Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով հեղինակել է «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատությունը, հաճախ է հայտնվում մարդու իրավունքներին վերաբերող աղմկահարույց պատմություններում: Այս անգամ Ռոբերտսոնը բրիտանական եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է որպես «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի փաստաբան: Կիսատ թողնելով արձակուրդն Ավստրալիայում` ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար Ջեֆրի Ռոբերտսոնը վերադարձել է Լոնդոն` ներկայացնելու Ասսանժի շահերը երկրի բարձրագույն դատարանում: Հինգշաբթի օրը նա մյուս 2 փաստաբանների հետ միասին կարողացել է 250.000 ֆունտ ստեռլինգ գրավով ազատ արձակել Ջուլիան Ասսանժին, ով ձերբակալվել էր նախորդ շաբաթ` Շվեդիայում «բռնաբարություն եւ սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով»: «Wikileaks»-ի հիմնադիրն ազատ է արձակվել մինչեւ հունվար, երբ դատարանը կքննի Ասսանժին Շվեդիային հանձնելու հարցը: Դատարանից դուրս գալով` նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու հատկապես իր իրավաբաններին` արդյունավետ ու հաջող աշխատանքի համար: Ասսանժն ու Ռոբերտսոնը երկուսն էլ Ավստրալիայից են, ինչը դիտվում է որպես փաստաբանի ընտրության պատճառներից մեկը: Բրիտանական «The Guardian»-ը զարմանալի է համարել Ասսանժի իրավաբանական թիմի ընտրությունը, քանի որ 3 փաստաբաններից ոչ ոք կասկածյալների փոխանակման հարցի մասնագետ չէ: «Independent»-ը գրում է. «Ռոբերտսոնը բոլորի ճաշակով չէ: Պահպանողականները չեն համակրում նրա լիբերալ մոտեցումները: Կաթոլիկները բազմիցս բախվել են նրա հակապապական հայտարարություններին: 2006 թվականի «Հանցանքներ մարդկության դեմ» գրքում Ռոբերտսոնը խստորեն քննադատում է Ջորջ Բուշի քաղաքականությունն Իրաքում»: Այնուամենայնիվ, «Independent»-ի մեկնաբանմամբ` եթե որեւէ մեկը կարող է պաշտպանել Ասսանժին անօրինական հետապնդումից, դա Ջեֆրի Ռոբերտսոնն է: Նա Հայոց ցեղասպանության հարցով զբաղվել է երկար տարիներ, եւ 2009թ. Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով իրավաբանական կարծիք ու հետազոտություն է հրատարակել ցեղասպանության փաստի մասին: «Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ եւ հստակ գնահատական եմ տվել 1915թ. դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այդ փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել: Որքան ավելի շատ միջազգային իրավաբաններ ապացուցեն, որ իրավաբանորեն դա ցեղասպանություն էր, քաղաքական ղեկավարներն այնքան ավելի քիչ կընդդիմանան ցեղասպանության ընդունմանը»,- ասել էր Ռոբերտսոնն այս գարնանը: