Թայմ աութ

23/12/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «թայմ աութ» են վերցրել: Հիշեցնենք, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին վերջնագիր էր ներկայացրել, որպեսզի նա հրապարակավ հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու: Վերջին օրերին մամուլում ավելի շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից: Գ.Ծառուկյանը փորձում է այդ ժամկետը հնարավորինս երկարաձգել: Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ավարտին նեղ շրջանակում Գ.Ծառուկյանը խմել է Ս.Սարգսյանի կենացն ու ասել` «մեր գլխից անպակաս լինես»: Իշխանական շրջանակներում դա մեկնաբանում են որպես խոստովանություն, բայց կարճ ժամանակահատվածի համար: Այս օրերին մերձիշխանական կուլիսներում երկու հնարավոր սցենար է շրջանառվում՝ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Իշխող են այն տեսակետները, թե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս կգա փետրվար ամսին, ինչը կհամընկնի ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկի հետ: Մյուս տեսակետի համաձայն՝ ԲՀԿ-ն կարողացել է համաձայնություն ձեռք բերել եւ մինչեւ 2011թ. ավարտը կմնա կոալիցիայի կազմում: Նշենք նաեւ, որ երեկ երեկոյան ԲՀԿ-ն կոալիցիոն մյուս գործընկերների` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ միասին ամանորյա ճաշկերույթի էր մասնակցում «Օջախ» ռեստորանում: