«Էկոնոմիկայի նախարարությունում նրա հնարավորությունները մի փոքր ցածր էին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Ներսես Երիցյանի ազատմանը վերաբերող հարցին: 2008թ. գարնանը, երբ Ն.Երիցյանը նշանակվեց այդ պաշտոնում, լրագրողները ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին հարցրել էին, թե նրա փոխարեն ո՞ւմ է նշանակելու իր խորհրդական: Տ.Սարգսյանը պատասխանել էր, թե Ն.Երիցյանի պարտականությունները պետք է բաժանի երեք աշխատողների վրա, որովհետեւ նա երեք հոգու գործ է արել: Մինչդեռ նշանակումից մոտ 2,5 տարի հետո Ն.Երիցյանն ազատվում է պաշտոնից: Իսկ ընդամենն ամիսներ առաջ ՀՀԿ գործադիր մարմինը նկատողություն էր հայտարարել Վարդան Այվազյանին, որովհետեւ վերջինս պաշտպանել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարծիքը, թե «էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ»: «Ինչ-որ ճշմարտություն կա դրա մեջ, բայց մենք չենք ասում, թե վատ է աշխատել, պարզապես այլ աշխատանքի են տեղափոխում»,- ասում է Ռ.Զոհրաբյանը: