Նոր բան չունի ասելու

23/12/2010

«Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած վերջին կադրային փոփոխություններով ոչ թե իշխանական բուրգը կազմաքանդվելու է, այլ ավելի է ուժեղանալու»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա համոզված է, որ նախատեսված քայլերն իրականացվելու դեպքում` իշխանությունն ավելի մեծ աջակցություն է ստանալու, քանի որ նախորդ օրերին տեղի ունեցած պաշտոնանկությունները ինքնանպատակ չեն եղել: «Արմատական փոփոխություններ հնարավոր են, բայց ոչ հեղափոխական մոտեցումներով, այլ կլինի այնպես, որ յուրաքանչյուր պաշտոնյա, ով չի մտնում Սերժ Սարգսյանի ասած արժեքների մեջ, պիտի հեռանա, եթե չի գործում օրենքի դաշտում եւ կարգապահ չէ»,- ասել է Նիկոյանը: Հարցին, թե` ինչպե՞ս պատահեց, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարին չպատժելու համար Արդարադատության նախարարին ազատեցին աշխատանքից, իսկ հանցանք գործած ԴԱՀԿ պետին՝ ոչ, Ս. Նիկոյանը պատասխանել է. «Հեռացվողները նախագահի ամենամերձավոր շրջապատից էին, եւ եթե այս անգամ մի պաշտոնյա չի հեռացվել, եւ բավարարվել են պատժի այլ ձեւով, կարելի է բավարարվել նաեւ դրանով»:

Անդրադառնալով 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերին, Ս. Նիկոյանը, ով «Մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարն էր, ասել է, թե ոչ մի նոր բան չունի ասելու մարտի 1-ի դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսեւորել Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, եւ հասարակությունն այդպես էլ որեւէ մարդասպանի չի տեսել, Նիկոյանը պատասխանել է, թե Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, ներկայացրել մեծ զեկույց, եւ նոր բան չկա ասելու: Դիտարկմանն էլ, թե իշխանությունը խոսում է հանդուրժողականությունից, բայց մինչ օրս բանտում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ իրենց գործընկեր Սասուն Միքայելյանը, նա պատասխանել է. «Ես ցավում եմ, եւ կուզենայի, որ Մարտի 1-ը չլիներ, Սասունն էլ այնտեղ չլիներ»: Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Ս. Նիկոյանն ասել է. «Եթե ուշադիր հետեւենք նախագահի գործունեությանը, կտեսնենք, որ 2008թ. հետո նախագահը հնարավորություններ չուներ, իսկ հիմա լավ հնարավորություններ է բացվել՝ արտաքին գերլարված աշխատանքից հետո անդրադառնալ ներքին խնդիրներին: Դրա վառ վկայությունը նաեւ ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը նրա ելույթն էր»: