Անցումների տակ վաճառվող կոսմետիկա մի գնեք

23/12/2010

Եթե մաշկի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունեք, միանգամից եւ հեշտ մի համաձայնեք գնել անցումների տակ վաճառվող անհայտ ծագման կոսմետիկան եւ խնամքի այլ միջոցները, եթե անգամ դրանք հնչեղ եւ բոլորին հայտնի անուն ունեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման խորհուրդ է տվել բժիշկ-մաշկաբան Գայանե Վարդանյանը: Նրա խոսքով, անորակ կոսմետիկ միջոցներից կարող է տուժել անգամ լիովին առողջ մաշկը, սակայն հիվանդ մաշկ ունեցող մարդիկ այս առումով ավելի խոցելի են. «Եթե ձեր մաշկն առողջ է, դուք վախենալու քիչ բան ունեք, որովհետեւ նորմալ մաշկը հունից հանելը շատ ավելի բարդ է: Ընդ որում, առավել վստահելի են եվրոպական արտադրության խնամքի պարագաները, որոնք ճիշտ կլինի ձեռք բերել դեղատներից: Նույն Եվրոպայում եւ Ամերիկայում հեղինակավոր ոչ մի ֆիրմա չի հանդուրժի, որպեսզի իր կոսմետիկան վաճառվի անցումներում, խանութներում եւ անգամ սուպերմարկետներում»: Հարցին, թե դիմո՞ւմ են, արդյոք, իրեն անորակ կոսմետիկա օգտագործելու հետեւանքով մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ, մաշկաբաննը պատասխանել է. «Իհարկե, եւ բավականին շատ: Վատորակ խնամքի միջոցները լրջագույն խնդիրների են հանգեցնում: Այդ հետեւանքները բավական դժվար են վերացվում»: