Ոնց կասեք

21/12/2010

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ 2010թ. ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաեւ իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին` ասելով. «Շաբաթ օրը ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց պետական պաշտոնյայի նոր որակական չափանիշների նշաձողը: Ես վստահ եմ, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, չպետք է աշխատեն: Եթե այդ պաշտոնյան պետք է լինեմ ես, ուրեմն ես նույնպես չպետք է աշխատեմ»: Նաեւ հավելել է. «Այս 1,5 տարվա ընթացքում ես հասցրել եմ վաստակել շատ չկամներ, եւ շատ-շատ մարդկանց ու շրջանակների «շահերը» ոտնահարվել են, եւ ես, մասամբ, օրինաչափ եմ համարում այդ լուրերի համառ շրջանառությունը որոշ լրատվամիջոցներում, որովհետեւ նաեւ ընդունում եմ դա` որպես կատարած աշխատանքների գնահատական»: Ի դեպ, Աշոտյանը չի բացառել, որ իր պաշտոնանկության մասին լուրերը մամուլում հայտնվում են որոշակի պատվերով` միաժամանակ բացառելով, որ այդ պատվերի հեղինակները լինեն իր կուսակիցները. «Բացառում եմ, որ դրանք կուսակիցներից` հատկապես հին ՀՀԿ-ականներից են»: