր:
Իշխանություններն ունեն որակյալ մասնագետների մեծ պակաս: Երբ մարդն իր աշխատանքում պրոֆեսիոնալ է, նա լիարժեք է եւ կարող է իրեն թույլ տալ ազատ մտածել եւ գործել: Տակավին երեկ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարը` Հովհաննես Հովսեփյանը, ամփոփեց իր ղեկավարած ծառայության աշխատանքն ու ներկայացրեց արդյունքները: Արդեն նշեցինք` բացահայտվել են բազմաթիվ խախտումներ: Սակայն, երբ Վերահսկողական ծառայության ղեկավարն այդ ամենին զուգահեռ՝ անկեղծանում է, թե վստահ է` նախագահական հաջորդ ընտրություններին երկրի նախագահը լինելու է ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը, նրա արած բացահայտումներն անլրջանում են:
Հետաքրքիր է, եթե սրամիտ մեկը ստորագրահավաք նախաձեռներ, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Նուրսուլթան Նազարբաեւը` Ղազախստանում, Հայաստանը ղեկավարի մինչեւ խոր ծերություն, կգտնվե՞ր մի պաշտոնյա, ով դեմ ստորագրեր: Դժվար թե:
Կան թեմաներ, որոնց մասին բարձրաձայն խոսելը համարվում է նաիվ, սենտիմենտալ: Սակայն Ամանորից առաջ կարելի է նաեւ սենտիմենտալ լինել: Իրականությունն այն է, որ մեր հասարակությունը չի կարողանում հաղթահարել ինքնարժեւորման, ինքնագնահատականի բարձրացման խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրն իրեն համարում է անզոր մեկը, ումից բացարձակ ոչինչ կախված չէ: Սակայն, եթե հասկանանք, թե որքան առանձնահատուկ ենք յուրաքանչյուրս, որ մեզ տրված է ամեն օր արեւի ջերմությունը զգալու, սիրելու եւ սիրվելու, մեր երեխաներին տեսնելու հնարավորություն: Եթե գիտակցենք, որ միլիոն հնարավորից ծնվել ենք հենց մենք, այդ դեպքում կարժեւորենք թե՛ մեր, թե՛ մեզ նման յուրաքանչյուրի կյանքը: Կփորձենք միմյանց հանդեպ ավելի խնայող լինել:
Ինչը եւ մաղթում եմ: Սիրեք եւ խնայեք միմյանց` հաջորդ եւ հաջորդող բոլոր տարիներին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: