Հրաշք, որին սպասել են 10 տարի

25/12/2010 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամանորի նախօրեին միայն երեխաները չէ, որ սպասում են հրաշքների: Մեծահասակները եւս հոգու խորքում, միգուցե եւ՝ առանց բարձրաձայնելու, երազանքների եւ հրաշքների իրականացում են ակնկալում` իրենց բալիկների հետ տոնածառը զարդարելիս: Ցավոք, այսօր Հայաստանում քիչ չեն այն զույգերը, որոնց համար զավակի հետ տոնածառ զարդարելն անիրական երազանք է դարձել: Նրանք ընդհանրապես չեն ցանկանում զարդարել այն տունը, որտեղ տարիներով այդպես էլ չի հնչում երազանք դարձած մանկիկի ձայնը: Ամուսնական զույգերից շատերը համակերպվում են երեխա չունենալու մտքի հետ, ոմանք տարիներով բուժվում են, ոմանք որոշում են երեխա որդեգրել մանկատնից, ոմանք էլ պարզապես ամուսնալուծվում են: Շատ քիչ են նրանք, ովքեր պայքարում են սեփական երեխան ունենալու համար, քանի որ շատ հաճախ այդ ճանապարհը շատ երկար ու ցավոտ է լինում: Քիչ չեն դեպքերը, երբ այդ նպատակին զույգերը հասնում են 10 տարի անց: 10 տարի այս զույգը երազել է փոքրիկ ունենալու մասին եւ այս տասը տարիների ընթացքում գրեթե երբեք տոնածառ չի դրել` սպասելով իրենց փոքրիկի «հայտնվելուն»: «10 Ամանոր իմ միակ երազանքը եղել է մայրանալը, փոքրիկիս համար Ձմեռ պապի նվերներ պատրաստելը, նրա հետ միասին զարդարելը եւ հրճվելը` ամեն անգամ տեսնելով, թե ինչպես է նա ոտքերի ծայրերի վրա ձգվում դեպի սիրելի խաղալիքը»,- ասում է Մարին: 10 տարի անց միայն այս զույգը «գտավ» իր երեխային` Սանկտ Պետերբուրգի`«Մարդու վերարտադրության Բալթյան Ինստիտուտում»: «Ես ու ամուսինս միշտ երազել ենք շատ երեխաներ ունենալու մասին»,- ասաց Մարին` ամուր գրկելով իր միակ որդուն, որին գրկելու համար, ինչպես ինքն է ասում` սպասել էր մի ամբողջ կյանք: «Նա թաքնվում է մահճակալի ետեւում եւ ձայներ հանում, որ փնտրեմ իրեն: Երբ անունը բարձրաձայն կանչելով փորձում եմ գտնել, նա մեր խաղի հաճույքից սկսում է կչկչալով ծիծաղել: Իսկ երբ գտնում եմ, արագ վազում է գիրկս եւ ամուր փաթաթվում»,- պատմում է նա: Մարին, ինչպես յուրաքանչյուր մայր, պատրաստ է անվերջ պատմել իր երեխայի մասին: Սակայն նրա հուզմունքը կրկնակի է. նա 10 տարի սպասել է իր փոքրիկի ծիծաղը լսելու բերկրանքին: «Կուզենայի, որ ոչ մի կին չհուսահատվեր, երբ երեխա ունենալու ցանկությունն այդպես էլ երկար ժամանակ չի իրականանում: Ես գիտեմ, թե որքան տհաճ է, երբ ամեն օր` լինի ծանոթ թե անծանոթ, իր պարտքն է համարում հարցնել չհղիանալուդ պատճառը: Յուրաքանչյուրն իր պապական խորհուրդներով է հանդես գալիս…»: «Տարիներն անցնում էին, եւ ես արդեն սովորել էի մարդկանց նման վերաբերմունքին: Սովորել էի անտեսել այդ հիվանդագին հետաքրքրասիրությունը: Ես ու ամուսինս այս 10 տարիների ընթացքում ոչ մի վայրկյան չենք կասկածել, որ անպատճառ երեխա ենք ունենալու: Միասին գնացել ենք հետազոտման եւ բուժումների: Եթե մի բժշկի նշանակումներն անօգուտ էին, դիմում էինք մեկ ուրիշին, եւ այդպես անվերջ,- ասում է Մարին` ավելացնելով,- Ես ու ամուսինս գնացինք մինչեւ վերջ. որոշեցինք արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալ: Բայց այդ ամենը մեծ գումարների հետ էր առնչվում, եւ մենք ստիպված բանկից վարկ վերցրեցինք` մոտ 6000 դոլար: Երբ գնացինք Մարգարյանի անվան հիվանդանոց՝ պատասխանն իմանալու, սպասասրահում տխուր իրավիճակ էր: Մեր բախտին արժանացած զույգերին ցավով բացասական պատասխաններ էին հայտնում այդ օրը, եւ նրանք, մի կերպ զսպելով արցունքները, հեռանում էին: Վախով էինք սպասում մեր հերթին… Բացասական պատասխանով տուն վերադարձանք նաեւ մենք: Վերադարձի ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, կարծես փորձում էինք յուրաքանչյուրս մեր հոգու խորքում հասկանալ իրականությունը: Անցավ եւս մեկ տարի, եւ ամուսինս ասաց, որ պետք է եւս մեկ անգամ փորձել` վերջին անգամ: Եթե չստացվեց, նշանակում է` այլեւս ոչ մի բուժում: Անկեղծ ասած, այդ 10 տարիների ընթացքում սարսափելի հոգնել էի դեղերից, ներարկումներից, հիվանդանոցների հոտից… Բայց ամուսինս ինձ համոզեց` ասելով, որ դա լինելու էր ծնող դառնալու մեր վերջին փորձը: Այս անգամ որոշեցինք գնալ Սանկտ Պետերբուրգի «Մարդու վերարտադրության Բալթյան Ինստիտուտ»»:

Այս քայլն առավել մեծ գումարների հետ էր կապված, սակայն նրանք որոշեցին ռիսկի դիմել եւ կրկին վարկ վերցնել բանկից. «Սանկտ Պետերբուրգում մենք ոչ մի ծանոթ չունեինք, չգիտեինք անգամ, թե որտեղ ենք ապրելու… Բարեբախտաբար, ինքնաթիռում ծանոթացանք լենինգրադաբնակ հայ ընտանիքի հետ, ովքեր առաջարկեցին առաջին մի քանի օրերն իրենց տանն անցկացնել` մինչ բնակարան վարձելը: Սկիզբն արդեն իսկ հուսադրող էր, մնում էր հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ Փառք Աստծո` եղավ»:

Եվ 10 տարի հետո ծնվեց նրանց տղան, ով պարզապես նրանց դարձրեց մամա եւ պապա: «Թող ոչ մի կին չհուսահատվի. ինձ մոտ ստացվեց, Ձեզ մոտ եւս անպատճառ կստացվի: Պարզապես մինչեւ վերջ գնացեք դեպի Ձեր երեխան»,- ասաց Մարին: