– Ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում այս պաշտոնանկությունները կամ փոխատեղումները: Իշխանություններն ինչո՞ւ միանգամից այսքան պաշտոնյաների ազատեցին:
– Մենք ունենք 5 տարվա ծրագիր, որն իրագործում ենք: Ո՞վ է ասել, որ նույն կադրը պիտի մինչեւ 5-րդ տարին աշխատի: Կադրային քաղաքականություն է, եւ դա չի նշանակում, որ այդ կադրը շատ վատ էր աշխատում, դրա համար էլ նրան հանեցին:
– Բայց տվյալ պաշտոնյան հավանաբար որոշակի թերացում ունեցել է, որ պաշտոնանկ է արվել կամ տեղափոխվել է այլ պաշտոնի: Օրինակ՝ Ներսես Երիցյանը կամ Վազգեն Խաչիկյանը:
– Երբ մենք համապատասխան կադրեր ենք նշանակում, դա չի նշանակում, որ նրա հնարավորությունները հարյուր տոկոսով հաշվարկված են: Աշխատանքի ընթացքում երեւում են նրա հնարավորությունները, եւ մեկ-երկու տարի հետո հասկանալի է դառնում, որ նրան պետք է տեղափոխել այլ տեղ: Սա մեր ծրագիրն առավելագույնս կատարելու համար ենք անում: Միաժամանակ ցանկացած երկրում, ցանկացած քաղաքական ուժ չի կարող հարյուր տոկոսանոց կադրեր տալ:
– Ն.Երիցյանի հնարավորություննե՞րն էլ հարյուր տոկոսով չէիք հաշվարկել:
– Այս աշխատանքի ընթացքում պարզվեց, որ Էկոնոմիկայի նախարարի տեղում ավելի լավ կաշխատի Տիգրան Դավթյանը: Ներսեսը կտեղափոխվի այլ տեղ, նրա հնարավորություններն արդեն գնահատված են, թե ինչ կարող է անել: Էկոնոմիկայի նախարարությունում նրա հնարավորությունները մի փոքր ցածր էին: Բայց մենք չենք ասում, թե Ներսեսը շատ վատ էր աշխատում, դրա համար էլ հանվեց:
– Ամիսներ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ: Նրա կարծիքը պաշտպանեց Ձեր կուսակից Վարդան Այվազյանը: Սակայն վերջինիս ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նկատողություն տվեցիք: Փաստորեն, պարզվում է, որ Վ.Այվազյանն այն ժամանակ ճիշտ էր, ՀՀԿ ԳՄ-ն էր սխալ:
– Մենք սխալ չէինք: Նկատողությունը եղել է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չպաշտպանելու համար, որովհետեւ Ներսեսը մեր կուսակցության նախարարն էր, եւ մենք պետք է պաշտպանեինք, եթե այլք ասել էին, թե իր տեղում չէ: Եթե ամեն անգամ մեկը մի բան ասի մամուլում, եւ մենք սկսենք մեր նախարարներին քարկոծել, ապա բոլորը կփախչեն:
– Բայց մեկ տարի հետո Դուք էլ եկաք այն եզրակացության, որ Ն.Երիցյանն իր տեղում չէ:
– Ինչ-որ ճշմարտություն կա դրա մեջ, բայց մենք չենք ասում, թե վատ է աշխատել, պարզապես այլ աշխատանքի են տեղափոխում: Ես այսօր պատգամավոր եմ, հնարավոր է՝ վաղը ինձ տեղափոխեն գործադիր: Ես բողոքներ չեմ ներկայացնի, կամ կողքից չպիտի գնահատեն, թե Զոհրաբյանը վատ պատգամավոր է: Իմիջիայլոց այդքան էլ լավ պատգամավոր չեմ: Օրենքներին խորությամբ չեմ մոտենում, ես կուսակցական գործիչ եմ: Եվ, ինչպես գրում եք, եթե հաջորդ ցուցակում չլինեմ, առանձնապես չեմ տխրի:
– Իսկ այս նոր նշանակումների դեպքում հնարավորությունները ճի՞շտ եք հաշվարկել, թե՞ նորից մի քանի ամիս հետո կարող է պարզվել, որ նրանք էլ իրենց տեղում չեն:
– Ընդհանուր առմամբ ճիշտ է, օրինակ, ֆինանսների նախարար է նշանակվում Վաչե Գաբրիելյանը, ով ֆինանսիստ է, բանկային համակարգում է աշխատել, արհեստավարժ գործիչ է: Մյուսների դեպքում էլ կարծեմ նույնն է: Ի վերջո, գնահատողներ կան, առաջին հերթին՝ նախագահն ու վարչապետը: Տիգրան Դավթյանն էլ ֆինանսների նախարարի պաշտոնում իրեն այնպես չէր դրսեւորում, ինչպես ՀՀԿ-ն կամ Ս.Սարգսյանը կցանկանար: Նա մասնագիտական առումով ավելի շատ էկոնոմիկայի ոլորտից է, այնտեղ ավելի հարմար է:
– Պարզվում է, որ ՀՀԿ-ի կառավարության մի քանի նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ իրենց տեղում չէին ու լավ չէին աշխատում: Սակայն կառավարության ղեկավարները վարչապետն ու ՀՀ նախագահն են: Միգուցե ՀՀ ղեկավարնե՞րն են վատ աշխատում:
– Նախագահի մասով կարող եմ ասել, որ ինքը ստացել է ընտրողների քվեների 52,8 տոկոսը: Եվ այս դեպքում ասել, թե ճիշտ չի աշխատել, նշանակում է՝ ընդունել, որ պետք է արտահերթ ընտրություն լինի: Հանրապետության նախագահն իր տեղում է, շատ ճիշտ էլ աշխատում է: Ես չասացի, թե անսխալական մարդիկ չկան, բայց այս պահին նորմալ է աշխատում, հասարակությունն էլ գոհ է: Եթե վարչապետը ճիշտ չաշխատի, բնականաբար, նրան էլ կփոխեն, բայց այս պահին նրա աշխատանքը բավարար, նորմալ ենք համարում:
– Արդյո՞ք այս պաշտոնանկություններն առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրությունների հետ կապ չունեն: Այսինքն՝ այդպիսով իշխանությունները փորձում են ավելի ամրապնդվել ու պատրաստվել այդ ընտրություններին:
– Քաղաքապետի փոփոխությունը մի պատճառ ուներ, նախարարների փոփոխությունը՝ մեկ այլ պատճառ, Վ.Խաչիկյանը լրիվ այլ խնդիր էր: Միաժամանակ` ինչո՞ւ ոչ, կարելի է նաեւ ասել՝ այո, ընտրություններ են լինելու, պետք է ծրագրերն ավարտին հասցնել: Մի տարին էլ բավականին մեծ ժամանակ է, ինչի ընթացքում կարելի է մեծ գործ անել: Այո, կարելի է նաեւ ասել, որ այս փոփոխություններով հարվածային ուղեծիր կմտնենք մինչեւ ընտրությունները:
– Իսկ այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը կարողացա՞վ իր կամ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնել: Որովհետեւ հեռուստատեսությամբ անընդհատ ռեպորտաժներ են ցուցադրվում այն մասին, որ հատկապես Երեւանի քաղաքապետի դեպքում քաղաքացիներն ասում են, թե նախագահը ճիշտ է արել:
– Նախագահի ռեյտինգն առանց այն էլ բարձր է՝ սկսած արտաքին քաղաքական դրսեւորումներից: Սա ասում է այն մասին, որ ՀՀԿ-ն իսկապես ունի այդ կադրերը:
– Որ այդքան կադրեր ունեք, ինչո՞ւ Ձեր կուսակիցներից չընտրեցիք քաղաքապետ:
– Իսկ ո՞վ ասաց որ Կարեն Կարապետյանը մեր կադրը չէ: Ընթացքում երեւի կկողմնորոշվի՝ մտնե՞լ կուսակցություն, թե՞ ոչ:
– Ճի՞շտ են կարծիքները, թե Կ.Կարապետյանի դեպքում Ռուսաստանի ճնշումն է դեր ունեցել:
– Ճնշում ասելը հարաբերական է: Նման ընտրովի մարմիններում միշտ ցուցակում մի քանի հոգի պահեստային թեկնածուներ կան: Մարդ ես, կյանք է, ամեն ինչ պատահում է: Եթե ղեկավարին փոխարինելու անհրաժեշտություն լինի, ցնցումներ չառաջանան: Կարծում եմ, որ Կ.Կարապետյանն այդ պահեստայիններից էր: Ո՞վ կարող էր մտածել, որ Բեգլարյան Գագիկի հետ նման միջադեպ կարող էր պատահել: Պետությունը նման ընտրովի մարմիններում պետք է ունենա իր պահեստային կադրերը, որոնք արագ կփոխարինեն: Ես չեմ ասում, թե Տարոնը հարմար տարբերակ չէր:
– Տ.Մարգարյանը ՀՀԿ անդամ էր, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձ ուներ, Երեւանի ավագանու ցուցակում Կ.Կարապետյանից էլ առաջ էր: Ինչո՞ւ նրա թեկնածությունը չընտրվեց:
– Տարոնը երիտասարդ, աշխատող կադր է, լավ իմիջ ունի: Նա դեռ կհասցնի քաղաքապետ դառնալ:
– Իսկ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կամ փոխատեղումներ սպասվո՞ւմ են:
– Այս պահին չկա, բայց հնարավոր է, որովհետեւ դեռ այդ պրոցեսի մեջ են:
– Դուք հայտարարել էիք, որ կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է հայտարարի, թե նախագահական ընտրություններում ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու: ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել այդ մասին: ՀՀԿ-ն դեռ ակնկալո՞ւմ է ԲՀԿ-ի պատասխանը, թե՞ այդ հարցը ժամանակավրեպ է:
– Դեռ նման սրացում չկա, որ նման պահանջ լինի: Առաջարկ է եղել, որպես ՀՀԿ փոխնախագահ՝ ես եմ հնչեցրել: Այդ առաջարկը ուժի մեջ է, ամեն օր չենք կրկնի: Նրանք էլ ասել են, թե կհայտարարեն ԱԺ ընտրություններից հետո: Ամեն դեպքում պրոցեսը գնում է, այս պահին այդ թեման շատ չենք թեժացնում: Ես կարծում եմ, որ այդ հարցում ինքնադրսեւորում կլինի, որովհետեւ ճշգրիտ հնարավոր չէ ասել, թե քաղաքական պայքարը որ պահին կսրանա կամ կթեժանա: Մենք նախագահ ընտրելու խնդիր ունենք եւ կողքից ուժեր ներգրավելու խնդիր չունենք, որովհետեւ մեր ուժերը բավարար են: Եթե կոալիցիայի որեւէ անդամ չի ցանկանում աջակցել կամ հետոների վրա է գցում, մենք չենք պարտադրում: Մենք կողմնորոշվել ենք մեր ունեցած ուժերի վրա: «Օրինաց Երկիրը» հայտարարել է, մենք կանք, կողքից էլի ուժեր կհայտնվեն: Մենք հաշվարկ կանենք մեզ վրա: Մենք ոչ թե պահանջում ենք, այլ ուզում ենք հաշվարկ անել, որովհետեւ նախագահի ընտրություններն ամենաբարդն են, եւ յուրաքանչյուր խումբ ձայնը կարեւոր է: Եվ հաշվարկ ենք անում, թե այս ուժը մե՞զ հետ է, թե՞ ոչ: Իսկ հիմա մենք ստիպված ենք հաշվարկ անել եղածով, ովքեր արդեն հայտարարել են: