«Մեծ առաջընթաց» է սպասում

21/12/2010

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կսրծիքով` ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: «ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակն ակնհայտորեն շատ լուրջ է, հատկապես հաշվի առնելով շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, սակայն, կարծում ենք, ԵԱՀԿ-ի Աստանայի վերջին գագաթաժողովին ԼՂ խնդրով ընդունված հնգակողմ հռչակագիրը, որը ստորագրել էին նախագահներ Սարգսյանը, Ալիեւը եւ համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները, դրական ազդեցություն կունենա հարցի կարգավորման վրա: Այդ հռչակագրով, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնեցին խնդրի խաղաղ կարգավորման համար առավել վճռական ջանքերի գործադրման կարեւորության հարցում: Կարծում եմ, որ նրանք համաձայնեցին նաեւ այն հարցում, որ միայն խնդրի` խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումն է, որ կհանգեցնի երկու ժողովուրդների հաշտեցմանը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է դեսպանը: Մ. Յովանովիչի մեկնաբանությամբ, Աստանայում նախագահները համաձայնել են, որ խնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ՝ նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի` Ակվիլայում եւ Մուսկոկայում ընդունած համատեղ հայտարարությունների վրա: «Նախագահական այս 2 հայտարարությունները հատկապես կարեւոր են ոչ միայն այն պատճառով, որ իրենց մեջ կրում են Հելսինկյան 3 հիմնարար սկզբունքները` այն է` տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ազատ ինքնորոշում եւ խնդրի խաղաղ կարգավորում, այլեւ առաջարկում են այն վեց տարրերը, որոնք, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ վերջնական լուծման համար: Այս ամենը, կարծում ենք, վկայում է առաջընթացի մասին, եւ հուսով ենք, որ 2011-ին մենք ականատես կլինենք ավելի մեծ առաջընթացի: Կարծում եմ նաեւ, որ սա է այս ուղղությամբ առաջ շարժվելու միակ ճանապարհը: Սա կարեւոր է Հայաստանի, կարեւոր է Ադրբեջանի, կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է նա: Հարցին` հնարավոր համարո՞ւմ եք պատերազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում, ԱՄՆ-ի դեսպանը պատասխանել է. «Ամեն ինչ էլ հնարավոր է այս կյանքում, սակայն մենք համոզված ենք, որ այս հարցի լուծման ճանապարհը դա չէ, եւ, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցին Աստանայում, որ հաշտեցման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»: