ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով կառավարությունում տեղի ունեցող վերջին փոփոխություններին, ասել է, թե Հայաստանի տնտեսությունը կառավարվում է «բանկային հոգեբանությամբ», ինչը ոչ թե զարգացման խթան է, այլ առաջընթացի խոչընդոտ: Ըստ նրա` շարունակվում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման կադրային քաղաքականությունը, իսկ «կյանքը ցույց է տվել, որ սա լավ ելք չի լինելու»: «Այն, ինչ մենք պետք է ակնկալենք կառավարությունից, ոչ թե պարզապես տեսական մակարդակով չափազանց լավ պատրաստված տնտեսագետներին այստեղից այնտեղ տեղափոխելն է, այլ առաջին հերթին եւ հիմնականում ծրագրային վերանայումներն են ու գաղափարախոսության փոփոխությունը: Դրա հիման վրա է, որ պետք է վարվի կադրային քաղաքականություն, այլ ոչ թե` մեկին վերցնելով, մյուսին բերելով»,- ասել է Ա. Մինասյանը` հավելելով, թե որքան էլ նոր նախարարները «խելոք լինեն եւ տեսականորեն պատրաստված», միեւնույն է` երկրի տնտեսական իրավիճակի էական փոփոխությունն անհնար է: