Թիկնապահը եղել է ոչ սթափ վիճակում

21/12/2010

Դեկտեմբեր 19-ին, ժամը 00:15 սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 65 գովազդային վահանակի մոտ միմյանց են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի Տ 0722 համարանիշի տաքսին եւ 04 ՕՕ 909 համարանիշի «Պրադո» ավտոմեքենան: Տաքսու ուղեւորը՝ Լոռու մարզի Ախթալայի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Սուրենի Մամյանը մահացել է տեղում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` «Պրադոն» վարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահը՝ 30-ամյա Վահրամ Շիրինի Ստեփանյանը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության եւ գույքի պահպանման վաշտի ռազմականացված ջոկատում՝ որպես հրաձիգ: Վերջինս մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել: Տաքսու մյուս ուղեւորը՝ Վոլոդյա Մամյանի 20-ամյա որդի Սամվել Մամյանը, վթարի վայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ տաքսու վարորդը` 36-ամյա Կարեն Յուրիկի Եղյանը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցները, «Պրադոյի» վրայից հանվել են համարանիշները: Ուղեւորի դին մեքենայից դուրս հանելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ Փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, ովքեր էլեկտրական տեխնիկայի միջոցով մեքենայի միջից դուրս են հանել մահացածի դին: Դեպքի վայր են ժամանել նաեւ դիահերձարանի աշխատակիցները, ովքեր դին տեղափոխել են դիահերձարան: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչի հանձնարարականով ՃՈ տեսուչները 2 վարորդներին տեղափոխել են հիվանդանոց բժշկական փորձաքննության: Փորձաքննությունը պարզել է, որ տաքսու վարորդը եղել է սթափ վիճակում, իսկ «Պրադոյի» վարորդը` ոչ սթափ: Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: