«Հերոսը» կամ Արտավազի Ալինա Վարդանյանը

23/12/2010

Որպես լրագրող` շատ եմ շփվել սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Բոլորն էլ դժգոհել են, որ վատ են ապրում, աշխատանք չունեն, ու պետությունն իրենց ոչ մի աջակցություն չի ցուցաբերում:

Կոտայքի մարզի Արտավազ գյուղում ապրող Ալինա Վարդանյանը նույնպես սոցիալական վատ պայմաններում է ապրում, բայց նա չի դժգոհում, որ ամուսնու մահից հետո արդեն 14 տարի միայնակ է հոգում 3 անչափահաս երեխաների հոգսերը: Նա չի դժգոհում, որ օրերով սոված են մնում, ու այդ մասին ոչ ոք չի իմանում: «Երեխաներիս պահելու համար ես հիմնականում տղամարդու գործ եմ արել, անտառներում փայտ եմ կտրել: Կացինով սրա-նրա համար 20 կուբամետրով ցախ եմ ջարդել անտառներում: Կուբամետրի համար տալիս էին 1300 դրամ, բայց որ տեսնում էին` ես կին եմ ու լավ եմ աշխատում, 1500 դրամ էին վարձատրում»,- պատմում է Ալինան: Նրա ամուսինը 1996թ. մահացել է էլեկտրահարումից, ու այդ օրվանից Ալինան ստանձնել է նաեւ ընտանիքի «տղամարդու» առաքելությունը: Նրա հագուստները, անգամ քայլվածքը փոխվել են: Վերացել է կնոջը բնորոշ հեզությունը: Ինքն էլ է զգում, որ տարիների հոգսն իրեն ամբողջովին ձեւափոխել է: «Տղամարդու շորեր հագած` տղամարդկանց հետ հավասար գործ եմ անում: Այդ ծանր գործերն անում եմ, որ իմ երեխաները չգնան հարեւանի դուռը ու մի կտոր հաց ուզեն: Միայն դրա համար եմ վերածվել տղամարդու»,- ասում է 3 երեխաների մայրը: Ալինան գյուղում նաեւ էլեկտրիկություն է անում: 1-2 հազար դրամով նա համագյուղացիների տներում հոսանք է քաշում, վերանորոգում է անսարք կենցաղային տեխնիկան եւ այլն: Մասնագիտությամբ էլեկտրամոնտաժող է եւ փորձում է այն կիրառելով՝ օրվա հացը վաստակել: «Եթե պարապ նստեմ, բա երեխեքիս ո՞վ կպահի»,- ասում է Ալինան: Նա ցանկացած աշխատանք անում է գումար վաստակելու համար: Փայտե իրեր էլ է պատրաստում: «Այսքան տարի ապրում եմ, հարեւանի դուռը բաժակը ձեռքիս գնացած չկամ, ոչ մի բան չեմ մուրացել: Իմ թասիբով աշխատել, ապրել ենք: Մի օր սոված ենք եղել, մի օր ահավոր սոված ենք եղել ու այդպես պառկել-քնել ենք: Երեխեքս գնում, հարեւաններին բողոքում էին, թե իբր ես հացը պահում եմ, չեմ տալիս ուտեն, բայց հաց չենք ունեցել, ո՞նց կարող էի հացը պահել: Առանց իմ ուզելու՝ հարեւաններս մի տոպրակ հաց էին բերում, որ երեխեքն ուտեն»,- վերհիշում է Ալինան: Այս տարվա հունվարին նրանք նույնպես ուտելու հաց չեն ունեցել եւ շատ ծանր օրեր են անցկացրել, քանի որ Ալինան այդ ժամանակ աշխատանք չի ունեցել: Երբ 40-ամյա կինը հերթով թվարկում էր իր կատարած ծանր ֆիզիկական աշխատանքները, մի պահ ամաչեցի, քանի որ նույն գործը ես չէի կարող անել: «Տղամարդկանց հետ հավասար տան ֆունդամենտ եմ քանդել: Տղամարդիկ մի երկու լապատկա խփում էին ու չէին կարողանում առաջ գնալ, ես իրանց հետ հավասար քանդել եմ: Ախր ինչե՜ր եմ արել, որ ոչ մի կին չէր անի»,- հուզված պատմում է Ալինան: Նրան Արտավազ գյուղում «հերոս» անունն են տվել: Այս տարի Ալինայի առողջական վիճակը վատացել է: Փորձում է նախորդ տարիների նման աշխատել, բայց այլեւս չի կարողանում: «14 տարի ծանրաբեռնված աշխատել եմ, աջ ոտքս արդեն շատ վատ է: Տրոմբ ունեմ, նախորդ տարի գործ անելու ժամանակ ոտքիս տրոմբը պայթեց: Կաստիլներով էի գնում աշխատանքի: Բայց հիմա բժիշկը չի թողնում, որ աշխատեմ: Ինձ ասեց` եթե ուզում ես մի քիչ էլ ապրես, ծանր աշխատանք չանես»,- ասում է Ալինան:

Նա ուշադրություն չի դարձնում իր առողջական վիճակին եւ շատ է ուզում նորից աշխատել, բայց արդեն դժվարանում է: «Իմ տեղն արդեն գիտեն, ամեն օր մեր տուն ավտո է գալիս, որ ինձ աշխատանքի տանեն, բայց չեմ կարողանում գնալ: Գիտեմ, որ չեմ կարողանալու անել»: Ալինան, նրա 2 երեխաներն ու սկեսուրն ապրում են կիսաքանդ մի տան մեջ: Նրա աղջիկը` 19-ամյա Արեւիկը, այժմ Ռուսաստանում է: Ալինան աղջկան ուղարկել է իր եղբոր մոտ, որպեսզի նա բարձրագույն կրթություն ստանա: Տունը, որտեղ ապրում են, գնել են մի ադրբեջանցուց 90-ականների սկզբին: Շենքը նախկինում որպես պահեստ է ծառայել, ու այդ տարիների խոնավությունն ամբողջովին քայքայել է պատերը: Տանիքը նույնպես վնասված է եւ տեղումների ժամանակ կաթում է: «Հույսս դրել եմ իմ տղայի վրա: Իրան ասել եմ` տղա ջան, այսքան տարի ես կարողացել եմ ձեզ միայն հացով ապահովել, տուն-տեղն էլ թողնում եմ քո վրա, որ մեծանաս, դու սարքես»,- ասում է Ալինան: Քանի որ Ալինան այս տարի չի կարողանում աշխատել, բավարարվում են 20.000 դրամ նպաստով ու խնամողին կորցնելու համար երեխաներին տրվող 17.000 դրամ թոշակով: Նրանք ունեն 1 կով: Ալինան է կովի համար տարիներ շարունակ սարերից գերանդիով խոտ հնձել, բայց այս տարի որոշել է վաճառել նաեւ կովը: Առողջական պատճառներով չի կարող գնալ խոտ հնձելու, իսկ ձմռանը անասուն պահելու համար չի կարող 70.000 դրամ տնտեսել, որ խոտ գնի: «Մինչեւ հիմա նույնիսկ գրքի փողն էլ չեմ կարողացել տամ: 5000 դրամը մեծ փող չի, բայց չեմ կարողանում հետ գցեմ, որ գրքի փողը տամ: Գնացի բժշկի, դեղերս 10.000 դրամից անցան, չառա: Այդքան փող ունենամ` մի մեշոկ ալյուր կառնեմ, երեխեքս կուտեն»,- ավելացրեց Ալինան: Արդեն 3 ամառ է, Ալինան աշխատում է նաեւ հարեւան Փյունիկ գյուղի մեծահարուստներից մեկի ամառանոցում: «Կարեն Բունիաթյանի տանն եմ աշխատում, չեմ հիշում, թե որ նախարարությունում է աշխատում: Ջահել, ակնոցներով լավ տղա է: Արդեն 3 տարի է` սեզոնային գործ եմ անում իրենց տանը: Ծառա եմ: Տանը լվացք եմ անում, արդուկ, տներն եմ մաքրում: Ամռանը դաչա են գալիս, ես էլ աշխատում եմ իրանց մոտ»,- պատմում է Ալինան: Նա աշխատել է նաեւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Կիլիկիա» հանգստյան ճամբարում: Վերջինս նույնպես զարմացել է, երբ իմացել է, որ ֆիզիկական ծանր աշխատանք կատարողը կին է: Բայց դրանից ոչինչ չի փոխվել: Նա Ալինային վարձատրել է այնքան, ինչքան մյուս բանվորներին: Ալինան ասում է, որ մի քանի տարի է արդեն` իրենք խանութից հագուստ չեն գնել: Հարուստների տանն աշխատելու ժամանակ նրանց հագուստներն է բերել, ու երեխաների հետ հագել են: Այսքանից հետո Ալինան դարձյալ չի դժգոհում կյանքից, իր անհաջողությունների համար որեւէ մեկին չի մեղադրում: Նա գոհունակության խոսքեր ասաց համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանի հասցեին, որը շատ է օգնել ընտանիքին: «Քանի կարողանում եմ, երեխեքիս կնայեմ, հետո իրանք կմեծանան, երեւի իրենք էլ ինձ կնայեն: Այսքան տարիներս երեխեքիս եմ նվիրել, եթե պիտի ուտեն-ուրանան, էդ էլ իրենց պրոբլեմն է, Աստված իրենց հետ: Չէ, երեխեքս լավն են, ինձ չեն թողնի: Բայց մեկ էլ տեսար` ամուսնացան ու ինձ մոռացան»,- ավելացրեց Ալինան:

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
www.hetq.am