Երեկ Ազգային ժողովում ներկուլիսային քննարկման առարկա էր դարձել թիկնապահների կամ նրանց օրինական դաշտ բերելու հարցը:
Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր այդ խնդիրներին: «Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրն անելիք ունի»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը:
Հայաստանի քաղաքացիները քաջ ծանոթ են, երբեմն նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել թիկնապահների խնդիրը, կամ թիկնապահների ու նրանց տերերի առաջացրած խնդիրները, որոնք որոշ դեպքերում ուղղակի վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Այդ խնդիրների մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել են նաեւ քաղաքական ու հասարակական ուժերը: Գրեթե ամիս չի լինում, որ այս կամ այն օլիգարխի կամ պաշտոնյայի թիկնապահի հետ կապված որեւէ միջադեպ չպատահի: Որպես կանոն՝ այդ միջադեպերը վրաերթի, սպանության, կրակոցի, ծեծի եւ նման այլ դրսեւորումներով են արտահայտվում: Օրինակ, Ս.Սարգսյանի ելույթի հաջորդ օրն իսկ հանրապետական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահը ոչ սթափ վիճակում մեծ արագությամբ մեքենան վարելիս բախվել է տաքսի-մեքենային: Տաքսու ուղեւորներից մեկը մահացել է, երկրորդ ուղեւորն ու տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սա թիկնապահների մեղքով տեղի ունեցած ամենածանր միջադեպերից չէ, երբեմն լինում են զինված բախումներ, որոնց արդյունքներն ու հետեւանքներն ավելի ծանր են լինում: Երեկ խորհրդարանում հիշում էին մի քանի տարի առաջ «Տէցի կռուգի» հայտնի միջադեպը, որի հերոսները նույնպես զինված թիկնապահներ էին: Այնպես որ, հասարակության այս խավի գործունեությունն, իսկապես, պետք է օրինականացնել: Այս մասին տարիներ առաջ նույնիսկ օրինագիծ էր ներկայացրել ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, սակայն այն իշխանությունների կողմից չընդունվեց: Ի դեպ, ՀՅԴ-ն այդ ժամանակ կոալիցիայի անդամ էր: Ավելի շուտ այդ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ եւ ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետեւ այն վերադարձվեց լրամշակման: Օրինագծի վերջնական տարբերակին կառավարությունը դրական եզրակացություն չտվեց, եւ հեղինակները որոշեցին դրա քննարկումը հետաձգել, սակայն այն պահպանել գլխադասային` ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի օրակարգում: Հանձնաժողովի նախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ տարեսկզբին օրինագիծը կքննարկեն, որպեսզի գարնանային նստաշրջանում այն ընդգրկվի արդեն լիագումար նիստերի օրակարգում: Հ.Կարապետյանը նաեւ համոզված էր, որ այս անգամ կառավարությունն իրենց օրինագծին կտա դրական եզրակացություն: Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ օրինագծի հետ կապված գարնանը քննարկում է ունեցել նաեւ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ: Իսկ մոտ երկու ամիս առաջ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը մասնավոր թիկնազորային ծառայության մասին հայեցակարգ է ներկայացրել կառավարությանը: «Դա, իսկապես, քաղաքական ու հասարակական լուրջ նշանակություն ունեցող օրենք է: Հասարակությունը զզվել է այդ անջրպետներից, երբ ինչ-որ մարդիկ, արժանի կամ անարժան, շրջապատում են իրենց թիկնապահներով: Այդ թիկնապահների բանակը դարձնում են քաղաքական կամ այլ տեսակի ճնշումների միջոց քաղաքացիների վրա, նրանց տնտեսական կամ քաղաքական հակառակորդների նկատմամբ, եւ այս վիճակն այլեւս հասարակության համար անընդունելի է»,- ավելացնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Վ.Հովհաննիսյանը թիկնապահների հարցը բարձրացրել է նաեւ ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այն ընդունել եւ համարել է զեկույցի անբաժանելի մասը: Իսկ այդ զեկույցի առաջարկությունների կատարումը մշտադիտարկող ԱԺ մեկ այլ` Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ ասաց, թե Ս.Սարգսյանի հայտարարությունից հետո նրան սատարող քաղաքական ուժը` կառավարությունը կամ պատգամավորները պետք է մշակեն նման օրինագիծ:
Իշխանական շրջանակներում, սակայն, քննարկվում է, որ Ս.Սարգսյանը թիկնապահներին օրինական դաշտ բերելու այլ պատճառ եւս ունի: Խոսվում է, որ որոշ պատգամավորներ ու օլիգարխներ այնքան են հզորացրել իրենց թիկնազորային խումբը, որ այն լուրջ սպառնալիք է դարձել նաեւ միմյանց համար: Օրինակ էին բերում իրենց որոշ գործընկերներին` պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ այլոց` նշելով, թե նրանք ունեն հարյուրների հասնող թիկնապահների ծառայություն: Եվ պաշտոնյաներն այդ թիկնապահներին պահելու համար հսկայական գումարներ են ծախսում: Վերջերս նկատելի դարձած ներկոալիցիոն լարվածության պայմաններում ոմանք հասկացել են, որ այդ խմբերը կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն հասարակության, այլեւ իշխանության համար` իշխանական տարբեր թեւերի առճակատումների դեպքում: Հատկապես, որ առաջիկայում երկու համապետական` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ կան: Եվ բոլորին է հայտնի, թե ընտրությունների ժամանակ ինչ կարող են անել հաստավիզ, զինված, երբեմն՝ նաեւ բանականությունից զուրկ թիկնապահները: Ու քաղաքական կուլիսներում շրջանառվում է խոսակցություն, թե մասնավոր թիկնազորային ծառայությունը օրինական դաշտ բերելով` Ս.Սարգսյանը պարզապես ցանկանում է ավելի վերահսկելի դարձնել նրանց գործունեությունը: Այսինքն` կստեղծվի այնպիսի իրավական բազա, որ այդ ծառայություններն իրենց տերերին` օլիգարխներին կամ պաշտոնյաներին ենթարկվելուց առաջ ենթարկվեն համապատասխան պետական կառույցին, որը հավանաբար կլինի իրավապահ որեւէ մարմնի ենթակայության ներքո: Այդպիսով նաեւ թիկնապահների հստակ գրանցում կամ հաշվառում է տեղի ունենալու, հաշվառվելու է նաեւ նրանց կցված զենքը: Բացի այդ, որոշակի չափանիշներ կսահմանվեն թիկնազորային մասնավոր ծառայություն ունենալու համար: Այնպես որ, իշխանությունները ցանկանում են առաջիկա ընտրություններին ընդառաջ ամբողջությամբ վերահսկել թիկնազորային ծառայությունները:
Ս.Սարգսյանի այս հայտարարությունը դիտարկվում է նաեւ հասարակությանը որպես բարեփոխում ներկայացնելու քայլ: Վերջին շրջանում ՀՀ նախագահը կառավարությունում լայնամասշտաբ կադրային տեղափոխություններ, պաշտոնանկություններ է իրականացնում: Դրանք, հավանաբար, կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Եվ չի բացառվում, որ թիկնապահներին օրինական դաշտ բերելու քայլը նաեւ այս նպատակի համար է ծրագրված: «Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանի ու իր կառավարության ձեռնարկած քայլերը հիմքում, ի թիվս այլ խնդիրների եւ նպատակների, ունեն նաեւ իմիջի փոփոխության ցանկություն: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի եւ ընդհանրապես կոալիցիայի ընկալումը հասարակության մեջ բարենպաստ չէ: Եվ փորձ է արվում գոնե ձերբազատվել հենց առաջին իսկ ակնառու բաներից, ինչպիսինն, օրինակ, այդ կուսակցությունների քրեականացվածությունն է կամ բեսպրեդելի եւ հասարակության այս աղքատ վիճակում նման շվայտ ու ցոփ կյանք վարելու ընկալումներն են»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս նաեւ շեշտում է, որ նույն Ս.Սարգսյանը երբ անցնում է Երեւանի փողոցներով, նրան ուղեկցող ոստիկանները նույնպես չեն փայլում իրենց վարքագծով: «Սա մի երեւույթ է, որտեղ իսկապես նախագահն իրենից սկսելու եւ այլոցով ավարտելու հրամայականն ունի»,- ավելացնում է պատգամավորը:
Ավելացնենք նաեւ, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերից հետո շատերն էին խոսում, որ այդ իրադարձություններին մասնակցել են նաեւ պաշտոնյաների ու օլիգարխների թիկնապահները: Նույնիսկ խոսք գնաց, որ այդ թիկնապահները գրանցված են իրավապահ տարբեր մարմիններում, այսինքն՝ միաժամանակ նաեւ այդ համակարգերի աշխատողներ են: Իսկ նախօրեին Հ.Փամբուկյանի թիկնապահի վրաերթի հետ կապված հաղորդագրության մեջ նշված էր, որ նա աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության եւ գույքի պահպանման վաշտի ռազմականացված ջոկատում` որպես հրաձիգ: «Սա նշանակում է, որ այդ համակարգը մարտի 1-ին լայնածավալ մասնակցություն է ունեցել, որ այդ մարդիկ, այնուամենայնիվ, գտնվել են այնտեղ»,- ավելացնում է Ս.Սաֆարյանը: