Հայաստանում, արդեն մի քանի օր է, ժամանակն աշխատում է այլ արագությամբ: Այն, ինչ անհավանական նորություն էր հինգ րոպե առաջ, հինգ րոպե հետո դառնում է արդեն անհետաքրքիր, թարմությունը կորցրած տեղեկություն: Նոր պաշտոնանկությունների եւ նոր նշանակումների մասին լուրերն ինտերնետում հայտնվում են կայծակնային արագությամբ: Թվում էր` Երեւանի քաղաքապետի պաշտոնանկությունը, նոր քաղաքապետի նշանակումները գոնե մինչեւ երեկ կլինեին ներքաղաքական կարեւոր իրադարձություններից հիմնականը: Սակայն այսօր դա հնացած լուր է. այն, որ ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնին տեսնում էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը (եւ ավագանին դա երեկ հաստատեց), հայտնի էր Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից րոպեներ անց: Իսկ երբ քաղաքապետի պաշտոնանկությունը համընկավ արդարադատության նախարարի աշխատանքային թերացումների հետ, արդեն սկսեցին գրվել համակարգային փոփոխությունների, Հայաստանում կյանքը նոր` սպիտակ էջից սկսելու մասին առասպելները:
Երեկվա դրությամբ արդեն իր աշխատանքային գործունեությանը հրաժեշտ էր տվել ոչ միայն Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այլեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Լուրերի համաձայն` պաշտոնանկություն է սպասվում գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ, որ քիչ հավանական է թվում` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Սակայն սա էլ պաշտոնանկության ենթակա պաշտոնյաների ամբողջական ցանկը չէ. չմոռանանք, որ խոսքը «համակարգային լուրջ» փոփոխությունների մասին է: Ակնկալվում է, որ պաշտոնանկ կլինեն նաեւ որոշ մարզպետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոսվում է անգամ ԱԺ նախագահի պաշտոնանկության մասին` հիմք ընդունելով նաեւ այն, որ նա, արդեն որքան ժամանակ է, չի կրում հանրապետականներին զարդարող հիմնական աքսեսուարը` ՀՀԿ-ի կրծքանշանը: Ավելի համարձակները խոսում են ԱԺ-ն ցրելու հավանականության մասին: Միայն ի՞նչ արժե լուրը, թե իշխանական կոալիցիան պատրաստվում է լքել ԲՀԿ-ն։ Եվ որ շուտով, ուղղակի հաշված օրերի ընթացքում, հրաժարականներ կներկայացնեն ԲՀԿ-ն կառավարությունում ներկայացնող նախարարները, եւ ԲՀԿ-ն` որպես ընդդիմադիր ուժ, կսկսի հալածվել իշխանությունների կողմից:
Վերլուծաբանները կարծում են, որ իշխանություններն այսպիսով ամրանալու, զտվելու փորձ են անում: Կարճ ասած` նախապատրաստվում են մոտալուտ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Սակայն փոքրիկ մի ճշտում է անհրաժեշտ` ովքե՞ր են ընտրելու պատգամավորներին եւ երկրի նախագահին: Ո՞ւմ վրա է դրված այդ պարտականությունը: Ինչպես ընդունված է նման դեպքերում ասել` ժողովրդի: Ստացվում է, որ կադրային այս փոփոխություններն ուղղված են ժողովրդի՞ն: Նպատակ ունեն կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնել` հանուն հայ ժողովրդի կյանքի բարելավմա՞ն, արդարության վերականգնմա՞ն, գնաճը զսպելո՞ւն: Եվ մի՞թե մարդիկ, ընտրողները կադրային այս փոփոխություններն ընկալում են որպես իշխանությունների` ժողովրդի վստահությանն արժանանալու ուղերձ, քայլ:
Ամեն դեպքում, հասարակության զգալի մասն այս իրադարձություններին` սկսած Երեւանի քաղաքապետի փոփոխությունից` մինչեւ կադրային մյուս փոփոխություններ, հետեւում է բացարձակապես սպորտային հետաքրքրությունից ելնելով: Եվ դրա համար բոլոր հիմքերը կան. մինչ օրս որեւէ նախադեպ չի եղել, երբ կադրային որեւէ փոփոխություն ազդի ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա: Այնպես որ, ակնհայտ է մեկ բան` կադրային այս տեղափոխություններն անհրաժեշտ են բացառապես իշխանություններին, ուղղված են ներիշխանական խնդիրների լուծմանը եւ ոչ մի դեպքում ընդհանրություն չունեն ժողովրդի հետաքրքրությունների հետ: Հակառակ դեպքում` եթե հասարակության կարծիքն առհասարակ որեւէ նշանակություն ունենար, հասարակությունն ընկալվեր որպես ընտրությունների արդյունքների վրա ազդող գործիք, հինգշաբթի տեղի չէր ունենա այն, ինչ սպասվում էր:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ` «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզին», իսկ «ԱԼՄ»-ն` «Երեւան» հեռուստաընկերությանը: Թեեւ «Երեւան» հեռուստաընկերության ներկայությունը եթերում որքան անհասկանալի, նույնքան էլ անհետաքրքիր է: Բովանդակությունից զուրկ են եւ ակնհայտորեն կոմերցիոն նպատակներ ունեն նաեւ «Արմնյուզի» լրատվական հաղորդումները, որոնք պարբերաբար խանգարում են դիտել «Եվրոնյուզի» լուրերը: Եվ ո՞ւմ են հիմարի տեղ դնում ՀՌԱՀ-ի անդամները: Հասարակությա՛նը: Միեւնույն է, այն մարդիկ, ովքեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն ունեն, երբեք չեն միացնի «Արմնյուզի» լրատվությունը, երբեք եւ կյանքի ոչ մի պարագայում չեն միացնի «Երեւան»: Եվ անգամ «Հայլուր»: Առհասարակ, մաքուր եւ ճշմարտությանը մոտ լրատվություն Հայաստանում գտնելը բարդ է, բայց ոչ անհնար: Ինտերնետային կայքերն այդ հնարավորությունը մասամբ ընձեռում են:
Ամեն դեպքում, Տիգրան Կարապետյանի ամենօրյա երկարաշունչ ելույթները անհամեմատ բովանդակալի են, քան «Երեւան» հեռուստաընկերության եւ «Արմնյուզի» հեղինակային հաղորդումները` միասին վերցրած եւ բազմապատկած:
Սակայն պրոֆեսիոնալ ազնվություն փնտրել ՀՌԱՀ-ի գործողություններում իմաստ չունի: Ակնհայտ է, որ որքան էլ միջազգային իրավապաշտպան կառույցները կոշտ գնահատականներ տան «Ա1+»-ին եթեր չտրամադրելուն, որքան էլ այդ մասին գրեն տեղական թերթերը, ոչինչ չի փոխվի: Չի փոխվի, քանի որ Հայաստանում ոչինչ չի արվում դրական փոփոխությունների համար: Հեռուստաընկերություններն այսուհետ եւս յուրաքանչյուրն` առանձին, բոլորը միասին վերահսկվելու են նախագահականում իրենց բարձր ինտելեկտուալներ համարող երիտասարդների կողմից, ովքեր Գրիգոր Ամալյանից կամ Գալուստ Սահակյանից իրենց մտածողությամբ չեն տարբերվում: Եթե տարբերվում էլ են, ապա ընդամենը սանրվածքով:
Երկու շաբաթից արդեն Նոր տարի է. բոլորը զբաղված կլինեն ամանորյա նախապատրաստություններով: Եվ արդեն քչերը կհիշեն, որ անցնող տարում տեղի ունեցան ինչ-որ կարեւոր, անասելի կարեւոր կադրային փոփոխություններ: