Հաջորդ տարվա սկզբից Հայաստանը մտնելու է նախընտրական տարի, թեեւ այսօր էլ արդեն ամեն ինչ տեղի է ունենում նախընտրական գործընթացների տրամաբանությամբ: Այդ թվում` իշխանությունների կողմից վերջին շրջանում կատարվող կադրային փոփոխություններն ու վերադասավորումները բուն իշխանական համակարգում: Ընդդիմությունն` ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի, շարունակում է հայտարարել, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, որ իշխանությունները նման քայլերով ավելի են մոտեցնում իրենց տապալումը: Գուցե եւ ՀԱԿ-ի գնահատականները կամ կանխատեսումներն արդարացված են, գուցե իշխանությունն իսկապես ինքնափլուզվում, ինքնակազմաքանդվում է: Սակայն, եթե նույնիսկ դա իրականանա, դրանում ընդդիմությունն արդեն գրեթե դերակատարություն չի ունենալու: Հատկապես վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ն այլեւս Հայաստանի քաղաքական օրակարգը ձեւավորող ու թելադրող ուժը չէ, կամ հիմնական ու առաջնային չէ, ինչպես նախկինում: Մինչեւ ՀԱԿ-ի «հանրահավաքային դադարներն» ու «մարտավարական փոփոխությունները» Հայաստանի քաղաքական կյանքն, ըստ էության, պտտվում էր Կոնգրեսի գործողությունների, ակցիաների ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների շուրջ: Ամեն մի հանրահավաքից հետո իշխանություններն ու նրանց սպասարկուները մեկնաբանում, գնահատում, քարկոծում կամ գովերգում էին ՀԱԿ առաջնորդի արտասանած ամեն մի նախադասություն: Այսինքն` ՀԱԿ-ն ուղղորդող նշանակություն ուներ ներքաղաքական կյանքի իրողությունների ձեւավորման եւ ինչ-որ իմաստով` նաեւ խաղի կանոնների ձեւավորման հարցում: Այսօր այդ դերը կամաց-կամաց ստանձնում է իշխանությունը: Տվյալ դեպքում էական չէ` իշխանության քայլերը քարոզչակա՞ն են, թե՞ իրական: Էականն այն է, որ իշխանությունը գուցե նաեւ ՀԱԿ-ի «հուժկու հանդուրժողականության» շնորհիվ աստիճանաբար ստանձնում է ներքաղաքական զարգացումներն ուղղորդելու դերակատարությունը, ինչը նրան չէր հաջողվում 2007 թվականի սեպտեմբերից ի վեր` երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: