Առաջին «պատգամը»

23/12/2010

Երեկ հերթական անգամ օրհնվեց հայտնի սհաթը: Ընդ որում, կրկնակի: Նախ` կեսօրին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» օրենքում լրացումներ, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում` փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով վերացվեց Հայաստանում օտարալեզու, այդ թվում` ռուսալեզու դպրոցներ բացելու արգելքը` փաստացի ռուսաց լեզուն հավասարեցնելով պետական լեզվի կարգավիճակին: Իսկ մինչ Երեւանում մտավորականներն ու օտարալեզու դպրոցների դեմ պայքարող հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ձայն էին բարձրացնում ընդունված օրենքի վերաբերյալ, արդեն Մոսկվայում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր լայնարձակ ժպիտով լսում էր, թե ինչպես է ռազմավարական երկրի պաշտոնյան իր հետ խոսում այնպիսի տոնով, ինչպես խոսում են սեփական նահանգապետի հետ: Բացառված չէ նույնիսկ, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր էին օրենքի ընդունման օրը հարմարեցրել Տիգրան Սարգսյանի մոսկովյան այցի հետ: «Մենք ակնկալում ենք, որ Ձեր եւ ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան»,- ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հայտարարել է ՌԴ վարչապետը: Տիգրան Սարգսյանը, բնականաբար, Պուտինին նույնիսկ վախվորած տոնով չի ասել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ գործում են ազատ շուկայական հարաբերություններ, ու բոլոր գործարարները` անկախ ազգությունից, գտնվում են հավասար պայմաններում, եւ իշխանությունն ապահովում է ոչ թե ոմանց հարմարավետությունը, այլ օրենքի գերակայությունը: Կարեւոր չէ, որ իրականում Հայաստանում նշված հասկացություններից որեւէ մեկը գոյություն չունի, եւ որ Պուտինին այդ ամենը հայտնի է: Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետը համարձակություն չի ունեցել գոնե առարկելու իր ռուս «գործընկերոջը»… Երբ օտարալեզու դպրոցների նախաձեռնության դեմ պայքարողները իրավացիորեն ահազանգում էին, որ դրանով վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոտնահարվում է պետության կարեւորագույն ատրիբուտներից մեկը, իշխանությունները` նույն Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ նրա` դեռեւս հայեցի առոգանությամբ, ասում էին, թե դա չափազանցություն է: Ինչպես տեսնում ենք, «արդյունքը» սպասեցնել չտվեց: Եվ ճակատագրի հեգնանքով Տ. Սարգսյանը հայ առաջին պաշտոնյան էր, որ այդ օրենքի ընդունումից ժամեր անց հանդիպեց Ռուսաստանի վարչապետի հետ: