Ապտակները` 2011-ին

23/12/2010

«Անցնող` 2010թ. ընթացքում հանրապետությունում արձանագրված միակ դրական երեւույթը պերճախոս ելույթների առատությունն էր: 2010թ. մենք այնքան ականներ ենք դրել 2011թ. համար, որ դրա ապտակները դեռեւս ուտելու ենք 2011թ.»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, նա ասել է. «Խոսք չունեմ ՀՀ նախագահի վերջին ելույթի շեշտադրումների հետ կապված, բայց ուզում են հիշեցնել, որ այդ ելույթները մարտահրավերներ են հենց իր համար, մարտահրավեր են դրանք իրականացնելու առումով»: Ըստ նրա` որոշ ժամանակ անց ժողովուրդը պետք է գնահատական տա, թե, արդյոք, արդարացվա՞ծ էին կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները, արդյոք դա կհանգեցնի՞ որակական փոփոխությունների, կոռուպցիայի նվազեցման, ժողովրդավարության մակարդակի աճի. «Ուրախ եմ, որ հանրապետության նախագահը այսպիսի խիզախ մարտահրավերներ է նետել ինքն իրեն»:

«Ժողովրդավարության առաջամարտիկներ չեն կարող համարվել այն քաղաքական ուժերը, որոնց սպասարկող թերթերն ու հեռուստաընկերություններն իրենց եթերի եւ էջերի 99 տոկոսը նվիրում են իրենց, մեկ տոկոսը` ուրիշներին»,- ասել է նա` պատասխանելով ընդդիմադիր դաշտի համախմբման մասին հարցին: Նաեւ հավելել է. «Եթե այդ ուժերը գան իշխանության, ապա նույնն անելու են ազգային հարստության հետ»: Պատասխանելով որոշ ՀՀԿ-ականների դիտարկումներին, թե հաջորդ խորհրդարանում «Ժառանգության» համար «տեղ չկա», Ս. Սաֆարյանն ասել է. «Որոշ հանրապետականներ սկի իրենք չգիտեն, թե իրենք տեղ կունենա՞ն, թե՞ ոչ: Անկեղծ ասած, այդպիսի կարծիքներ հայտնող մարդկանց վերաբերյալ մենք տեղեկություն ունենք, որ նրանք չեն լինելու գալիք խորհրդարանում: Ծիծաղելի է, որ նրանք «Ժառանգության» վերաբերյալ դատողություններ են անում»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ հավելել է, թե իշխանական կոալիցիան այսօր անթաքույց «տոտալիտար հակումներով է առաջնորդվում»: