«Իշխող կոալիցիայից ՀՀԿ-ն այսօր հայտարարում է այն մասին, որ գալիք խորհրդարանում մեծամասնությունը պետք է լինի ինքը, իսկ նախագահի անվերապահ թեկնածուն էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը, եւ ովքեր իշխանական դաշտում չեն ընդունի այս խաղի կանոնները, կպատժվեն: ՕԵԿ-ը միանգամից ասաց, որ ինքն անվնաս է ու ընդունում է խաղի կանոնները: ԲՀԿ-ն, ինչքանով հասկանալի է դառնում, ուզում է հետաձգել մինչեւ խորհրդարանական ընտրություններ…»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` այսօր նույն խաղի կանոնները գործում են նաեւ ընդդիմադիր դաշտում. «Եվ հիմնականում այստեղ ՀԱԿ-ի գործոնն է: Լինելով ընդդիմադիր դաշտի կարեւոր ուժերից մեկը, ըստ էության, ՀԱԿ-ն անում է նույնը, ինչը իշխանական դաշտում է: ՀԱԿ-ը եւս հայտարարում է ընդդիմադիր դաշտում առաջնորդ լինելու մասին, եւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանն այլընտրանք չկա»: Ավելին, Ռ. Հակոբյանի խոսքով, ՀԱԿ-ը եւս բոլոր նրանց, ովքեր իր հետ չեն, հայտարարում է ընդդիմությունից դուրս ու պիտակավորում, ինչի վտանգավոր հետեւանքն այն է, որ նման պահվածքով խոչընդոտում է ընդդիմության դաշտի համախմբումը, եւ այսօրվա իշխանությունը մնում է առանց այլընտրանքի: «Ստացվում է` կա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ն են, կա՛մ այսօրվա իշխանությունները»,- նշել է նա: