Կղմուխ Հեղինեի – դեվյասիլ վիսոկի – lnula helenium L.
Այս բուժիչ խոտաբույսն օգտագործվել է դեռ Հիպոկրատի ժամանակներից։ Ավիցենան անվանել է այն հրաշալի դեղամիջոց։ Ցեղի հունարեն «ինուլա» անունը նշանակում է՝ դատարկել, մաքրել. այն կապված է բույսի` շնչուղիների վրա ցուցաբերված ներգործության հետ եւ հաճախ է հանդիպում Պլինիուսի, Ցելսիուսի եւ Դիոսկորիդի գործերում, իսկ «հելենիում» բառը ոմանք կապում են հունական հելիոս` արեւ հասկացության հետ (ծաղիկներն` արեւի նմանվելու հետ կապված): Կղմուխը ունի շատ խոսուն անվանումներ՝ արտի ծաղիկ, կղմուխ բարձր, վայրի արեւածաղիկ, Հեղինեի խոտ, եւ այլն: Վերջին անվանումը կապված է հին հունական դիցաբանության հետ. «Գեղեցիկ էր Զեւսի դուստր Հեղինեն։ Մահկանացու կանանցից ոչ ոք չէր կարող հավասարվել նրան՝ գեղեցկությամբ։ Ինքը՝ Աֆրոդիտեն, դրդեց իր սիրելի Պարիսին՝ առեւանգել նորահարս գեղեցկուհուն։ Դառը ճակատագիր էր տրված Հեղինեին, բազմաթիվ հերոսներ զոհվեցին Տրոյական երկարատեւ պատերազմում։ Ընկավ Տրոյան։ Հեղինեի զայրացած ամուսինը՝ Մենելայոսը կսպաներ նաեւ նրան, եթե Աֆրոդիտեն կրկին հերոսի սիրտը չլցներ սիրով։ Ամուսինները նավարկեցին Եգիպտոս, այնտեղի թագուհին տեսնելով գեղեցկուհու վշտալի տեսքը, նվիրեց նրան մի հրաշալի սպեղանի, որ պատրաստված էր կախարդական բույսի խոտից։ Իսկ ով գինու հետ խմում էր այդ սպեղանին, մոռանում էր ամենամեծ վիշտը։ Նրանք վերադարձան հայրենիք եւ ապրեցին երկար եւ երջանիկ»։
Բազմաթիվ ռուս բուսաբաններ նշել են կղմուխի արմատի մոգական հատկությունների մասին։ Բույսի անվանումը՝ դեվյասիլ, հուշում է այդ մասին։ Հնուց հայտնի է, որ բույսը բուժում է թվով 9 հիվանդություններից, իսկ առողջներին պաշտպանում է զանազան ախտերից։ Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում կղմուխն օգտագործվել է ոչ միայն որպես դեղաբույս, այլեւ որպես ուտելիք: Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը: Ավիցենան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խորխամուղ հակաասթմատիկ միջոց: «Իմացիր,- գրել է մեծ բժիշկը,- կղմուխը եւ նրա թուրմը շատ օգտակար են այս հիվանդության ժամանակ»: Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, հատկապես բխկոցների դեպքում, չոր կղմուխը հրաշալի միջոց է: Ավիցենան դեղաբույսն օգտագործել է սրտային մի շարք հիվանդությունների, նստաներվերի բորբոքման եւ հոդացավերի ժամանակ: Արմատի եփուկը` խաղողի հյութով, տրվել է սրտային եւ թոքային հիվանդներին, իսկ օշարակով` սակավամիզության ժամանակ: Մ. Հերացին «ռասան» կամ «ըռասան» անվան տակ, բույսի արմատը եւ կոճղարմատն օգտագործել է որպես օրգանիզմը տոնուսավորող, մարսողությունը լավացնող, թոքաբորբը եւ այլ բորբոքային պրոցեսները բուժող միջոց: Այլ դեղամիջոցների հետ խառնած, նա կղմուխն օգտագործել է լյարդի եւ փայծաղի ուռուցքների, այդ օրգանների խցանումների, ջրգողության եւ ստամոքսաելքի ուռուցքի ժամանակ: Կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին` 15-րդ դարում իր միջնադարյան հանրագիտարանում. «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» եւ այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության եւ դժվարամիզության, անդամալուծության, նեւրալգիաների, միգրենի, թոքերի եւ լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ: Նա գրում է. «Կղմուխը (ըռասանը) օգնում է կաթվածի հետեւանքով առաջացած անդամալուծության եւ նյարդային հիվանդությունների դեպքում։ Կղմուխը կբացի լյարդի եւ թոքերի խցանումները, կհանի փորի որդերը։ Օգնում է ոսկրացավի, գոտկատեղի ցավերի, նստանյարդի հիվանդության դեպքում։ Ընդունման չափաբաժինը 4,5 գրամ է»։
Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի եւ այլ ձեւերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին եւ ընկնավորին: Ուշագրավ է այն, որ տերեւները տանը պահելիս կամ այրելիս` հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին: Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին: Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձեւով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային եւ լյարդի մի շարք հիվանդություններ, փափկեցնում է հազը, դուրս բերում խորխը, իջեցնում ջերմությունը:
Կղմուխը հնարավոր չէ շփոթել մյուս խոտաբույսերի հետ, դրա վառ դեղնավուն ծաղիկները միահյուսված զամբյուղաթափքի մեջ նստած են ընձյուղների գագաթին։ Ցողունի բարձրությունը կարող է հասնել 170 սմ-ի (երբեմն 2 մ-ի)։ Ցողունը ուղիղ է, մսոտ, ցածրանիստ տերեւները խոշոր են, լայն, օվալաձեւ, իսկ վերեւինները՝ մանր, երկարավուն։
Կղմուխը աճում է մարգագետիններում, ջրամբարների մոտ եւ այլուր։ Ծաղկում է հուլիսից-սեպտեմբեր, պտուղները հասունանում են խոր աշնանը։ Պտուղը երկարավուն սերմիկ է։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են արմատներն ու կոճղարմատները, հավաքելիս խոտաբույսի առնվազն 30 %-ը պետք է թողնել։
Քիմիական բաղադրությունը
Կղմուխի կոճղարմատներն ու արմատները պարունակում են եթերային յուղ, որը բաղկացած է գելենինից, պրոազուլենից, տերպենային լակտոններից, որոնք ունեն արտահայտված հակամանրէային, հակավիրուսային, հակասնկային հատկություններ։
Արմատներում հայտնաբերվել են վիտամին E, փրփրանյութ, բուսախեժ, լորձանյութ, քացախաթթու, սելեն, ինուլին, ալկալոիդներ։ Արմատը եւ կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային եւ դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչեւ 44%), պսեւդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին եւ այլն, տերեւներում` C վիտամին: Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է:
Կղմուխը լավ աճում է բաց արեւոտ տեղերում, դիմանում է կարճատեւ երաշտին, ունի առանձնահատուկ բուրմունք, ծաղիկները դառնահամ են։
Ջրատարրալուծման եւ թթուների ազդեցության միջոցով ածխաջրերից (պարունակությունը մոտ 450) ստանում են մրգաշաքար (ֆրուկտոզա), որը ավելի քաղցր է, քան սովորական շաքարը։ Այս պրոցեսը բարդ է եւ թանկ, սակայն տնտեսապես արդարացված։ Այդպիսի շաքարից ԱՄՆ-ում քաղցրավենիք եւ մուրաբաներ են արտադրում, իսկ Ռուսաստանում կիրառում են լիկյորների արտադրության մեջ, հրուշակեղենի եւ ձկնարտադրության մեջ` որպես էժան համեմունք։
Բելառուսները կղմուխի ծաղիկների թուրմն օգտագործում են հյուծվածության ժամանակ եւ որպես շնչառությունը կարգավորող միջոց։
Բուլղարիայում կղմուխի արմատները կարագի հետ խառնած (1։10) են օգտագործում։ Կամ 50 գրամ մանրացրած հումքը թույլ կրակի վրա եփում են 20 րոպե 100 մգ ջրի մեջ, քամում եւ խառնում 50 գրամ խոզի հալեցրած մաքուր ճարպի հետ։ Կիրառվում է մաշկային հիվանդությունների դեպքում։
Կղմուխը մեծ կիրառում ունի Ուկրաինայում։ Ականավոր բժիշկ Մ.Վ. Նոսալը կես դար առաջ առաջարկել է օգտագործել կղմուխի գինին ծանր հիվանդություններից հետո ապաքինվող հիվանդների համար, քանի որ, ի տարբերություն ադապտոգենների, սրա պատրաստուկները չեն բարձրացնում ճնշումը։
Դեղատոմսը պատրաստվում է հետեւյալ ձեւով
– 12 գրամ արմատները 10 րոպե եփել 500 մլ կագորի կամ կարմիր պորտվեյնի մեջ։
Կենցաղում օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար առաջարկվում է կիրառել հետեւյալ ոգեթուրմը.
– Հավասար քանակությամբ (20-ական գրամ) թարմ կղմուխի եւ բոխնիի (դյագիլ) արմատների վրա լցնել 500 մլ սպիտակ գինի, թրմել 10 օր, մութ, ոչ հով տեղում։ Խմել 1 ճաշի գդալ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։ Երկու շաբաթ խմել եւ 7 օր ընդմիջել։
Այս ոգեթուրմը հանգստացնում է գլխացավը, ավելացնում քրտնարտադրությունը եւ բուժում մրսածությունը, խորխաբեր միջոց է։ Կարգավորում է արյան շրջանառությունը, հանգստացնում նյարդերը, լավ միզամուղ է, հեռացնում է գազերը։ Ի տարբերություն կղմուխի, բոխնիի մեղրատվությունը շատ բարձր է (մինչեւ 500 կգ՝ 1 հա)։
Կղմուխից ստացվող ալանտոն նյութը կիրառվում է ավանդական բժշկության մեջ՝ 12 մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի բուժման համար։
Ալանտոնի եւ կղմուխի եփուկների ընդունումը կանխում է արյունահոսությունը, սպիացնում վերքերը կամ զգալիորեն փոքրացնում դրանք։ Բույսի արմատները կիրառվում են ռեւմատիզմի, հոդերի հիվանդությունների, նյութերի փոխանակման խանգարումների դեպքում։
Եփուկներն օգտագործվում են միզապարկի բորբոքման (ցիստիտ), թոքերի սուր եւ քրոնիկ հիվանդությունների, մրսածության եւ գրիպի դեպքում։
Կղմուխը թե առանձին եւ թե այլ բույսերի հետ խառնուրդներում օգտակար է լյարդի եւ լեղապարկի համար, կիրառվում է խոլեցիստիտի եւ լյարդի ցիռոզի դեպքում։
Կղմուխը դրական ազդեցություն ունի ենթաստամոքսային գեղձի վրա, կիրառվում է պանկրեատիտի եւ շաքարային դիաբետի բուժման ժամանակ։
Կղմուխը բարձրացնում է դիմադրողականությունը, իջեցնում ճնշումը։ Երբեմն գրում են, որ կղմուխի կիրառումը կանխարգելում է ուռուցքների զարգացումը, թեթեւացնում ընկնավորությամբ (էպիլեպսիա) հիվանդների վիճակը։
Հիշեք, որ պետք է պահպանել դեղատոմսերի չափաբաժինները եւ խորհրդակցել փորձառու բժշկի հետ։
Շաքարախտի (2 տիպի), հոդերի հիվանդությունների դեպքում պատրաստել եփուկ՝ հավասար չափերով իրար խառնելով կղմուխի եւ կռատուկի մանրացրած արմատները։ Առանձնացրած 2 ճաշի գդալ հումքը լցնել 1 լ ջրի մեջ, դնել մարմանդ կրակին (փակ վիճակում) եռացնել 20 րոպե, թրմել 4 ժամ։ Խմել սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ 2-ական ճաշի գդալ։
Շաքարային դիաբետի դեպքում կատարել նաեւ ոտքերի լոգանք՝ անհրաժեշտ է 4-5 ճաշի գդալ հումքին ավելացնել 500 մլ ջուր, եռացնել 30 րոպե։ Լոգանքից հետո ոտքերը չորացնել եւ պարտադիր փոխել գուլպաները։
Թոքախտի դեպքում՝ պատրաստել ոգեթուրմ՝ կղմուխի թարմ արմատները մսաղացով աղալ, ստացված շիլայի 1 բաժակին ավելացնել 500 մլ օղի, թրմել 10 օր մութ տեղում։ Խմել (1-ական ճաշի գդալ օրը 2-3 անգամ) այդ շիլայանման ոգեթուրմից։ Բուժումը երկարատեւ է։
Կենցաղում կիրառման համար շատ անհրաժեշտ է արմատների փոշին։ Ընդունելու չափաբաժինը օրվա ընթացքում 0,5 գրամ է, որը պետք է բաժանել երկու մասի եւ խմել հեղուկի մեջ լուծված վիճակում։ Մեղրի հետ օգտագործելիս (1 թեյի գդալը` 100 մլ ջրով) օգնում է տարբեր ձեւի հոդացավերին։ Կաթնափշի (ՐՈրՑՏՐՏտՔՈ) սերմերի փոշու հետ համատեղ կիրառվում է հեպատիտի, խոլեցիստիտի բուժման դեպքում։
Օստեոպարոզի դեպքում խմել անանասի հյութի հետ։
Ախորժակի եւ շնչառության կարգավորման դեպքում
Նախապես մանրացրած 1 թեյի գդալ կղմուխի արմատները 5 րոպե եռացնել 200 մլ ջրի մեջ, ընթացքում ավելացնել 10 ծիրանի կորիզի մանրացրած միջուկ, եփել եւս 5 րոպե։ Զտված թուրմը խմել օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ։
1 շաբաթ օգտագործելուց հետո, պարտադիր ընդմիջում տալ, կրկնել եւս 2 շաբաթ։
Որպես միզամուղ միջոց. Վերցնել մեկական մաս՝ կղմուխի մանրացրած արմատներ, մաղադանոսի սերմեր, կեչու բողբոջներ, կապույտ տերեփուկի ծաղիկներ եւ 5 մաս արջախաղողի տերեւներ։ Խառնել իրար։ Առանձնացրած 1 ճաշի գդալ հումքը լցնել 200 մլ ջրի մեջ, ջրային բաղնիքի վրա պահել 20 րոպե, թրմել 30 րոպե։ Ընդունել մեկական ճաշի գդալ, 3-4 անգամ։
Օստեոպարոզի դեպքում
Չորացրած, մանրացրած արմատներին լցնել արեւածաղկի յուղ (1։10), թրմել 1 շաբաթ։ Յուրաքանչյուր օր թափահարել եւ հանել հնարավոր քափը (փրփուրը)։
Ներքին՝ խմել 1 աղանդերային գդալ սնվելու ընթացքում։ Արտաքին օգտագործման՝ քսել ցավոտ տեղերին։
Ստամոքսաբորբի (բարձր թթվայնությամբ), փորկապության, թութքի դեպքում 1 թեյի գդալ մանրացրած կոճղարմատների վրա ավելացնել 200 մլ եռջուր, թրմել 10 ժամ ջերմապահի մեջ, ապա քամել եւ ընդունել 1/4-ական բաժակ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։
Մաշկային հիվանդությունների դեպքում (քոս, ցան). Օգտագործվում է թրջոցների ձեւով։ Պատրաստել թարմ եփուկ (3-4 ճաշի գդալ արմատներ՝ 200 մլ ջրին)։
Լոգանք մարմնի համար
60-80 գրամ մանրացրած կղմուխի կոճղարմատների վրա լցնել սառը ջուր եւ թրմել 3-4 ժամ։ Եփել ջրային բաղնիքի վրա 20 րոպե, քամել։ Լցնել լոգարանի մեջ (ջրի ջերմաստիճանը 36-370C), ընդունել օրը մեջ լոգանք։ Ընդհանուր՝ 10-12 լոգանք։
Սնունդը՝ դեղ. թանձր եփած պտղահյութ (պովիդլո)
1 լ ջրի մեջ լցնել 50 գրամ քացախ, հասցնել եռման աստիճանի։ Կաթսայի եռացրած հեղուկի մեջ լցնել կղմուխի աղացած արմատները։ Եփել 2-3 ժամ մարմանդ կրակի վրա, այնքան, մինչեւ քացախի հոտն անցնի։ Եփվելուց ինուլինի ածխաջրերը փոխվում են պտղաշաքարի (ֆրուկտոզա)։ Ստացված պտղահյութը հովացնել՝ ինչպես մուրաբան։ Մատուցել թեյի հետ։ Կարելի է նաեւ օգտագործել որպես խորիզ՝ կարկանդակների եւ մարմելադի պատրաստման համար։
Կղմուխը եւ սաթը
Բնական քարերից իր հատկություններով առավել մոտ է կղմուխին՝ սաթը։ Օգնում է՝ գլխացավին, նյարդային համակարգին, հոդացավին, շնչուղիների գործունեությանը, ստամոքսի հիվանդություններին, լյարդին, կոկորդին, լեղապարկին, մաշկային հիվանդություններին: