Օրենքի խախտում չկա

18/12/2010

«168 Ժամի» խմբագրություն է դիմել Վանաձորի Բազումի 1, բնակարան 312-ի բնակչուհի Գոհար Ջիլավյանը: Նա վարձակալական հիմունքներով բնակվում է Վանաձորի «Լամպերի հանրակացարանում», սոցիալական ծանր պայմաններում: «Ամուսինս` Երգենյան Սանդրիկը, ծանր հաշմանդամ, սայլակավոր է: Նրա առողջական վիճակը շատ ծանր է: Նա պետք է վեց ամիսը մեկ անգամ ստանա «Սոլկոսերիլ» դեղամիջոցը, սակայն պոլիկլինիկայից չեն տրամադրում: Բայց չէ՞ որ նա հաշմանդամ է, եւ պարտավոր են անվճար տրամադրել դեղերը»,- ասաց Գ. Ջիլավյանը` մեզ խնդրելով ՀՀ Առողջապահության նախարարությունից (ԱՆ) պարզել դեղորայքը չտրամադրելու պատճառը: ԱՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը համապատասխան բաժնի հետ կապվելով՝ ճշտեց, որ «Սոլկոսերիլ» դեղամիջոցը գրանցված չէ հիմնական դեղերի ցանկում: «Օրենքի ոչ մի խախտում տեղի չի ունեցել, քանի որ ըստ օրենքի` այդ դեղամիջոցն ընդգրկված չէ անվճար տրամադրվող դեղերի ցանկում: Դա մոտավորապես 5000 դրամ արժողությամբ դեղ է, եւ տվյալ դեպքում՝ պոլիկլինիկան անօրինական գործողություն չի կատարել»,- ասաց Շ. Հունանյանը: