Սահմանի բացումն ավելի կարեւոր է

23/12/2010

Թուրքական «Hurriyet» օրաթերթի դիտարկմամբ` Հայաստանի համար ավելի կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, քան ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Եթե բանաձեւը չընդունվի, ՀՀ իշխանությունները, բնականաբար, հակազդեցություն ցույց կտան, ինչի համար պետք չէ զարմանալ. Հայաստանի Անկախության Հռչակագրի համաձայն` երկրի պետական կառույցների նպատակների շարքում տեղ է զբաղեցնում նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այնպես որ` Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ»,- գրում է թերթը` ընդգծելով, որ այս տարի Ցեղասպանության բանաձեւի շուրջ քննարկումներն իրականացվում են «ճգնաժամային ժամանակաշրջանում»: «Այդ բանաձեւի ընդունման կամ դրա ընդունման ուղղությամբ լուրջ քայլերի իրականացման դեպքում Թուրքիան կարող է ուղղակի առկախել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Իսկ դա պատճառ կդառնա, որպեսզի անժամկետ հետաձգվի հայ-թուրքական սահմանի բացումը, որը մեծ նշանակություն ունի տնտեսական դժվարություններ ապրող Հայաստանի համար: Ներկա պահին ՀՀ իշխանությունների համար ավելի կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, քան Ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Այդ պատճառով, եթե Ցեղասպանության բանաձեւը չընդունվի, եւ հաղթահարվի Հայաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ այդ բանաձեւի պատճառով առաջացած ճգնաժամը, պաշտոնական Երեւանը նույնպես կարող է հանգիստ շունչ քաշել»,- գրում է թուրքական թերթը: