Երկիր մոլորակը մտել է ամանորյա եւ Ծննդյան տոների շրջափուլը: Մանկության տարիներին մենք այս օրերին սպասում էինք Ձմեռ պապին-Սանտա Կլաուսին: Հետո հասկացանք, որ նրանք գոյություն չունեն: Սակայն ինձ թվում է, որ այդ զգացումը` հրաշքի սպասումը հենց այս օրերին, մարդկանց մեջ մնում է ողջ կյանքում: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նախածննդյան այս օրերին չխոսենք այլմոլորակային քաղաքակրթությունների մասին: Առավել եւս, որ համացանցը լի է Երկիր մոլորակին մոտեցող «երեք հսկա այլմոլորակային օդանավերի» մասին տեղեկություններով: «168 ԺԱՄ»-ի հյուրն է գրող, լրագրող, այլմոլորակային քաղաքակրթությունների փորձագետ Ռոման Սմիռնովը:
– TB-3 հեռուստաալիքի վերջին հաղորդումներից մեկի ժամանակ Ձեզ ներկայացրին որպես «այլմոլորակային քաղաքակրթությունների փորձագետ»: Ի՞նչ է նշանակում «այլմոլորակային քաղաքակրթությունների փորձագետը»: Մի՞թե այդ քաղաքակրթությունները շատ են:
– ՉԹՕ-ների փորձագիտությունը նույնքան անորոշ եւ ոչ կոնկրետ հասկացություն է, որքան իրենք` ՉԹՕ-ները: Կան մարդկանց տարբեր խմբեր, որոնք զբաղվում են այս հարցով: Նրանց թվում են հետազոտողներ, գիտնականներ, իսկ հիմա նաեւ քաղաքական գործիչներ: Սակայն ընդհանրացումների մակարդակ եւ սթափ հայացք հարցի վերաբերյալ այնքան էլ հաճախ չի հանդիպում: ՉԹՕ-ների հետ կապված շատ են շահարկումները, որոնք հիմնված են չհաստատված փաստերի վրա: Հաստատումը կարող է ընդունելի լինել միմիայն ՉԹՕ-ի հետ շփման կամ դրանց դիտարկման անհերքելի փաստերի դեպքում: Մինչեւ հիմա մենք ունենք միայն ականատեսների բանավոր վկայություններ կամ, լավագույն դեպքում, իբրեւ ապացույց ներկայացվող լուսանկարներ, որտեղ գիշերային երկնքի ֆոնին անհասկանալի բիծ է երեւում: Ինչ վերաբերում է քաղաքակրթությունների` բազմաթիվ լինելուն, ապա ես կմեջբերեի վերերկրյա բանականության մասին լավագույն` հանրահայտ «Կոնտակտ» ֆիլմից (Ջոդի Ֆոսթերի մասնակցությամբ) մի արտահայտություն: Ֆիլմի հերոսներից մեկն ասում է. «Տիեզերքն այնքան հսկայական է, որ հիմարություն կլիներ, եթե այդքան տարածքն իզուր կորչեր»: Հերոսը նկատի ունի հենց աշխարհների եւ քաղաքակրթությունների բազմությունը:
– Դուք անձամբ բախվե՞լ եք վերերկրային կյանքի ինչ-ինչ դրսեւորումների հետ: Բացատրեմ. ես, օրինակ, մանկության տարիներին` 1970-ականների կեսերին, Հայաստանի սարերում մի անգամ գիշերը երկարավուն, լույս արձակող օբյեկտ եմ տեսել, որը մեղմ սուլոցով բարձրություն վերցրեց եւ ի վերջո անհետացավ իմ տեսադաշտից, թռավ-գնաց` իր ետեւից մոխրագույն հետք թողնելով. այն պատել էր երկնքի կեսը եւ մնաց համարյա մեկ ժամ: Այնտեղ, որտեղ դա տեղի է ունեցել, ինքնաթիռներ չեն թռչում, օդապարիկներ եւ նման սարքեր երկինք չեն բարձրանում: Միայն մի քանի տարի դրանից հետո ես կարդացի դոցենտ Զիգելի հոդվածը ՉԹՕ-ների մասին, եւ այդ ժամանակ, համադրելով տեսածս, որոշեցի, որ լույս արձակող այն երկարավուն օբյեկտը կարելի է ՉԹՕ համարել: Նման բան Ձեզ հետ կատարվե՞լ է:
– Կարծում եմ` այո՛, ինչպես մարդկանց մեծամասնությունը, բացառությամբ նրանց, ովքեր իբրեւ թե զբաղվում են այլմոլորակային քաղաքակրթությունների հետ շփումներով վաղուց եւ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես ականատես եմ եղել մի բանի, ինչը դժվար է բացատրել եղած ինֆորմացիայի հիման վրա, բայց ես չեմ կարող հաստատ պնդել, թե դա հենց ՆՐԱՆՔ են եղել, այն պատճառով, որ չեմ կարող համոզիչ կերպով ապացուցել դա:
– ՉԹՕ-ների հետ կապված շատ շահարկումներ են արվում: Ըստ Ձեզ` ո՞ր օրինակներն են արժանի ուշադրության: Ի՞նչը կարող է թեկուզ անուղղակիորեն ապացուցել, որ այլմոլորակային քաղաքակրթություններն իրոք գոյություն ունեն:
– Անուղղակի ապացույցները բավականին հաճախ են հանդիպում, հատկապես պատմության մեջ: Հնագույն քաղաքակրթությունների պատմության մեջ ակնհայտ բացեր կան, կան հետաքրքիր փաստեր` կապված, օրինակ, Երրորդ Ռեյխի եւ դեպի Անտարկտիկայի ափերը նրանց ճանապարհորդության հետ: Կամ, օրինակ, կարելի՞ է արդյոք ապացույց համարել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ շփումների գծով պաշտոնի հայտնվելը ՄԱԿ-ում (ավելի ճիշտ` ոչ թե ապացույց, այլ այն բանի վկայությունը, որ ՄԱԿ-ն ընդունում է այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությունը): Եթե լավ փորփրենք, կարելի է բազմաթիվ անբացատրելի կամ դժվար բացատրելի փաստեր գտնել: Դա կարելի է կապել մեր չիմացության կամ չհասկանալու, կամ էլ աստվածայինի ոլորտի հետ, կամ բացատրել եկվորների մասին տեսությամբ: Առաջին եւ երրորդ դեպքերում հարկավոր է գիտելիքների բազա եւ սարքավորումներ, որը մենք չունենք: Երկրորդ դեպքում ոչ մի բան հարկավոր չէ:
– Թերեւս այդ նույն շարքին կարելի է դասել նաեւ Լուսնի հետ կապված ծրագրերի դադարեցո՞ւմը: Կարծեմ այդ ծրագրերը կրկին սառեցվե՞լ են, այո՞:
– Այո՛, Լուսնի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում եւ՛ այն ժամանակ, եւ՛ հիմա: Ամերիկացիները սկզբում կարծես թե որոշել էին վերադառնալ Լուսին, սակայն այժմ կրքերը նկատելիորեն հանդարտվել են, թեեւ NASA-ն ամբողջ թափով նախապատրաստում է հատուկ տեխնիկան` երկնային այլ մարմինների մակերեսին աշխատելու նպատակով: Դա կլինի Լուսի՞նը, թե՞ մեկ այլ մարմին, դեռ կտեսնենք: Իսկ առայժմ լուսնային ծրագիրը տնտեսական տեսանկյունից կասկածելի է: Թվում է, թե մենք չգիտենք շատ պատճառների մասին, հանուն որոնց կատարվում են այս կամ այն տիեզերական ծրագրերն ու հետազոտությունները, հատկապես մեր օրերում, երբ առաջատար լինելու մրցավազքը բավականին դանդաղել է, իսկ դեպի այլ մոլորակներ թռիչքները տնտեսապես հիմնավորված չեն:
– Հայտնի գիտնական Հոկկինսը մարդկությանը զգուշացրել է այլ քաղաքակրթությունների հետ շփումների վտանգի մասին` նշելով, որ իբր կարող ենք ագրեսիայի հանդիպել, որը մեզ` երկրացիներիս, կոչնչացնի: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նման տեսակետի նկատմամբ:
– Սթիվեն Հոկկինսն, իհարկե, հանճարեղ է: Սակայն ես համարում եմ, որ չի կարելի որեւէ մեկնաբանություն անել այն մասին, թե ինչպես իրենց կդրսեւորեն այլմոլորակայինները: Մենք անդադար նրանց մարդկային տրամաբանություն ենք վերագրում, ինչը կարող է սխալ լինել: Մեզ անհայտ են նրանց մտածողության պրոցեսը, արժեքները, նրանց պատկերացումները, գերակայություններն ու նպատակները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ չի կարելի միանշանակ հայտարարել այլմոլորակայինների կողմից մեզ սպառնացող վտանգի մասին: Ճիշտ չէ նաեւ պնդել, թե նրանց մտադրությունները խաղաղ բնույթ ունեն: Ի՞նչ է աշխարհը, ի՞նչ է պատերազմը, ի՞նչ է ոչնչացումը ըստ նրանց, ի՞նչն է լավ եւ ի՞նչն է վատ, մենք չգիտենք:
– Կարելի՞ է Ձեզ ուղիղ հարց տալ. Դուք ինքներդ հավատո՞ւմ եք այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությանը:
– ՉԹՕ-ների, Բուդդայի, Քրիստոսի, ցանկացած աստվածայինի նկատմամբ հավատը ընդամենը հավատ է, որը հիմնված չէ հստակ փաստերի վրա: Տիեզերքն ըստ էության ռացիոնալ է: Տվյալ դեպքում ռացիոնալությունը ենթադրում է, որ բանականությունը միայն Երկիր մոլորակի բնակիչ-մարդկանց չէ տրված: Եթե մենք միայնակ ենք եւ եթե մենք վերանանք մամոնտների նման, մի՞թե Տիեզերքում բանականությունը կոչնչանա: Նման պնդումը մի տեսակ անտրամաբանական է, եթե Տիեզերքը դիտարկենք ոչ միայն իբրեւ նյութի եւ դաշտերի միասնություն:
– Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մարդկության որոշ ներկայացուցիչներ արդեն շփման մեջ մտել են այլ` գերզարգացած քաղաքակրթության հետ, սակայն դա գաղտնի է պահվում: Ասենք, այդ շփումների շնորհիվ մարդկությունը հանկարծ տեխնոլոգիական հզոր առաջընթաց է ապրում, տարբեր հայտնագործություններ է կատարում:
– Նման տեսակետը գոյության իրավունք ունի, առավել եւս, որ մեր մոլորակի վրա տեղի ունեցող որոշ երեւույթներ դժվար է բացատրել այլ կերպ, քան վերերկրային միջամտությամբ: Հատուկ ծառայություններից ինֆորմացիայի արտահոսքը երբեմն ստիպում է մտածել, որ որոշ երկրների կառավարություններ կարող են ունենալ կա՛մ շփումներ, կա՛մ այլմոլորակային տեխնոլոգիաներ իրենց տրամադրության տակ: Այդուհանդերձ, դժվար է հավատալ երկրային ղեկավարների իմաստությանը, այդ պատճառով Ձեր կողմից հիշատակված տեխնոլոգիական առաջընթացը կարող է այլմոլորակային բանականության նախաձեռնությունը լինել` անգամ առանց «փորձաճագարներիս» համաձայնության: