«Շուտով տունն էլ կխլեն»,- ասում է 8 երեխաների մայրը

23/12/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սոֆյա Ադամյանը 37 տարեկան է: Ապրում է Ճամբարակի Գետիկ գյուղում: Ունի 8 երեխա, եւս երկուսին պատրաստվում է լույս աշխարհ բերել: Ամուսինը՝ Հայկը, այս մասին հպարտությամբ է նշում, ոգեւորվում, որ կինը զույգ երեխայի է սպասում:

Ճանապարհը դեպի բազմազավակ ընտանիքի տուն սկսում է գյուղի կիսաչոր առվից: Առվի խոր կնճիռի մեջ լցվել է գյուղի բնակիչների կենցաղային աղբը: Ակոսի կողքով անտարբեր են անցնում նույնիսկ կենդանիները: Ընդհանրապես այստեղ մարդիկ ու կենդանիներն ապրում են իրարից անկախ, բայցեւ շատ համերաշխ: Յուրաքանչյուրն ունի իր ազատությունը: Գյուղի վերամբարձ ճանապարհը սովորական է սագերի խմբի, միայնակ ձիերի ու խոզերի համար: Ձմռանն այս լանջը դառնում է դժվարանցանելի, սակայն մարդիկ այլեւս չեն դժգոհում սառույցի հաստությունից: Նրանք չեն նկատում, թե ինչպես են ձուլվել առօրյա հոգսերին: Գյուղում «խոպան» գնացողները շատ են, իսկ հողի վրա հույս դնողները՝ քիչ: Այս տարի դպրոցում առաջին դասարանցի չկար, թեեւ, ինչպես ասացին գետիկցիները՝ հարսանիքները շատացել են: Գյուղացիները դժվարացան հիշել, թե վերջին անգամ ո՞ր պաշտոնյան էր գնացել գյուղ, փոխարենը իրենց «լա՜վ» հիշում են հայաստանյան բանկերը: Գրեթե ամեն ամիս բանկերի որոշ ներկայացուցիչներ գնում են գյուղ՝ հերթական անգամ վարկերի տակ «տքնող» գյուղացիներին հիշեցնելով տոկոսների վճարման վերջնաժամկետների մասին: Ամենամսյա ծանուցումների այդ տարափից բաժին է հասնում նաեւ բազմազավակ այս ընտանիքին: «Համեցեք, գնանք ներսում նստենք»,- ասաց Սոֆյան՝ անընդհատ հազալով եւ ինձ ներս հրավիրելով: Տարիների ընթացքում նրա հազն ավելի է խորացել, շատ հաճախ հազալիս խեղդվում է: Սակայն դադարել է ուշադրություն դարձնել քրոնիկ դարձած հազին: Ասում է՝ թոքերն ու գլուխը վատառողջ են: 7 տարի առաջ գնացել էր բժշկի, դեղեր էին նշանակել: Կնոջ պատմելով՝ որոշ ժամանակ առողջացել էր, գլխացավեր չուներ, հազն անցել էր, բայց հետո, չգիտես ինչու, հազը նորից սկսեց : «7 աղջիկ ունեմ ու մի տղա»,- խզված ձայնով պատմեց 37-ամյա կինը՝ մրոտ ձեռքերով փակելով բերանը: Երեխաներից 4-ն արդեն ամուսնացել են, իսկ մյուս 4-ը՝ անչափահաս են: Մեր այցելության պահին երեխաները դպրոցում էին, ամուսինն էլ անտառում էր: Երեխաների լուսանկարները շարված էին սենյակի պղտոր ապակիներով պատուհանների փեղկերին: «Սրանք էլ իմ թոռներն են»,- նկատեց Սոֆյան: Վերջինս, կարծես, ամեն բան անում էր՝ իրենց հոգսերի մասին չխոսելու համար: Սոֆյան զույգ երեխաներով հղի է: Հղիության 5-րդ ամիսն է: Ասում է՝ այդ վիճակում էլ ամեն առավոտյան ու երեկոյան գնում է հարեւանների կովերը կթելու, քանի որ ապրուստի այլ միջոց չունեն: Կինը դրա դիմաց ստանում է ամսական 10.000 դրամ աշխատավարձ: Ամուսինն էլ, ինչպես ասաց, աշխատում է անտառում: «Ամուսինս փետ ա բերում, բայց կարում չի ծախի: Առնող չկա: Գյուղում սաղ բերում են: Չգիտեմ… դժվար ա»,- հուզված նշեց կինը՝ սեղանից հավաքելով հացի փշրանքները: Իսկ երեխաների համար ստացած 41.000 դրամ ընտանեկան նպաստը հազիվ է լռեցնում խանութի վաճառողներին՝ փոքր-ինչ կրճատելով պարտքացուցակի երկար-բարակ տողերը: «Մենք մի քանի անգամ նամակներ ենք գրել երկրի նախագահին: Իրանք էլ դիմել են մարզպետին, մարզպետն էլ դիմել է մեր գյուղապետարանին: Գյուղապետն էլ էկավ, սիրուն ասաց, որ ձեզ նման գյուղում ապրող չկա: Ու սահմանափակվեց-պրծավ: Ասում է՝ 8 երեխա ունեք, շատ լավ ապրում եք ձեր հայրական օջախում, բայց սա մեր տունը չի»,- ասաց Սոֆյան՝ ցույց տալով մութ սենյակները: Տան ամբողջ կահ-կարասին մի քանի մահճակալներն էին, սպասքի պահարանը, մանկական մահճակալի տակ «բերանները» կիսաբաց ճամպրուկները ու սեւ վառարանը: Տան խոհանոցին փոխարինում էր դպրոցական սեւ դասասեղանը: Իսկ մի քանի ամիս առաջ էլ «Ակբա կրեդիտ» բանկից տարան տան միակ արժեքավոր իրը՝ հեռուստացույցը: 2 տարի առաջ ընտանիքը Սեւանի «Ակբա կրեդիտ» բանկից վարկ էր վերցրել՝ տուն գնելու նպատակով: Տունը գնել էին 2000 դոլարով, բայց 2 տարվա ընթացքում չեն կարողացել մարել տոկոսներից առաջացած գումարը: «2500 դոլար վարկ ենք վերցրել, բայց արդեն միլիոն ու կես տոկոս է կուտակվել»,- նշեց ընտանիքի մայրը: Կինը պատմեց, թե ինչքան նամակներ ու հեռախոսազանգեր են ստանում բանկից՝ տոկոսները չվճարելու մասին: «Դատ են անում: Շուտվանից դատի մեջ ենք: Տոկոսները չէինք կարողանում մարել»,- ավելացրեց կինը` դեռեւս չպատկերացնելով իրենց հետագա վիճակը: «Չգիտեմ՝ ինչ կլինի: Հնարավոր ա՝ բանկը տունը խլի մեր ձեռքից»,- մութ սենյակի վառարանի մոտ ասաց նա՝ սրտնեղելով տան մաքրությունից ու թափթփված վիճակից: Քչախոս Սոֆյան այլեւս չցանկացավ խոսել իրենց ընտանիքի դժվարությունների մասին. ասում է` դժվարությունների ու խնդիրների մասին խոսելուց, միեւնույն է, դրանց քանակը չի նվազում: Փոխարենը՝ դուրս եկավ բակ՝ նայեց ցաքուցրիվ լվացքին, ապա մեղմ ժպտաց՝ նայելով փոքրիկ շան ու կատվի խաղին: «Չգիտեմ… ո՞նց կլինի, ի՞նչ կլինի: Առայժմ ապրում ենք…»,- տխուր աչքերի տակ գծագրվեց նրա ժպիտը, որը հետո փոխակերպվեց չոր ու մաշեցնող հազի: