Կադրային ջարդ չի լինի, բայց խաղի կանոններ կլինեն

18/12/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ՀայՌուսգազարդ» ընկերության այլեւս նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ Երեւանի ավագանու արտահերթ նիստում ընտրվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնում:

Երեկ ավագանու ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անդամները կազմ-պատրաստ սպասում էին Երեւանի քաղաքապետի քվեարկությանը: Ըստ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի` Երեւանի քաղաքապետը պետք է ունենա արդյունավետ փորձ, կազմակերպչական մեծ ունակություններ, տեսական եւ գործնական գիտելիքների հարուստ պաշար, մարդկային եւ բարոյական հատկանիշներ, բարի համբավ: «Այս հատկանիշներից յուրաքանչյուրի հետ կապված որեւէ մեկս որեւէ առարկություն չունենք: Այս կոնտեքստում եւ այս չափանիշներին համապատասխան՝ մեր խմբակցությունը քննարկումներից հետո եկավ եզրակացության, որ այդ բարձր պաշտոնի համար պետք է առաջադրվի Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանը»,- արտահերթ նիստի իր ելույթում նկատեց նա: Նա նաեւ խնդրեց ավագանու ԲՀԿ անդամներին պաշտպանել իրենց թեկնածուին եւ քվեարկել նրա օգտին: Արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ-ն առաջարկություններ չուներ: Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանի կարծիքով՝ նոր քաղաքապետի ընտրությամբ ավագանու անդամների աշխատանքը չի փոխվի: Քվեարկությանը ներկա էին ավագանու 51 անդամները՝ 34 ՀՀԿ-ական եւ 17 ԲՀԿ-ական: Մինչ քվեարկությունը սկսելը համերաշխ կուսակցականները միջանցքում աշխույժ զրուցում էին, ոմանք էլ ջերմորեն նայում էին Երեւանի նախկին քաղաքապետերի լուսանկարներին: «Էս մեկն էլ ոնց որ Ստալինի թոռը լինի…»,- Երեւանի նախկին քաղաքապետերից մեկի լուսանկարին նայելով՝ ասաց ավագանու երիտասարդ անդամը: Քվեարկությունից հետո ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը քվեաթերթերի արկղը բացեց ուղիղ միջանցքում: 50 «կողմ» եւ 1 «դեմ» ձայների արդյունքում ընտրվեց Կարեն Կարապետյանը: Մեկ «դեմ» ձայնը բոլորի զարմանքն առաջացրեց: «Ո՞նց կարող էր պատահել»,- այս բացականչություններից հետո խառնվեց անգամ հանձնաժողովի նախագահ Սուրեն Ներսիսյանը՝ ցուցադրելով քվեաթերթիկը: Զավեշտալին այն էր, որ ոմանք «դեմ» քվեարկողին պահանջեցին հանդես գալ եւ բացատրել, թե ինչպե՞ս է քվեարկել: Ինչեւէ, Երեւանի 53-րդ քաղաքապետն ընտրվեց: «Պետք է փորձենք քաղաքային կառավարման նոր, ժամանակակից համակարգ ստեղծել, ինչպես նաեւ ստեղծել բարենպաստ դաշտ` ներդրումներ իրականացնելու համար: Ուզում եմ ֆիքսել եւ խոստանալ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի Ձեր վստահությունն արդարացնեմ: Կարծում եմ՝ մենք ձեզ հետ համատեղ կարող ենք ֆիքսել խաղի կանոններ, որի դեպքում մեր աշխատանքը կլինի արդյունավետ»,- ասաց նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ վստահության համար շնորհակալություն հայտնելով Երեւանի ավագանու անդամներին, Հանրապետական կուսակցությանն ու ՀՀ նախագահին: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երեւանի բնակիչներին տրված երդմամբ:

Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին` Երեւանի ավագանու նիստում:

Երեկ ավագանու նիստի ավարտից հետո Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը համալրի ՀՀԿ շարքերը, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ես անկուսակցական եմ, համակրում եմ Հանրապետական կուսակցությանը, որոշումը, որ կհամալրեմ՝ չունեմ»: «Կադրային ջարդ, կադրային ցեղասպանություն անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ, լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ, ովքեր այդ պահանջներին բավարարելու են՝ մնալու են, ովքեր ոչ՝ գնալու են,- իր հետագա գործողությունների մասին հայտարարեց Կ. Կարապետյանը` ընդգծելով,- Պարզ է, որ ես «ՀայՌուսգազարդը» շատ եմ սիրում եւ համարում եմ մեր երկրի լավագույն ընկերություններից մեկը, բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ կարիք ունի ոլորտը փոխելու, թարմացնելու»: Կարապետյանը նշեց նաեւ, որ ինքը չէր սպասում իր թեկնածության առաջադրմանը: